Մատչելիության հղումներ

Ղարաբաղյան պատերազմի մասնակիցները շարունակում են բարձրաձայնել իրենց խնդիրների մասին: Նրանք կրկին Ազատության հրապարակում են, հուլիսի 13-ից շուրջօրյա նստացույց են անում, իսկ պահեստազորի փոխգնդապետ Խաչիկ Ավետիսյանը արդեն 5-րդ օրն է հացադուլ է հայտարարել:

Ավետիսյանը ասում է, որ իր բարոյական աջակցությունն է ցուցաբերում իր ընկեր ազատամարտիկներին: Թե երբ կդադարեցնի հացադուլը, չի ասում: Այդ մասին, նաև այլ պահանջների վերաբերյալ նա խոստանում է խոսել այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Կանեմ հայտարարություն, թե ինչի համար եմ ես հացադուլ անում և ինչքան ժամանակով, ինչ պահանջներ եմ ներկայացնելու և ում եմ ներկայացնելու: Իմ պահանջից հետո ես կտամ 10 օր ժամանակ, երբ որ կկատարվի, ես դուրս կգամ հացադուլից: 10 օր հետո չկատարվեց, նորից 10 օր ժամանակ կտամ, նորից ու նորից», - ասաց Ավետիսյանը:

Նստացույցի մեկ այլ մասնակից` Արտաշես Ալեքսանյանն ասում է, որ ազատամարտիկների սոցիալական վիճակի բարելավման և մասնավորապես կենսաթոշակների բարձրացման վերաբերյալ իրենց պահանջները անտեսվում են:

«Վարչապետը վերցրել է պահանջները, դրել է բարձի տակ, ու բացարձակ արհամարհած ունի: Իրեն պետք չեն այն մարդիկ, ովքեր արյուն են թափել երկրի համար», - ասաց Ալեքսանյանը:

Հիշեցնենք, Ղարաբաղյան պատերազմի մասնակիցները սկսեցին բարձրաձայնել իրենց խնդիրների մասին մոտ երկու ամիս առաջ, երբ պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը Ազատության հրապարակում նստացույց սկսեց` պահանջելով, որ պետությունը ուշադրություն դարձնի ազատամարտիկների կենսաթոշակի հարցին: Նստացույցի ընթացքում Ազատության հրապարակում տասնյակ դժգոհ ազատամարտիկներ հայտնվեցին: Նրանք նշում են, որ սոցիալապես շատ վատ վիճակում են հայտնվել շուրջ 3000 ազատամարտիկներ՝ իրենց ընտանիքներով: Նրանք նաև ասում են, որ այս վիճակը վատ օրինակ կարող է ծառայել երիտասարդների համար․ -«Վաղը եթե պատերազմը լինի, երիտասարդները էսքանը տեսնելով կգնա՞ն․․․ Չեն գնա»:

Նստացույցի մասնակիցները հայտարարում են, որ շարունակելու են պայքարն այնքան ժամանակ, քանի դեռ չեն բավարարվել իրենց պահանջները: Նրանք այսօր երեկոյան ժամը 6-ին կքննարկեն իրենց հետագա քայլերը:
XS
SM
MD
LG