Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը կոչ է անում Ադրբեջանին բարելավել քաղաքական միջավայրը


Բողոքի ակցիա Բաքվում, արխիվ
Բողոքի ակցիա Բաքվում, արխիվ
Պաշտոնական Վաշինգտոնը հայտարարում է, որ աշնանն Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններից առաջ մարդու իրավունքների պաշտպանության վիճակն էլ ավելի է վատացել:

ԱՄՆ-ը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին տեսանելի քայլեր ձեռնարկել երկրում քաղաքական միջավայրը բարելավելու համար: Այդ մասին երեկ հայտարարել են պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաները Վաշինգտոնում՝ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովում կազմակերպված քննարկման ժամանակ: Քննարկումն ինքնին բավական խոսուն վերնագիր ուներ, և բնորոշում էր Ադրբեջանը որպես Միացյալ Նահանգների «խնդրահարույց գործընկեր, որտեղ ավտորիտարիզմը գնալով աճ է արձանագրում»:

«Դժբախտաբար, քաղաքական միջավայրը Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության և հիմնարար ազատությունների առումով անցած տարվա նոյեմբերից վատթարացել է, այն բանից հետո, երբ Միլի Մեջլիսը օրենսդրական փոփոխություններ ընդունեց, որոնք էականորեն ավելացրեցին չարտոնված ցույցերին մասնակցելու համար սահմանված տուրքերը»,- հայտարարեց Պետդեպարտամենտի ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով փոխպետքարտուղար Թոմաս Մելիան՝ հավելելով, որ այս տարվա ընթացքում ևս մարդու իրավունքները սահմանափակող այդօրինակ մի շարք քայլեր ձեռնարկվեցին, այդ թվում՝ ավելացավ խաղաղ ցույցերին մասնակցելու համար ազատազրկվածների թիվը, Բաքվում հանրահավաքները ցրելու համար ջրցան մեքենաների օգտագործումն ու հասարակական կազմակերպությունների ֆինանսավորումը կարգավորող օրենքների էլ ավելի խստացումը:

«Ադրբեջանն այժմ գտնվում է խաչմերուկում․ մի ճանապարհը տանում է առաջ դեպի ժողովրդավարություն և ժողովրդի տնտեսական բարգավաճում, մյուսը՝ դեպի ավտորիտարիզմ, կոռուպցիա ու տնտեսական լճացում»,- փաստեց Հելսինկյան հանձնաժողովում պետդեպարտամենտի ավագ խորհրդական Փոլ Քարթերը՝ ընդգծելով, որ առաջիկա ընտրությունները կարևոր հնարավորություն են, որպեսզի Ադրբեջանը «ընտրություն կատարի այդ երկու ճանապարհների միջև»:

«Մենք մտահոգված ենք, որ ազատ և արդար նախագահական ընտրություններ անցկացնելու հնարավորությունները չեն բարելավվել և իրականում հնարավոր է՝ էականորեն ետընթաց են ապրել»,- ասաց Քարթերը:

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները ևս մեկ անգամ հիշեցրին, որ ազատ ընտրությունները միայն քվեարկությամբ չեն որոշվում, այլ նաև մինչ այդ ժամանակահատվածն ընկած գործընթացներով:

«Բոլոր թեկնածուները պետք է հնարավորություն ունենան ազատորեն քարոզարշավ իրականացնել և իրենց ծրագրերը ներկայացնել՝ առանց մտավախության, որ կենթարկվեն քրեական հետապնդման կամ ազատազրկման»,- հայտարարել է ավագ խորհրդական Փոլ Քարթերը:

Հիշեցնենք, Ադրբեջանի ընդդիմության միասնական թեկնածուն՝ հայտնի ռեժիսոր Ռուստամ Իբրահիմբեկովը Իլհամ Ալիևին ձեռնոց նետելուց ի վեր Բաքվում չի եղել և պարբերաբար հայտարարում է, թե հայրենիք վերադառնալուն պես իրեն կարող են ձերբակալել:

Ու չնայած ժողովրդավարության վիճակը բարելավելու վերաբերյալ Վաշինգտոնի կոչերին, քննարկման ժամանակ Ադրբեջանի կառավարությունը ներկայացնող պատվիրակության ղեկավար, պատգամավոր Սամեդ Սեիդովը բացահայտ ակնարկեց, թե Իբրահիմբեկովի թեկնածությունը կարող է ընդհանրապես չգրանցվել նրա՝ Ռուսաստանի քաղաքացի լինելու պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG