Մատչելիության հղումներ

Հանրապետական Գալուստ Սահակյանը պաշտոնական Երևանի օրինակով չի շտապում գնահատականներ տալ Հրաչյա Հարությունյանի նկատմամբ ռուս իրավապահների դրսևորած վերաբերմունքին:

Բժշկական միջամտությամբ շոկային իրավիճակից հայ վարորդին հանելը, խալաթով և հողաթափերով դատարանի դահլիճ բերելն ու տեսախցիկների առաջ կանգնեցնելն էլ իշխող ուժի ներկայացուցչին չեն ստիպի դա անել:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Սահակյանն ասաց՝ հասարակությունը միտումնավոր է գնահատում Հրաչյա Հարությունյանին դատարան նման տեսքով բերելը, բայց ինքը չի ուզում շտապել, պետք է լսել նաև ռուսական կողմին:

«Իշխանությունները ճիշտ են վերաբերվում: Բոլոր հանգամանքները պիտի ուսումնասիրել, պարզել, թե ինչպես է եղել և ինչու հանկարծ Ռուսաստանում վարտիքներ չճարվեցին և խալաթներով մեր ազգի ներկայացուցչին տանում են դատարան», - նշեց Սահակյանը:

Իհարկե, կարող էին չտանել դատարան, չնվաստացնել մարդուն, ով հանցանք էր գործել և դրա համար պետք է պատժվեր, ասաց Սահակյանը, ու դա վարկաբեկում է ռուսներին, բայց պետական միտումնավորություն պատգամավորն այս արարքում չի տեսնում:

Սահակյանի կարծիքը չի կիսում ընդդիմադիր «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը: Իշխանությունները պատշաճ պետք է արձագանքեն, Ռուսաստանի հայկական համայնքն էլ պահանջատեր պետք է լինի, եթե ոչ՝ վաղը նման դեպքերը սովորական կարող են դառնալ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Փոստանջյանը, ով համոզված է՝ Հարությունյանի հետ կատարվածը պետական մոտեցում էր:

Զարուհի Փոստանջյան

Զարուհի Փոստանջյան

«Պիտի կարողանան ռուս մտավորականները ըստ արժանվույն գնահատականներ տալ, թե չէ մեր մոտի այդ գնահատականները, դրանից բան դուրս չի գա», - հակադարձում է հանրապետական Գալուստ Սահակյանը: Թթու խոսքը պետք է արդյունք ունենա, կարծում է Սահակյանը, իշխանություններն էլ, ասում է, կգնան վճռական քայլի: Արտգործնախարարը հանկարծ չի կանգնի և դատապարտի տեղի ունեցածը, այլ կանի ամեն ինչ, որ բացահայտումը արդարացի լուծում ստանա և Հարությունյանը պատիժը դրա նշանակման դեպքում կրի Հայաստանում եւ հայ-ռուսական հարաբերություններն էլ չեն տուժի այս միջադեպից, համոզված է նա․ - «Այստեղ պահանջելու խնդիր չկա: Այստեղ մեկ ավելի ուժեղ խնդիր կա, որ ամբողջ ժողովուրդը գնալով կկանգնի Հրաչի թիկունքին»:

«Շատ ցավալի է, որ ռուսական լրատվամիջոցները լռում են իրենց ներքին խնդիրների մասին՝ թե ինչո՞ւ էր Հրաչյա Հարությունյանը ստիպված վարել անսարք մեքենա եւ ո՞վ է դրա պատասխանատուն», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նկատեց Զարուհի Փոստանջյանը: Ըստ նախկին փաստաբանի, դա համատարած կոռումպացվածության, անօրինության մասին է խոսում, երբ իրավիճակը ձեռնտու է գործատուին: Փոստանջյանն ասում է՝ Հայաստանը պետք է անի ամեն ինչ, որ մասնակցի պաշտպանական գործընթացին․ - «Այս պահի դրությամբ չունենք փորձագիտական տվյալներ, չունենք ավարտված նախաքննություն: Այս պահի դրությամբ մեր քաղաքացին անմեղ է, այս պահի դրությամբ մեր քաղաքացին ունի պաշտպանության կարիք եւ Հայաստանի Հանրապետության իշխանությունները պարտավոր են տրամադրել այդ պաշտպանությունը»:

Հրաչյա Հարությունյանի դուստրը՝ Լիլիթ Հարությունյանը, լրագրողների հետ զրույցում այսօր խնդրել էր օգնել, անել հնարավորը, որ հայրը պատիժն իր երկրում կրի: Արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Կարինե Քալանթարյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ նման հարց այժմ չի քննարկվում․ գոյություն ունի անմեղության կանխավարկած: Ըստ Կարինե Քալանթարյանի, հարցին հնարավոր է անդրադառնալ միայն ուժի մեջ մտած դատավճռից հետո:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG