Մատչելիության հղումներ

logo-print

Գաղտնազերծված զեկույցում հայերը «Թուրքիայի թշնամիներ» են ներկայացվում


Գեներալ Քենան Էվրեն

Գեներալ Քենան Էվրեն

Թուրքիայի ամենաազատական պարբերականներից մեկը` Radikal-ը, օրերս գաղտնազերծել է ավելի քան 30 տարի առաջ պատրաստված պաշտոնական մի փաստաթուղթ, որում հայերը բնութագրվում են որպես «թուրքական պետության թշնամիներ»:

Խոսքը 1980 թվականի սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից մի քանի շաբաթ առաջ բարձրագույն հրամանատարական կազմի համար կազմված մի զեկույց մասին է, որ նվիրված է երկրում բնակվող ազգային փոքրամասնություններին: Զեկույցի հեղինակն է թուրքական բանակի գլխավոր շտաբի այն ժամանակվա ղեկավար, հետագայում երկրի նախագահ ընտրված գեներալ Քենան Էվրենը: Փաստաթղթից որոշ հատվածներ է մեջբերում նաև Լոս Անջելեսում լույս տեսնող «Ասպարեզ»-ը՝ արձանագրելով, որ Էվրենի զեկույցի հիմնական նպատակներից մեկը Հայոց ցեղասպանության ժխտումն ու հայերի կոտորածների արդարացումն էր:

«Օսմանյան կայսրությունը Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում հայտնվեց բավական ծանր կացության մեջ: Պատճառը հայերի դավաճանությունն էր և նրանց կողմից վարվող շարունակական հանցավոր գործունեությունը: Այդ իսկ պատճառով հայերին ռազմական գործողությունների գոտուց տարհանելը խիստ անհրաժեշտ էր: Տեղի ունեցածը արդարացված էր և օրինական՝ իրականացված այդ ժամանակաշրջանում տիրող պայմաններին համապատասխան: Հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ այս ամենը կատարվել է թուրքերին պատկանող օսմանյան տարածքներում»,- իր գաղտնի զեկույցում գրել է գեներալ Էվրենը:

Անդրադառնալով 1915 թվականի զոհերի թվաքանակի շուրջ վեճերին՝ թուրքական բանակի հրամանատար է նշել է․-«1.5 միլիոն զոհերի մասին պնդումները սուտ են: Հայերի շրջանում զոհերի իրական թիվը տատանվում է 50 հազարից 100 հազարի միջև: Թուրքական կողմի կրած կորուստները շատ ավելի դաժան էին»:

Դիմելով ենթականերին` Քենան Էվրենը նաև զուգահեռներ է անցկացնում 20-րդ դարասկզբի և զեկույցը կազմելու ժամանակաշրջանի՝ 1980 թվականին ծավալված իրադարձությունների միջև:

«Հայերն այդպես էլ չհասկացան, որ իրենց նախնիները զոհվել են եվրոպական [պետությունների] քաղաքականության պատճառով: Այսօր ևս նրանք կարող են հայտնվել զոհի կարգավիճակում՝ ներգրավվելով ժամանակակից Թուրքիայում ծավալված իրադարձություններին»,- 1980 թվականի ամռանը գրում էր երկրի Զինված ուժերի գլխավոր հրամանատարը՝ ակնարկելով մասնավորաբար 70-ականների կեսերից թուրքական շահերի դեմ գործող հայկական զինված կառույցների գործունեությանը: Էվրենը մատնանշում է հայկական խմբավորումների կապը պաղեստինցիների և քրդերի հետ:

Խոսելով Թուրքիայի հայության մասին՝ գեներալ Էվրենը քննադատության մի իսկական տարափ է տեղում Պոլսի հայոց պատրիարքարանի հասցեին: Պատճառը հայ հոգևորականների՝ Արևելյան Անատոլիայում ծավալած գործունեությունն է, որը փաստորեն կանխել է Ցեղասպանությունից հետո այս տարածքներում դեռևս բնակվող սակավաթիվ հայերի ձուլման ու կրոնափոխության գործընթացը:

«1967 թվականից ի վեր Արևելյան Անատոլիայում բնակվող հայերը սկսել են տեղափոխվել Ստամբուլ: Անապհով հայ ընտանիքների երեխաները սկսում են ուսումնառությունը Ստամբուլի հայկական երկու դպրոցներում՝ «Արամյան-Օյունջյան» և «Անաղարտ հղիության» վարժարաններում: Ստեղծված իրավիճակում` Պոլսի հայոց պատրիարքարանը օգտվում է իրադրությունից, մասնավորաբար, համոզելով երեխաներին կրկին հայկական անուններն ընդունել»,- գրում է Էվրենը:

Թուրք վերլուծաբանների համոզմամբ՝ 1980 թվականին գրված այս զեկույցն մեկն է փաստաթղթերի այն շարքից, որոնք գալիս էին նախապատրաստելու երկրի զինվորականությանը սեպտեմբերի 12-ի հեղաշրջմանը: Դրա արդյունքում երկրում արգելվեց քաղաքական բոլոր կուսակցությունների գործունեությունը, 650 հազար մարդ ձերբակալվեց, նրանցից 517-ին դատապարտեցին մահվան: Միայն 1982 թվականին, երբ ընդունվեց նոր Սահմանադրությունը, Թուրքիայում մասամբ վերականգնվեցին քաղաքացիական ազատությունները: Ինքը գեներալ Էվրենը Թուրքիայի նախագահի պաշտոնը զբաղեցրեց մինչև 1989 թվականի աշունը՝ հետագայում իշխանությունը փոխանցելով Թուրգութ Օզալին:
XS
SM
MD
LG