Մատչելիության հղումներ

logo-print

«Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության մեքենան, որը տրամադրվել է քաղաքապետարանի կողմից, դեռ ԳԱԶ-3110 է», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը:

Հիշեցնենք, որ ավագանու մյուս երկու խմբակցություններին՝ ՀՀԿ-ին ու ԲՀԿ-ին Երեւանի քաղաքապետարանը տրամադրել էր Hyundai Sonata մակնիշի մեքենաներ: Սա «Բարև Երեւանը» որակել էր որպես խտրական մոտեցում իրենց նկատմամբ:

«Երեւանի քաղաքապետարանի կայքում կա հայտարարություն 2007 թվականի արտադրության Volkswagen Touareg ավտոմեքենան աճուրդով վաճառելու մասին: Ուրեմն մեզ տալիս են 2003 թվականի այդ մեքենան, 2007 թվականի Volkswagen Touareg-ը աճուրդի են հանել: Մենք առաջարկում ենք, որ պատրաստ ենք քննարկելու այդ մեքենան մեզ տրամադրելու հարցը: Թող մեզ տրամադրածը վաճառեն», - ասաց Անահիտ Բախշյանը:

Քաղաքապետարանի հասարակայնության և տեղեկատվության կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը փոխանցեց, որ դիմումը կքննարկեն համապատասխան օղակները՝ հավելելով, որ «Բարգավաճ Հայաստան»-ի եւ ՀՀԿ-ի խմբակցությունները շարունակում են օգտագործել դեռ 2009 թվականից իրենց տրամադրված մեքենաները և որևէ միտում «Բարև Երևան»-ին այլ մեքենա տրամադրելու մեջ չկա:

«Այդ ԳԱԶ-3110 ևս գործող նորմալ վիճակում է, և մենք այս տարվա բյուջեով չենք նախատեսել նոր մեքենայի ձեռքբերում», - ասաց Արթուր Գեւորգյանը:

Այն, որ ավագանու անդամներն իրենց գործունեությունը իրականացում են հասարակական հիմունքներով ևս միտում ունի․ ըստ Բախշյանի, դա շատ աշխատատար և ժամանակատար աշխատանք է, և քանի որ կատարվում է ավագանու անդամի հիմնական աշխատանքին զուգահեռ, հնարավոր չէ ամբողջ ժամանակը և ուժերը տրամադրել միայն ավագանու գործունեությանը: Սա արդեն օրենքի բացթողումն է և «Բարև Երևան»-ի խմբակցության ղեկավարի պնդմամբ, այն պետք է վերանայել, որպեսզի ավագանին սկսի «պրոֆեսիոնալ աշխատել»:

Ամեն դեպքում Անահիտ Բախշյանը ժամանակ գտել է անցնելու Երևանի Արշակունյաց և Բագրատունյաց փողոցներով, որոնք քաղաքապետի որոշմամբ ասֆալտապատվում են․ - «Չեմ ասի, որ շքեղ ասֆալտ էր, բայց փոսեր չկային: Ի՞նչը պիտի ասֆալտեին, երբ Երևանում շատ փողոցներ կան, որոնք և՛ փոսեր, և՛ ճաքեր ունեն: Հասցեներ եմ տվել քաղաքապետին, որտեղ ժողովուրդը խնդրում է, որ փողոցները ասֆալտապատեն: Այսինքն, դրամ են դնում և գործող ասֆալտի վրա նորից ասֆալտապատում անում: Սա անարդյունավետ ծախս է», - նշեց Անահիտ Բախշյանը:

Այս հարցին քաղաքապետարանից առայժմ չարձագանքեցին:
XS
SM
MD
LG