Մատչելիության հղումներ

Հուլիսի 17-ի մամուլ


«Ժամանակ» օրաթերթը, ընդգծելով, որ հայաստանցի վարորդ Հրաչյա Հարությունյանի հանդեպ ռուս իրավապահների ցուցաբերած պահվածքը իսկական փոթորիկ է առաջացրել հայաստանյան հասարակության մեջ, գրում է․ - «Հայաստանի հասարակությանը փոթորկած զգացումը ամենևին էլ հայաստանցի վարորդին արդարացնելը չէ: Դա արժանապատվության զգացումն է: Կարևոր է ընդգծել, որ դեպքի կամ վարմունքի առիթով Հայաստանում հակառուսականություն չկա, Հայաստանում կա բողոք Ռուսաստանում դրսևորված հակահայկականության դեմ»:

«Ծաղկավոր խալաթ Հայաստանի իշխանությանը» վերնագրի ներքո «Հայկական ժամանակ»֊ը գրում է․ - «Հայաստանի քաղաքացու հանդեպ նման ստորացուցիչ վերաբերմունքը իրականում ապտակ է Հայաստանին, Հայաստանի իշխանություններին, մեր պետությանը, ազգային արժանապատվությանը: Իրենից քիչ թե շատ բան ներկայացնող որևէ պետության քաղաքացու հանդեպ այսպես չէին վարվի: Այսպես կարող են վարվել միայն ֆորպոստի ներկայացուցչի հանդեպ, այն երկրի քաղաքացու, որի իշխանության համար մարդը արժեք չէ»:

Նույն թեմային է անդրադառնում «Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը․ - «Ինձ, ճիշտն ասած, այստեղ ոչ այնքան խալաթն է անհանգստացնում, որքան այն, ինչ արդեն նկատել է գործընկերներիցս մեկը. ակնհայտորեն շոկի մեջ գտնվող, վնասվածքներ ստացած կասկածյալին ինչ-որ դեղեր են ներարկում և քարշ են տալիս դատարան: Արդյոք նա կարո՞ղ է նման վիճակում դատարանում ադեկվատ վարք դրսևորել: Ապահովվե՞լ է արդյոք նրա պաշտպանվելու իրավունքը: Այս վերաբերմունքը չի՞ վկայում արդյոք, որ նախաքննությունը փնտրում է միայն մեկ մեղավորի, որի վրա կբարդի ողջ մեղքը: Ահա թե ինչի համար է պետք մեր դեսպանատան և հայ համայնքի ակտիվ միջամտությունը, որը առայժմ չի նկատվում»:

«Ժամանակ»-ը, անդրադառնալով հարցին, թե ինչու Մոսկվայում Հայաստանի դեսպանությունը քայլեր չի ձեռնարկել Հայաստանի քաղաքացու իրավունքների պաշտպանության և նրան նվաստացումից զերծ պահելու ուղղությամբ, գրում է․ - «Թե ինչու են արտերկրում Հայաստանի դեսպանները վերածվել դիտորդի՝ դժվար է ասել: Միգուցե դիվանագիտությամբ զբաղվելու ազատ ժամանակն է քիչ՝ հազար ու մի այլ գործ կա՝ բիզնեսից մինչև ճանապարհորդություն տվյալ երկրով: Դեսպանի աշխատանքն այսօր կա, վաղը չկա, ուրեմն ինչո՞ւ չօգտագործել առիթը՝ հարմար գործ անելու և աշխարհ տեսնելու համար: Առավել ևս, որ պաշտոնական Երևանից առանձնապես պահանջներ էլ չկան»:

Թեման շարունակում է «Ժողովուրդ» օրաթերթը․ - «Հրաչյա Հարությունյանի նկատմամբ նսեմացուցիչ պահվածքը երևան հանեց նաև այն թշվառ պատկերը, որ այսօր առկա է հայ-ռուսական հարաբերություններում: Հայ տղամարդուն կանացի խալաթ հագցրած և նրա մարդկային ողբերգությունը ծաղրուծանակի առարկա դարձրած ռուսական լրատվամիջոցները երեք օր շարունակ սրտների ուզածն էին ասում հայ վարորդների մասին՝ համապետական լրատվական դաշտը հեղեղելով հակահայկական շովինիստական քարոզչությամբ: Սակայն այդ ընթացքում Հայաստանի պատկան մարմիններից որևէ մեկը ծպտուն անգամ չհանեց: Վթարից չորս օր անց միայն, այն էլ՝ հայկական լրատվամիջոցների բարձրացրած աղմուկի արդյունքում Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը քնից արթնացավ ու որոշեց զբաղվել վարորդի ճակատագրով՝ հանդիպելով ռուս ոստիկանների հետ: Իսկ ո՞ւր էին դեսպանատան աշխատակիցները, երբ ՀՀ քաղաքացուն իբր հագուստի բացակայության պատճառով կանացի խալաթ էին հագցնում, երբ նրան հետվնասվածքային շոկից ստիպողաբար դեղերով արթնացնում էին՝ թքած ունենալով, թե դա ինչպես կանդրադառնա վերջինիս առողջության վրա»:

«Հայկական ժամանակ»-ը խմբագրական անդրադառնալով Պետեկամուտների կոմիտեի ղեկավար կազմի հետ Սերժ Սարգսյանի հանդիպմանն ու նրա հնչեցրած գնահատականներին՝ նկատում է, որ երկրի ղեկավարը հարկային մարմինների մասին նույնիսկ մեղմ քննադատություն չի հնչեցրել․ - «Ահա այսպիսի փաղաքշական, կարելի է ասել, հայրական մոտեցում Հարկայինի նկատմամբ: Ու ամենաէականն այն է, որ նրա կողքին այդ պահին նստած է Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը: Հիմա ի՞նչ են հասկանում այս ամենից մեր գործարարները, որոնք ամեն օր շփվում են Հարկայինի հետ, որոնք չափազանց լավ գիտեն Գագիկ Խաչատրյանին, գիտեն, թե ինչ բիզնեսներ ունի նա և նրա ընտանիքն ու հարազատները: Գիտեն ինչպես է նա կուտակել իր, մեղմ ասած, հարստությունը: Այս ամենից հասկանում են, որ Սերժ Սարգսյանի համար Գագիկ Խաչատրյանն անփոխարինելի է: Հասկանում են, որ այսուհետ, ինչպես նախկինում, Հայաստանում խրախուսվելու են օլիգարխները, իսկ անտեր գործարարները շարունակելու են «կթվել»: Ու ի՞նչ է ստացվում արդյունքում: Որևէ գործարար կարո՞ղ է այսքանից հետո հույս ունենալ, որ ինչ-որ բան կփոխվի Հայաստանում: Իհարկե՝ ոչ: Որտեղ չկա փոփոխության հույս, այնտեղ կա «գաղջ մթնոլորտ»: Ստացվեց, որ երեկ Սերժ Սարգսյանը նպաստեց, որպեսզի Հայաստանում խորանա «գաղջ մթնոլորտը»»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG