Մատչելիության հղումներ

Բժշկի ցուցմունքը կարող է մեղադրանքը խստացնելու հիմք դառնալ


«Հարսնաքարի» գործով այսօրվա դատական նիստին որպես վկա հրավիրված բժշկական գիտությունների թեկնածու Արման Հակոբյանը պնդեց, որ Վահե Ավետյանին մահացու վնասվածք է հասցվել հենց ռեստորանում տեղի ունեցած ծեծկռտուքի պահին:

Զինվորական հոսպիտալի նեյրովիրաբուժական բաժանմունքի պետ, բժշկական գիտությունների թեկնածու Արման Հակոբյանը այսօր Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանում հայտարարեց, որ ռազմական բժիշկ Վահե Ավետյանը անցյալ տարվա հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած ծեծի հետևանքով ստացել է գլխուղեղի մահ:

Բժիշկը վերահաստատեց նաև, որ նման վնասվածքից ապաքինվելն անհնար է:

«Մի կիսագունդը այնքան էր այտուցված, որ ներհրվել էր մյուս կիսագնդի մեջ 4 սանտիմետրով», - մանրամասնեց մասնագետը:

Պատասխանելով ամբաստանյալների պաշտպանների հարցերին՝ բժիշկ Հակոբյանն ասաց, որ Վահե Ավետյանի վիճակը վկայում է, որ նա ստացել է շատ ուժեղ հարված:

Բժիշկը նաեւ բացառեց ամբաստանյալների պաշտպանների հարցերում հնչող տեսակետը, թե հնարավոր է, որ Վահե Ավետյանը նման վնասվածք ստացած լիներ՝ ամբողջ հասակով գետնին ընկելու հետեւանքով:

«Դա արագությամբ հասցված հարված է: Միայն այդ պարագայում, այդ կինետիկ ուժի շնորհիվ, կարող էր նման այտուց տեղի ունենալ», - ասաց Արման Հակոբյանը:

Դատական նիստից հետո տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ բժշկի այսօրվա հարցաքննության ժամանակ հայտնած տվյալների հետեւանքը կարող է լինել ամբաստանյալներին ավելի խիստ պատիժ ենթադրող մեղադրանք առաջադրելը:

«Մեր կողմից հրավիրված վկան հայտնել է այնպիսի տեղեկություններ, որոնք բավարար հիմք են ապահովում կասկածի տակ դնելու փորձագիտական եզրակացությունը այն մասով, որ իրականում առկա էին բոլոր այն ցուցանիշները, որոնք որ բավարար էին եւ անհրաժեշտ գլխուղեղի մահ արձանագրելու համար», - նշեց փաստաբանը, - «Դրա հետեւանքը՝ ստացվում է, որ Վահե Ավետյանը մահացել է այդ վնասվածքը ստանալու պահին, ստացել է մահացու վնասվածք եւ առկա է արդեն սպանության հոդվածով մեղադրանք առաջադրելու հնարավորություն»:

Հիշեցնենք՝ ավելի վաղ տուժող կողմի փաստաբան Վահե Գրիգորյանը դատարան էր ներկայացրել Վիեննայի համալսարանի պրոֆեսորների եզրակացությունը, ըստ որի Վահե Ավետյանի ուղեղը մահացել է վնասվածք ստանալու պահին:

Տուժող կողմը նշում է, որ նման եզրակացության դեպքում Վահե Ավետյանի մահվան համար անհրաժեշտ էր առաջադրել սպանության մեղադրանք: Մինչդեռ գործով վեց ամբաստանյալներին առաջադրվել է ավելի մեղմ մեղադրանք՝ Վահե Ավետյանին և մյուս տուժողներին ծեծելու, Ավետյանի առողջությանը դիտավորությամբ կյանքի համար վտանգավոր ծանր վնաս պատճառելու և անզգուշությամբ նրա մահն առաջացնելու համար:

Հաջորդ դատական նիստը նշանակված է հաջորդ երեքշաբթի:
XS
SM
MD
LG