Մատչելիության հղումներ

Կառավարության որոշմամբ բանկերն ու վարկային կազմակերպությունները սկսել են վերանայել Արմավիրի մարզում մայիսի 12-ի կարկտահարությունից վնասներ կրած գյուղացիների վարկերի պայմանները:

Կարկուտից 100 տոկոսով տուժած Արմավիրի գյուղապետարանում այսօր «Ազատություն» ռադիոկայանի այցի պահին «Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպության աշխատակիցը համաձայնագրեր էր կնքում վարկերի վերանայման նպատակով։ Այս կազմակերպությունը Արմավիրում շուրջ հազար գյուղացու վարկի մարման ժամկետները երկարաձգել է 1-2 տարով եւ շուրջ 7 տոկոսով նվազեցրել տոկոսադրույքները։

Կարկուտից ողջ բերքը կորցրած գյուղացիները, սակայն, շարունակում են վնասների փոխհատուցում պահանջել։

«Կամուրջի» հետ վարկի պայմանների վերանայման համաձայնագիր կնքեց նաեւ արմավիրցի Մրազ Ալոյանը: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա պատմեց, որ նախորդ տարի 600 հազար դրամ վարկ էր վերցրել, որը պետք է մարեր այս տարի։ Նոր համաձայնագրով վարկի մայր գումարը կարկուտից բերքը կորցրած արմավիրցին կմարի մեկ տարի հետո։ Մրազն ասում է, թե գոհ է նման վերաբերմունքից, բայց հավելում է․ - «Կառավարությունից մեր արդեն [սպասում ենք] օգնություն տան ժողովրդին: Գումար․․․ թե չէ էդ մնացած օգնությունը մեզ պետք չի»:

Արմավիրցի Ասատուր Հայրապետյանը, ում վարկի մարման ժամկետը երկարացվել է, տոկոսադրույքները՝ իջեցվել, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում իր մտահոգությունները հայտնեց․ - «Պատկերացրեք, ես հաշվարկ եմ արել: Երկու տարի հետո, կամ գրեթե երեք տարի հետո՝ իրենց ասելով, ես պետք է մարեմ իմ վերցրած մոտավորապես 5 միլիոն գումար: Ես ինչքա՞ն բերք պետք է ունենամ, երբ որ այս ծառերը չորանում են կարկտից, որովհետեւ կեղեւը ծեծված է: Ես ինչպես պիտի ունենամ երկու տարվա մեջ 5 միլիոն գումար, ես կարողանամ վարկերով իրենց տոկոսադրույքներով վճարեմ»:

Հիշեցնենք՝ կառավարության որոշմամբ Արմավիրի մարզում բոլոր գյուղացիական վարկերը դառնում են դրամային, դառնում են երկարաժամկետ՝ մինչեւ երեք տարի մարման ժամկետով, բոլոր գյուղացիական վարկերը սուբսիդավորվելու են կառավարության կողմից եւ բոլոր վարկառուները հնարավորություն են ունենալու լրացուցիչ միջոցներ ստանալ։ Խոսքը վերաբերում է կարկուտից տուժած գյուղացիների վերցրած ավելի քան 10 հազար վարկերին։

Մինչ կարկտահարությունից վնասներ կրած գյուղացիները մտահոգվում են հետաձգված վարկերի մարման համար, վարկային կազմակերպություններն ու բանկերը ներկայացնում են իրենց փոփոխությունները։ «Կամուրջ» վարկային կազմակերպության խորհրդի նախագահ Արա Աղայանն այսօր լրագրողների հետ զրույցում պատմում էր, որ կարկուտից տուժած գյուղացիներին աջակցելու հետեւանքով իրենց շահույթը կպակասի:

Արմավիրցի Ասատուր Հայրապետյանը, սակայն, փոխանցում է արմավիրցիների մեկ այլ մտահոգություն․ - «Ժողովուրդը այս տարի ձմեռը գոյատեւելու համար նորից վարկեր է վերցնելու ու մնալու է վարկերի տակ: Ես չեմ կարծում, որ վարկերը կվերադարձվեն»:

Արմավիրի մարզում մոտ 13 հազար գյուղացիական տնտեսություններին կարկտահարության հասցրած վնասը գնահատվել է շուրջ 25 միլիարդ դրամ:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG