Մատչելիության հղումներ

Ռեժիսորն ընդդեմ դիկտատորի


Ադրբեջանցի սցենարիստ Ռուստամ Իբրահիմբեկով, 12-ը նոյեմբերի, 2012թ.

Ադրբեջանցի սցենարիստ Ռուստամ Իբրահիմբեկով, 12-ը նոյեմբերի, 2012թ.

Մեկը «Օսկար» է վաստակել, մյուսն էլ երկաթե բռունցքով առաջնորդում է նավթով հարուստ Ադրբեջանը։ Ի զորո՞ւ է Ռուստամ Իբրահիմբեկովը հաղթել Իլհամ Ալիևին։

Հարցի պատասխանը որոնող «Ինդեփենդենթ»-ի վերլուծաբան Շոն Ուոլքերը նշում է, որ կյանքի մեծ մասը ֆիլմերի ստեղծմանը նվիրած 74-ամյա օսկարակիր ռեժիսոր եւ սցենարիստ Իբրահիմբեկովը երբևէ չի օգտվել թիկնապահների ծառայությունից։ Հիմա նրա բարեկամները մտահոգված են, քանի որ նա համարձակվել է մարտահրավեր նետել իր հայրենի Ադրբեջանի հզոր ղեկավարին։

Իլհամ Ալիևը 2003-ին է փոխարինել է հորը` մահացած Հեյդար Ալիևին, ապա այնպես է խմբագրել Սահմանադրությունը, որ կարող է առհավետ առաջադրվել նախագահ։ Գալիք ընտրությունները տեղի կունենան այս աշնանը։

Ծախսելով նավթադոլարները, նա արդիականացրել և երկնաքերերով զարդարել է մայրաքաղաք Բաքուն, որը հիմա անվանում են «Կասպից ծովի Դուբայ»։ Բայց միաժամանակ հայտնի է նաև, որ նրա գերդաստանը և ընկերները ներքաշված են կոռուպցիոն խոշոր սկանդալների մեջ։

Արևմտյան երկրները, հաշվի առնելով այդ երկրի նավթային հսկայական պաշարները, աչք են փակում կոռուպցիայի, ընդդիմությանը հալածելու և մամուլը խիստ հսկողության տակ պահելու Ալիևի գործելակերպի վրա։

Իբրահիմբեկովը ո՛չ խարիզմատիկ ղեկավար է, ո՛չ էլ Ալիևի վարչակարգի հայտնի ընդդիմախոս, իրականում նա ժամանակին բարեկամական հարաբերություններ է ունեցել ավագ և կրտսեր Ալիևների հետ։

Նա նույնիսկ ողջունել է իշխանության փոխանցումը կրտսերին՝ հավատալով, որ դա նոր լիցք կհաղորդի երկրի զարգացմանը, բայց, իր խոսքերով, «արդեն 2007-ին ակնհայտ է դարձել, որ Իլհամ Ալիևը ավտորիտար հակումներ ունի»։

Իբրահիմբեկովը չի համագործակցում Բաքվի երիտասարդ ընդդիմադիրների հետ։ Սակայն նրան համարում են հավանական անցումային լիդեր, ով կարող է միավորել պառակտված ընդդիմությունը։

«Նրա հանդեպ հարգանք կա, նա մեծ հաջողության է հասել արվեստի բնագավառում, նրան սատարում են այն մարդիկ, ովքեր հավատ չունեն հին ընդդիմության նկատմամբ», - ասել է բանտում ավելի քան մեկ տարի անցկացրած ընդդիմադիր բլոգեր և լրագրող Էմին Միլլին։

Իբրահիմբեկովը հավաստիացնում է, որ հաղթելու դեպքում երկու տարի կաշխատի որպես անցումային նախագահ, կանցկացնի ազատ խորհրդարանական ընտրություններ և հանրաքվե, որին կներկայացնի Ադրբեջանում խորհրդարանական կարգեր հաստատելու առաջարկը։

Նա վախենում է այս պահին մեկնել Ադրբեջան, քանի որ համոզված է, որ որևէ պատրվակով կձերբակալվի։

«Ինդեփենդենթ»-ը նշում է, որ վերջին ժամանակաշրջանում մարդու իրավունքների ասպարեզում Ադրբեջանում վիճակն է՛լ ավելի է վատթարացել։ Բաքվում ժամանակին հավատարմագրված ամերիկացի դիվանագետ Ռեբեկա Վինսենթի համոզմամբ, Ադրբեջանում այսօրվա դրությամբ կա ավելի քան 80 քաղբանտարկյալ։

Ռուստամ Իբրահիմբեկովն ասել է, որ անպայման կհաղթի, եթե Ադրբեջանում տեղի ունենան արդար և ազատ ընտրություններ։ Նա ասել է նաև, թե չի ցանկանա հալածանքների թիրախ դարձնել Ալիևին, և կնախընտրի, որ գտնվի ժողովրդից գողացված հարստությունը վերադարձնելու որևէ մեխանիզմ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG