Մատչելիության հղումներ

logo-print
Չի բացառվում, որ աշնանը Վրաստանում կայանալիք նախագահական ընտրությունները մեկ փուլով չավարտվեն: Սա են վկայում ամերիկյան Ազգային ժողովրդավարական ինստիտուտի՝ NDI-ի անցկացրած հերթական հարցման արդյունքները:

Շաբաթասկզբին Թբիլսիում ամփոփված հետազոտության ամենամեծ անակնկալը նախագահ Սաակաշվիլիի կուսակցության` Ազգային միացյալ շարժման կողմից առաջադրված թեկնածու Դավիթ Բաքրաձեի բարձր վարկանիշն էր: Ըստ NDI-ի` ընտրողների 48 տոկոսը հավանության է արժանացնում խորհրդարանի նախկին խոսնակի գործունեությանը: Համեմատության համար նշենք, որ վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի կուսակցության՝ «Վրացական Երազանքի» կողմից թեկնածու առաջադրված Գիորգի Մարգվելաշվիլու հավանության ցուցանիշը ընդամենը 45 տոկոս է:

Համաձայն հարցման՝ եթե ընտրությունները տեղի ունենային առաջիկա կիրակի, ապա Մարգվելաշվիլին կստանար քվեների 29, իսկ Ազգային միացյալ շարժման թեկնածուն` մոտ 11 տոկոսը: Վրաց քաղաքագետներից շատերի կարծիքով, սակայն, NDI-ի անցկացրած հարցման արդյունքները խիստ կասկածելի են, անգամ պատվիրված Սաակաշվիլիի աշխատակազմի կողմից:

«Ամեն ինչ արվում է որպեսզի հանրությանը նախապատրաստեն այն մտքին, թե լինելու է ընտրությունների երկրորդ փուլ, որում միմյանց դեմ են կպայքարեն «Վրացական երազանք»-ի և Ազգային միացյալ շարժման թեկնածուները: Սա հենց Սահակաշվիլիի կողմնակիցների պատվերն է, որ NDI-ի ղեկավարությունը կյանքի է կոչումը»,- «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության հետ զրույցում ասել է վերլուծաբան Ռամազ Սաքվարելիձեն՝ հիշեցնելով, որ նույն հարցման համաձայն, այսօր Վրաստանի բնակչությանը 90 տոկոսը չի աջակցում Սաակաշվիլիի կուսակցությանը:

«Նման իրավիճակում Ազգային միացյալ շարժումը անգամ եթե հրեշտակ առաջադրի, միևնույն է երկրորդ փուլ անցնելու որևէ շանս չի ունենա»,- նկատում է Սաքվարելիձեն:

Թբիլիսցի քաղաքագետների կարծիքով՝ սակայն նախընտրական արշավի ակտիվ փուլի մեկնարկից հետո, երբ դրանում կներգրավվի նաև գործող վարչապետը, Մարգվելաշվիլու վարկանիշը կարող է և աճել:

Ի դեպ, վերջին ամիսներին վարկանիշի բավական լուրջ աճ է արձանագրել վրացական քաղաքականության վետերաններից մեկը՝ Նինո Բուրջանաձեն: Այսօր նախագահության թեկնածուների շարքում նա երրորդ տեղում է՝ հավանական քվեների 5 տոկոսով: Ընդհանուր առմամբ վրացիների 21 տոկոսը դրական է գնահատում Բուրջանաձեի որդեգրած քաղաքականությունը: Նրա հավանության վարկանիշը մարտ ամսից ի վեր աճել է շուրջ 5 տոկոսով:
XS
SM
MD
LG