Մատչելիության հղումներ

Հուլիսի 16-ի մամուլ


«Հայաստանն արթնանում է արժանապատվության երկարատև ոտնահարումից և արդեն հարցեր է տալիս Ռուսաստանին, որոնց վերջինս պատասխանում է սապոգի մեթոդով», - այսօր գրել է lragir.am-ի մեկնաբանը՝ կարծիք հայտնելով, թե ռուսական կայսրությունը միշտ գոյություն է ունեցել սապոգի ուժով․ - «Սապոգն իրենն արեց նաեւ 18 հոգու մահվան պատճառ դարձած Հրաչյա Հարությունյանի դեպքում․․․ Ինչ-որ մեկը չդիմացավ եւ վշտից կծկված մարդուն դատարան բերեց կանացի խալաթով: Եւ այդժամ բոլորը պոռթկացին, որովհետև դիպել էին արժանապատվությանը: Ռուսաստանում վերջապես պետք է հասկանան, որ արժանապատվության ոտնահարումը ոչ թե կայսրություն պահելու, այլ կորցնելու մեթոդ է: Ռուսաստանն իր սապոգի «շնորհիվ» արդեն կորցրել է Մերձբալթյան երկրները, Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան, Կենտրոնական Ասիայի մի մասը, էլ չենք խոսում Արևելյան Եվրոպայի մասին: Մնացել է Հայաստանը, և կանացի խալաթը կարող է վերջին կաթիլը դառնալ»:

«Ժամանակ»-ը Պռոշյանի ընտրությունների կապակցությամբ գրել է․ - «Համապետական կամ կիսահամապետական՝ երևանյան մասշտաբի ընտրություններում բացարձակ հաղթանակների տիրացած ՀՀԿ-ն՝ մեզ բոլորիս հայտնի ընտրական զեղծարարությունների միջոցով, բնականաբար պետք է նույն կերպ ագրեսիվ լիներ նաև ՏԻՄ մակարդակներում: Սա ինչ-որ առումով այլևս նաև իներցիոն գործընթաց է: Այսինքն, այսպես ասած, բացարձակ և անպատիժ հաղթանակներն ուղղակիորեն բթացնում են սուբյեկտին․․․ ՀՀԿ-ն հայտնվել է այդ վիճակում, նա պարզապես կորցրել է չափի, տարածության և ժամանակի զգացումը, բացարձակ հաղթանակներից վարակվել է բացարձակ անպատժելիության և անկասելիության զգացումով»:

«Քանի որ «ամենաժողովրդավարական ընտրություններ» անցկացնող ընտրական-պետական մեքենան աշխատում էր ՀՀԿ-ական թեկնածուի օգտին, հենց նա էլ հաղթեց ընտրություններում», - գրել է «168 ժամ»-ը: - «Առանձին վերցրած այս գյուղի օրինակը ցույց է տալիս, թե ինչ հեռանկար է սպասվում Հայաստանում առաջիկա տարիներին: Բոլոր մակարդակի ընտրություններում ՀՀԿ-ի «հաղթանակ» և համատարած հանրապետականացում, որը վերջին մի քանի ընտրություններին գերկատարելագործված ընտրակեղծարարության մեքենան կարողանում է ապահովել առանց մեծ աղմուկի, ծեծուջարդի, լցոնումների: Բոլոր այդ միջոցներին հիմա փոխարինում է ամենազոր փողը»։

«Հայոց Աշխարհ»-ը Պռոշյանի գյուղապետի ընտրության կապակցությամբ գրել է․ - «Համայնքը բաժանվել է երկու մասի։ Բայց անկախ այդ ամենից, ընտրությունների օրը որևէ լուրջ իրավախախտում, բախում կամ ընդհարում ու նման բաներ, ըստ առկա տեղեկատվության չի եղել։ Այսինքն՝ քվեարկությունն ու հաշվարկի փուլն անցել են առանց միջադեպերի, հանգիստ մթնոլորտում։ Դա թերևս ամենից կարևոր հանգամանքներից մեկն է»։

«Ժողովուրդ»-ը խմբագրականում գրել է․ - «Դեռևս մի քանի ամիս առաջ վրացական երազանքի մարմնացումը համարվող Բիձինա Իվանիշվիլու վարկանիշը սկսել է սահուն կերպով անկում ապրել: Սա, իհարկե, միանգամայն կանխատեսելի գործընթաց էր, քանի որ նրա գլխավորած «Վրացական երազանք»-ը նախընտրական շրջանում չափազանց շատ ու մեծ խոստումներ էր տալիս: Ինչը չես ասի Հայաստանի իշխանությունների մասին: Մեր երկրում նման խնդիր չկա: Ընդհակառակը, փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում յուրաքանչյուր հաջորդ ընտրություններում ավելի մեծ թվով քվեներ ստանալու գրավականը նախորդ ընտրություններում տված անխտիր բոլոր խոստումների չկատարելն ու բոլոր խոստումները ձախողելն է: 2007 թվականի ընտրություններում «Առաջ Հայաստան» կարգախոսի ներքո տնտեսական հրաշքներ, հինգ տարուց յուրաքանչյուր հայաստանցու ավելի լավ կենսամակարդակ խոստացող Հանրապետական կուսակցության հնգամյա գործունեության արդյունքում Հայաստանը ոչ միայն առաջ չգնաց, այլև զգալիորեն, եթե չասենք՝ խայտառակ հետ գնաց: Մի՞թե հաջորդ՝ 2012 թվականի ընտրություններում դա խանգարեց, որ ՀՀԿ-ն ավելի շատ ձայներ ստանա: Որքան էլ տարօրինակ է՝ ոչ»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG