Մատչելիության հղումներ

Պռոշյանում վերահաշվարկ կանցկացվի


Պռոշյանի գյուղապետարանի շենքը
Պռոշյանի գյուղապետարանի շենքը
Այսօր Պռոշյան գյուղի երկու ընտրատեղամասերում վերահաշվարկ կանցկացվի։ Հանրապետական ու դաշնակցական թեկնածուների թիմերի ներկայացուցիչները միմյանց կասկածում են ընտրություններում ընտրակաշառք բաժանելու մեջ:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով վերահաշվարկի դիմում է ներկայացրել նախնական տվյալներով կիրակի օրը Պռոշյանի գյուղապետի ընտրություններում պարտված դաշնակցական թեկնածու, գյուղապետի տեղակալ Վովա Սահակյանը։

Պռոշյանում, ըստ նախնական արդյունքների, հաղթել է Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Արթուր Մուրադյանը, ով ստացել է 1317 ձայն: Դաշնակցական Վովա Սահակյանը ստացել է 1241 ձայն, անկուսակցական Ալեքսան Ալեքսանյանը՝ 178 ձայն:

Սահակյանը և Պռոշյանի սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի հարազատները ահազանգել էին Մուրադյանի օգտին կատարված ընտրախախտումների մասին։

Սահակյանն «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էր ընտրակաշառքների ու ընտրողներին ուղղորդելու մասին՝ նշելով, որ ընտրատեղամասերում այդ օրվա հանգիստ մթնոլորտը չի նշանակել, որ ամեն ինչ նորմալ է եղել, պարզապես ընտրողներին ուղղորդողներն իրենց անելիքը նախօրեին են արել՝ տեղամասերից դուրս։ Սահակյանն «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ վերահաշվարկից հետո իրենք կասեն իրենց խոսքը։

Հանրապետական թեկնածուի թիմը հերքում է ընտրակաշառք բաժանելու մասին տեղեկությունները: Արթուր Մուրադյանի վստահված անձը, անկուսակցական Արմենուհի Մելիքյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ իրենք կաշառք չեն բաժանել։ Դեռ ավելին, Մելիքյանը հենց դաշնակցականերին կասկածում կաշառք բաժանելու մեջ։

«Ինքս իմ մեջ էլ կասկածներ եմ ունեցել, որ Դաշնակցությունը կաշառք է բաժանում: Իրենց սատարող չաշխատող մի զանգված կա, որը ոչինչ չի անում, ընդամենը նայում է տեսնի, թե որտեղից ինչ պոկի: Նախօրեին ես մտնում եմ գնումեր կատարելու խանութից, և էդ զանգվածի ձեռքին 20 հազարանոց դրամներ կան: Նրանք ոչ մի տեղ չեն աշխատում, նրանք երբևէ չեն վաստակել: Իմ մեջ կասկած առաջացավ, որ նրանք ինչ-որ մի տեղից վերցրել են այդ գումարները և գալիս էին Դաշնակցության շտաբից: Ասում են՝ գողության մասին առաջինը գողն է գոռում, որպեսզի իրենից հեռացնի կասկածը», - ասաց նա:

Մելիքյանը մինչ այս ընտրությունները Կոտայքի մարզպետի հրամանով նշանակվել էր գյուղապետի պաշտոնակատար, սակայն դաշնակցականների կողմից ղեկավարվող գյուղապետարանի աշխատակիցները և որոշ գյուղացիներ չընդունեցին նրան այս պաշտոնում՝ այդպիսով ձախողելով նրա աշխատանքը։ Ստեղծված իրավիճակի պատճառով նա հրաժարվեց անցնել պաշտոնական պարտականությունների կատարմանը։

Այժմ Մելիքյանը հայտարարում է, որ եթե առաջարկ ստանա, ապա կաշխատի հանրապետական Մուրադյանի թիմում։

Պռոշյանի գյուղապետի ընտրություններին մասնակցող երրորդ անկուսակցական թեկնածու Ալեքսան Ալեքսանյանն ասում է, որ գյուղում խոսակցություններ էին պտտվում այն մասին, որ թե դաշնակցական, թե հանրապետական թեկնածուների թիմակիցները կաշառք են բաժանում։ Ալեքսանյանն ասում է, որ իր ստացած քվեները համապատասխանում են իրականությանը։
XS
SM
MD
LG