Մատչելիության հղումներ

logo-print

Լիտվան մտադիր է նոր թափ հաղորդել Արեւելյան գործընկերությանը


Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսը իր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում, Երևան, 7-ը մարտի, 2013

Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսը իր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում, Երևան, 7-ը մարտի, 2013

Եվրամիությունում ներկայումս նախագահող երկիրը՝ Լիտվան, շատ լրջորեն է վերաբերում Արևելյան գործընկերության ծրագրին, և մտադիր է առաջիկա ամիսների ընթացքում էլ ավելի սերտացնել հարաբերությունները մասնակից երկրների հետ, որոնցից մեկը Հայաստանն է: Այդ մասին «Իտար Տասս»-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսը:

«Արևելյան գործընկերությունը մեր նախագահության առաջնահերություններից մեկն է, և մեր երկրի քաղաքական ընտրությունը արևելքում, որտեղ մենք կուզենայինք տեսնել տնտեսապես ամուր պետություններ՝ դեպի Եվրոպա ձգտող կողմնորոշումներով: Եվրամիության շահերից է բխում, որ այս ծրագիրը որքան հնարավոր է արդյունավետ լինի, և հույս ունենք հասնել դրան Եվրամիության ինտիտուտների, անդամ երկրների և դաշնակից պետությունների համատեղ ուժերով»,- ասել է Լիտվայի արտգործնախարարը:

Հիշեցնենք, արդեն հինգերորդ տարին շարունակվող այս ծրագրին մասնակցում են նախկին Խորհրդային Միության վեց պետություններ, այդ թվում՝ Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը, որոնց պաշտոնական Բրյուսելը մի շարք քաղաքական ու տնտեսական արտոնություններ է խոստանում՝ ժողովդրավարական բարեփոխումների դիմաց:

«Ծրագրի ապագան կախված է անդամ երկրների վճռականությունից, ստանձնած պարտավորությունների կատարումից, ինչպես նաև այս հարցում նրանց աջակցություն ցուցաբերելու՝ ԵՄ-ի հետևողականությունից»,- ասել է Լիտվայի արտգործնախարարը՝ ընդգծելով, որ գոնե իր երկրի նախագահության ընթցաքում Եվրամիությունն այս հարցում շատ վճռական է լինելու․ -«Առաջիկա վեց ամիսների ընթացքում մենք կձգտենք, որ ավելի վաղ սկսված նախաձեռնությունները սահուն կերպով առաջ ընթանան և վերածվեն կոնկրետ որոշումների, առաջին հերթին՝ ամեն ինչ կանենք, որ Եվրամիության անդամ երկրների շարքում միասնական դիրքորոշում ձևավորվի Արևելյան գործընկերությանն առնչվող կարևորագույն հարցերում»:

Նշենք, որ առաջիկա նոյեմբերին Վիլնյուսում կմեկնարկի Արևելյան գործընկերության հերթական գագաթնաժողովը, որտեղ՝ որպես կանոն, ծրագրին մասնակցող նորանկախ պետությունների ղեկավարները մեկ սեղանի շուրջ կնստեն Եվրամիության առաջնորդների հետ ու հավասարը հավասարի հետ կքննարկեն երկկողմ հարաբերությունները:

«Գագաթնաժողովի օրակարգը դեռևս գտնվում է հստակեցման փուլում, սակայն առանցքն արդեն պարզ է․ մենք գնահատական կտանք՝ ինչի ենք հասել մինչ օրս և կփորձենք արձանագրել հստակ արդյունքներ, որոնք էլ ավելի կխթանեն ետխորդային այս երկրների քաղաքական ասոցիացումն ու տնտեսական ինտեգրացումը Եվրամիության հետ»,- ասել է այս տարի Եվրամիությունում նախագահող Լիտվայի արտգործնախարարը:
XS
SM
MD
LG