Մատչելիության հղումներ

63 միլիոն դրամ վերաբաշխվել է մանկատան շրջանավարտներին բնակարաններով ապահովելու համար


Երևանի Թբիլիսյան խճուղի N3 հասցեի ուսումնաարտադրական մասնաշենքը հիմնանորոգվում է՝ սոցիալապես անապահով ընտանիքների, անձանց, ինչպես նաեւ մանկատան շրջանավարտների բնակարանային խնդիրները լուծելու նպատակով:

Կառավարությունը վերաբաշխում է կատարել 2013 թվականի պետբյուջեում և որոշել շենքի հիմնանորոգման եւ կից տարածքի բարեկարգումն ավարտին հասցնելու համար հատկացնել մոտ 63 մլն դրամ:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ֆիլարետ Բերիկյանն «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ մինչեւ տարեվերջ պատրաստ կլինի շենքի հանրակացարանային կորպուսը։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալը նշեց, բնակարանները հանրակացարանների կարգով են հանձնվելու, այսինքն՝ երկու հոգու մեկ սենյակ։ Իսկ պատճառներն էլ պարզաբանեց այս կերպ. - «Մենք խնդիր ունենք, որպեսզի մանկատան շրջանավարտները հնարավորինս ինտեգրվեն հասարակություն, մենք աշխատում ենք, որ իրենք մեկուսացված, մի շենքում մենակ իրենք չլինեն, այլ բնակիչներ լինեն, այլ կոնստրուկցիայով ընտանիքներ՝ բազմանդամ եւ այլն։ Օրինակ սոցիալական բնակարաններում մենք սոցիալապես անապահով ընտանիքներին բնակարան ենք տալիս, բայց գումարած դրան մի սատարող ընտանիք, որոնք կարողանում են շենքի բնակիչների համար այս կամ այն սոցիալական հոգսերը հոգալ»:

Բերիկյանը նշեց, որ նախարարությունն ունի տվյալների բազա: Այս տարի հերթագրված երեխաների թիվը, դեռ ոչ ճշգրտված տարբերակով, կազմում է մոտ 240 եւ այժմ դեռ ուսումնասիրվում են հերթագրվածների անձնական տվյալներն ու կադաստրի միջոցով ճշտվում, թե արդյոք ինչ-որ մեկից ժառանգություն ստացել են, թե ոչ։ Բերիկյանը հավելեց, որ հերթում են նաեւ մոտ 120 առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ։ Նա հավաստիացրեց, որ առաջինը բնակարաններով կապահովեն առավել կարիքավորները, իսկ մնացածի համար եւս ծրագրեր են մշակվում։

Բերիկյանը հավելեց, որ խնդիրներն ավելի արագ ու հեշտ կլուծվեին, եթե մարզերի մանկատների շրջանավարտները համաձայնեին մեկնել ու բնակվել իրենց մարզերում հատկացված բնակարաններում: Նա հավաստիացրեց, որ կառավարությունն ամեն ինչ անում է այնտեղ նրանց նաեւ աշխատանքով ապահովելու համար։

«Մեղրիից, Գավառից, Շամշադինից բերենք ասենք, եկեք Երեւանում ձեզ բնակարան ենք տալիս, դա աբսուրդի է հասնում։ Նաեւ սոցիալական քաղաքականություն է, մենք խնդիր ունենք, որ էդ մարդիկ չգան ու գործազուրկների բանակը շատացնեն, քանի որ նրանցից շատերն այսօրվա աշխատաշուկայում նաեւ մրցունակ չեն, չնայած ծրագրեր ենք իրականացնում նաեւ նրանց կրթության հարցը լուծելու շուրջ»,- նշեց Բերիկյանը։
XS
SM
MD
LG