Մատչելիության հղումներ

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնում անցած շաբաթ օրը ունեցավ «Ոսկե Ծիրան» միջազգային 10-րդ կինոփառատոնի փակման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում էլ ազդարարվեցին մրցութային ծրագրի արդյունքները:

Միջազգային խաղարկային մրցույթում գլխավոր մրցանակը տրվեց սերբ կինոռեժիսոր Սրջան Գոլուբովիչի «Պարունակներ» ֆիլմին: «Արծաթե Ծիրանը» այս անվանակարգում ստացավ իրանցի երիտասարդ կինոռեժիսոր Մաջիդ Բարզեգարի «Փարվիզ» ֆիլմը, իսկ ժյուրիի հատուկ մրցանակին արժանացավ թուրք կինոռեժիսոր Եշիմ Ուստաօղլու «Մեջտեղում ինչ-որ տեղ» գեղարվեստական ֆիլմը, որը թուրք-ֆրանս-գերմանական համատեղ արտադրություն է:

Լավագույն վավերագրական ֆիլմ ճանաչվեց բուլղար կինոռեժիսոր Սվետոսլավ Ստոյանովի «Սև Ծովի վերջին ծովահենները» ֆիլմը, իսկ «Արծաթե Ծիրանը» այս անվակարգում տրվեց Մեծ Բրիտանիայից կինոռեժիսոր Մահդի Ֆլեյֆելի «Աշխարհ, որը մերը չէ» ֆիլմին:

«Հայկական համայնապատկեր»-ում լավագույն խաղարկային ֆիլմի համար սահմանված գլխավոր մրցանակին արժանացավ Մարիա Սահակյանի «Այդ ես չեմ» ֆիլմը, իսկ լավագույն վավերագրական ֆիլմի համար սահմանված «Ոսկե Ծիրան»-ը ստացավ ստամբուլահայ կինոռեժիսոր Լուսին Դինքի «Սարոյանլենդ»-ը:

Հայ կինոռեժիսորներից մրցանակի արժանացան նաև Թամարա Ստեփանյանը, ով ստացավ Բրիտանական խորհրդի հատուկ մրցանակը, իսկ «Ոսկե Ծիրան»-ի Հրանտ Մաթևոսյանի անվան հատուկ մրցանակը լավագույն սցենարի համար տրվեց Ջիվան Ավետիսյանին՝ «Ընդհատված մանկություն» ֆիլմի համար:

Ուշագրավ է, որ կարճամետրաժ ֆիլմերի «Կորիզ» մրցույթում ժյուրիի կողմից դիպլոմի արժանացավ Գերմանիայում բնակվող ադրբեջանցի կինոռեժիսոր Էլմար Իմանովի աշխատանքը: Այս անվանակարգում «Ոսկե Ծիրան»-ի արժանացավ իսրայելցի կինոռեժիսոր Լեոն Պրուդովսկու «Բարի գալուստ և ցավակցում ենք» կինոնկարը:

Մրցութային հանձնաժողովների անդամները՝ երեկ հրավիրած վերջին ասուլիսին փառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանի հետ համատեղ իրենց կարծիքն ու տեսակետը ներկայացրին փառատոնի դերի և աշխատանքի կապակցությամբ: Մրցութային հանձնաժողովների անդամներն ու նախագահները փառատոնի փակման հանդիսավոր արարողության ժամանակ էլ իրենց խոսքում բազմիցս շեշտել էին, որ «Ոսկե Ծիրան»-ը հրաշալի կինոփառատոն է, ոմանք այն նույնիսկ ֆանտաստիկ անվանեցին, Երևանն անչափ հյուրընկալ քաղաք է, հայերն էլ՝ սրտաբաց , ջերմ ու հյուրասեր մարդիկ:

«Հայկական համայնապատկեր» ծրագրի ժյուրիի անդամ Դեյվիդ Դարսին ասուլիսին շեշտեց, որ ամենակարևորը հանդիսատեսի ներկայությունն է, որն անչափ կարևոր է ցանկացած կինոփառատոնի համար: Միջազգային վավերագրական ֆիլմերի ժյուրիի անդամ Օսման Քավալան (Թուրքիա) շեշտեց, որ նման փառատոները ամբողջական պատկեր են տալիս, թե աշխարհում ինչ վիճակում է հեղինակային կինոն, ինչ ուղղությամբ է այն զարգանում, իսկ «Ոսկե Ծիրան»-ի առավելությունն էլ այլ կինոփառատերի համեմատությամբ այն է, որ փառատոնը ոչ թե կոմերցիոն, այլ հեղինակային ֆիլմեր է ցուցադրում:

«Սա արվեստի փառատոն է: Արվեստի փառատոները չունեն այդպիսի պրետենզիաներ՝ վաճառելու, գնելու․․․ Մենք ունենք ինֆորմացիոն նպատակ: Որպեսզի մեր հայ երիտասարդները, կինեմատոգրաֆիստները եւ հանդիսատեսը տեսնեն համաշխարհային լավագույն ֆիլմերը: Ստեղծել մի հարթակ, որտեղ մեր հյուրերը կտեսնեն հայկական ֆիլմերը եւ կհրավիրեն իրենց փառատոներին, ինչն արդեն տեղի ունեցավ․ արդեն հայկական 10 ֆիլմ հրավիրվել է տարբեր փառատոններ», - ասուլիսում նշեց «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի նախագահ Հարություն Խաչատրյանը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG