Մատչելիության հղումներ

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմն այսօր հրապարակեց պլատֆորմի հայտարարությունը, ըստ որի պլատֆորմն իր մտահոգություններն ու կոչն է հղում ինչպես Հայաստանի իշխանություններին, այնպես էլ Եվրոպական միության կառույցներին։

Փաստաթուղթը վերաբերում է Եվրամիություն-Հայաստան համագործակցությանը՝ մասնավորապես Արևելյան գործընկերության ծրագրին։

Ազգային պլատֆորմի նախագահ Բորիս Նավասարդյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք, հանդես գալով Եվրամիության և Հայաստանի միջև Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման օգտին, այսուհանդերձ որոշակի մտահոգություններ ունեն։

Ազգային պլատֆորմի ներկայացուցիչների կարծիքով, հայաստանյան հասարակությունը հիմնականում տեղյակ չէ, թե ինչ համագործակցության մասին է խոսքը և ինչ կտա այն Հայաստանին ու իրենց։

«Մի կողմից մենք ստորագրում ենք տարբեր բարեփոխումներ ենթադրող փաստաթղթերի տակ, բայց պրակտիկ կյանքում շատ քիչ փոփոխություններ կան», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանեց Նավասարդյանը, - «Եթե փաստաթղթերը ստորագրվում են, բայց կյանքը չի փոխվում, դա, ինչ-որ տեղ, նաև փաստաթղթերի բովանդակության նկատմամբ անվստահություն է առաջացնում»:

Եվրոպական միության հետ համագործակցության շուրջ Հայաստանում ընթացող քննարկումները մակերեսային են, գերակայությունների մասին խեղաթյուրված են պատկերացումները, գոյություն ունի Ասոցացման համաձայնագրի ստորագրման հետ կապված արտաքին քաղաքական հակասությունների անհարկի շեշտադրում։ Սա է պատճառը, որ Ազգային պլատֆորմը կոչ է անում Հայաստանի իշխանություններին բաց երկխոսել հասարակության հետ, իրականացնել եվրոպական արժեքներին համահունչ քաղաքականություն և հրաժարվել միջազգային պարտավորությունների իրականացման իմիտացիա ստեղծելու գործելակերպից։

Ազգային պլատֆորմի կոչը ուղղված է նաև Եվրոպական կառույցներին։ Այն պահանջում է սկզբունքայնություն դրսևորել եվրոպական արժեքներին հետևելու հարցում։ Նավասարդյանը նշում է, որ իրենք նկատի ունեն այն, որ եվրոպական կառույցները պետք է նախաձեռնողականություն դրսևորեն՝ Հայաստանը եվրոպական չափորոշիչներից հեռացնող խնդիրների հաղթահարման հարցում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG