Մատչելիության հղումներ

Ճարտարապետը կոչ է անում «մարդկային պատի» օգնությամբ պահպանել Փակ շուկան


Անցած շաբաթ լուր էր տարածվել, իբր վերակառուցվող Փակ շուկայի շահագործումը նախատեսվում է այս տարվա սեպտեմբերի մեկից: Սակայն այս փաստը մեզ հետ հեռախոսազրույցում հերքեց Փակ շուկայի տնօրենի վստահված անձ Մարատ Ապեյանը:

«Շինարարությունը գնում է, կոնկրետ օր, ժամկետ չկա նշված: Չենք կարող ասել՝ երբ է բացվելու: Աշխատանք է տարվում: Այո, շուկա է լինելու», - նշեց Ապեյանը:

Անցած ուրբաթ երեկոյան Ազատության հրապարակում անցկացրած հանրահավաքից հետո կազմակերպիչներն ու մասնակիցները շարժվել են դեպի Փակ շուկա եւ հերթական անգամ իրենց դժգոհության ու ափսոսանքի խոսքն արտահայտել շուկայի ապօրինի վերակառուցման կապակցությամբ: Նրանց թվում էր ՀՀ վաստակավոր ճարտարապետ, քաղաքաշինական խորհրդի անդամ Սաշուր Քալաշյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք ճարտարապետն արդեն հոգեպես պատրաստ է վերակառուցվող շուկայի գործարկմանը եւ մոտ ժամանակներում շուկայի պաշտոնական բացմանը, Քալաշյանը պատասխանեց․ - «Ես կարծում եմ, որ այդ օրը չի մոտենում, չի էլ կարող մոտենալ»:

Քալաշյանն ասաց՝ թյուր կարծիք կա, թե պահպանելով կառույցի արտաքին տեսքը պահպանվում է նաեւ կառույցի մշակութային արժեքը: Նրա պնդմամբ՝ ճարտարապետական շենքը չունի ներքին եւ արտաքին արժեքներ: Ճարտարապետի խոսքով՝ մշակութային մեծ արժեք ունեցող այս կառույցի պայքարողների բողոքի բոլոր եղանակներն արդեն սպառվել են:

«Ուժի դիմաց ուժ», - ասաց Սաշուր Քալաշյանն ու հավելեց, որ դա կլինի շուկան պահպանելու վերջին ջանքը:

«Ստիպել, եթե իրենք օրենքով չեն շարժվում: Մենք պիտի կանգնենք, ստիպենք, որպեսզի հետ կանգնեն բոլորը: Ես քայլն այդ եմ տեսնում՝ գնալ այնտեղ կանգնել, պատ սարքել՝ մարդկային պատ, եւ արգելակել ցանկացած շինարարական գործողություն այս պահից», - նշեց ճարտարապետը:
XS
SM
MD
LG