Մատչելիության հղումներ

Հուլիսի 29-ից դերասան Վարդան Պետրոսյանը «Ամեն երկուշաբթի» ներկայացմամբ հանդես կգա Երեւանում:

«Չնայած երկուշաբթին թատրոնի օր չէ, բայց տարիներ շարունակ երկուշաբթի օրերին եմ խաղացել ներկայացումներս», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ մեկնաբանեց դերասան Վարդան Պետրոսյանը:

Դերասանի խոսքով՝ ներկայացման անունը «երկար փնտրված եւ հանկարծակի գտնված է», այն է՝ «Ամեն երկուշաբթի»: Եվ նա «Ամեն երկուշաբթի» հանդիսատեսին սպասելու է Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում, իր ձեւակերպմամբ՝ մեզ հուզող հարցերի շուրջ զրուցելու համար:

«Շատ երկար մտածել եմ՝ ինչ խաղամ, այս անգամ մի ներկայացում է՝ մեծ նվագախմբով, կենդանի երաժշտությամբ, երգերով․ երիտասարդական ներկայացում է: Գլխավորը, որ կայանա այդ մտերմիկ զրույցը հանդիսատեսի հետ», - ասաց Վարդան Պետրոսյանը:

Ներկայացման մասին այլ մանրամասներ չհայտնեց, ասաց, որ ավելի լավ է՝ հանդիսատեսը գա, տեսնի եւ գնահատի, քանի որ ձեւաչափը փոքր-ինչ փոխվել է:

Ամեն դեպքում դերասանը շեշտեց, որ անհնար է չանդրադառնալ այսօր քաղաքացիներին հուզող սոցիալական, հասարակական խնդիրներին:

«Դա կլիներ փախուստ ինքս ինձնից: Բայց հիմա շատ կզարմանաք․ այս ներկայացման մեջ քաղաքական գործիչների նմանակումներ չկան: Ես կարծեցի, որ այս անգամ շատ ավելի կարեւոր բան ունեմ ասելու: Որքան կկարողանամ, այդքան կգոտեպնդեմ մեր մարդկանց, որոնք այսօր գոտեպնդման շատ մեծ կարիք ունեն», - նշեց Վարդան Պետրոսյանը:

Անդրադառնալով «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե ինչպես է իրեն հաջողվում լիքը դահլիճներում խաղալ ներկայացումները, երբ Երեւանի շատ թատրոններում ներկայացումները կիսով չափ լցված դահիլճներում են անցնում, դերասանը կես կատակ, կես լուրջ ասաց, որ արտագաղթն այնպիսի չափերի է հասել, որ ինքն էլ արդեն պետք է սովորի կիսով չափ լցված դահլիճներում խաղալ:

«Իմ ներկայացումները կյանքից փախած չեն, կյանքից հեռու չեն, դրանք մեր սրտից են բխում, երեւի դա է լիքը դահլիճների պատճառը: Ինչքան կխաղա՞մ: Ինչքան մարդ կա, այդքան էլ կխաղամ, բայց եկել եմ շատ ուժով՝ ամբողջ թափով նվիրվելու մեր մարդկանց», - հավելեց Վարդան Պետրոսյանը:
XS
SM
MD
LG