Մատչելիության հղումներ

logo-print
Ճարտարապետները չեն պատրաստվում ընկրկել և կշարունակեն պայքարել Երևանի Փակի շուկայի ոչնչացման դեմ։ Նրանք պատրաստվում են կրկին բողոքի, մտահոգության նամակներով դիմել տարբեր գերատեսչությունների։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը նշեց, որ չնայած իրենք բազմիցս են դիմել պետական տարբեր մարմինների՝ այս հարցը վերջնական լուծելու համար, իրականում որևէ գործողություն պատկան մարմինները չեն կատարում, շարունակում են ուշադրություն չդարձնել այն խախտումներին, որոնք կատարվել են հուշարձանի տարածքում։

Ճարտարապետների միության նախագահն ասում է՝ պետական մարմինները կիսում են իրենց մտահոգությունը, սակայն նրա խոսքով՝ այս դեպքում դրանք պարզապես ջայլամի քաղաքականություն են վարում։

«Բոլորը մեզ հետ համաձայն են՝ և մշակույթի նախարարությունը, և քաղաքապետարանը։ Բոլորը ասում են, որ իրոք տեղի է ունեցել շատ վատ բան։ Ես այդքան չեմ մեղադրում սեփականատիրոջը, ինչքան մեր անսկզբունք, անողնաշար նախարարություններին և քաղաքապետարանին», - ասաց Մինասյանը։

Անցած ամիս Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության բաժնի պետ Արմեն Գրիգորյանն ասել է, որ իրենք պահանջել են ապամոնտաժել Փակ շուկայում կատարված կառուցապատումը։ Պաշտոնյան փոխանցել էր, որ մի մասն ապամոնտաժվել է, սյուների մի մասն էլ շարունակում են ապամոնտաժել։ Նա հավելել էր, որ ապամոնտաժման վերջնաժամկետ չկա։ Մինչդեռ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում կայացած քննարկմանը մասնակցող ճարտարապետներն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ինչպես այն ժամանակ, այնպես էլ այժմ պնդում են, որ ընդամենը երկու սյուն է ապամոնտաժվել։

«Եթե շահագործման ընթացքում կատարվում է շենքի ներսի տարածության՝ ինտերյերի աղավաղում, ուրեմն դա ոչ մեկին պետք չէ։ Սովորական խանութ են կառուցում ներսում՝ աղավաղելով Փակ շուկայի ճարտարապետությունը՝ սկզբից մինչև վերջ։ Դա թյուր կարծիք է, որ կարելի է շենքի ֆասադը թողնել, միջը ինչ ասես անել», - ասաց Մինասյանը։

Ճարտարապետների միության նախագահն ասում է՝ եթե այսպես շարունակվի, ապա երևանցիները կկորցնեն հուշարձանը։

Օրեր առաջ մամուլը գրել էր, որ սեպտեմբերի 1-ից շուկայի շենքը շահագործման կհանձնվի, մինչդեռ ճարտարապետները պնդում են, որ նման տեսքով այն չի կարող շահագործման հանձնվել։ Դա հուշարձանի ոչնչացում է նշանակում, ասում է Մինասյանը։

Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանը երբևէ չի հերքել, որ Փակ շուկայի փաստացի սեփականատերը ինքն է։ Շինությունը ներառված է Երևանի պատմության և մշակութային հուշարձանների ցանկում, այսինքն համաձայն օրենքի՝ ենթակա չէ քանդման կամ ձևափոխման։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG