Մատչելիության հղումներ

Պռոշյան համայնքի ղեկավարի երեկվա ընտրություններում նախնական արդյունքներով հաղթել է հանրապետական Արթուր Մուրադյանը։

Թիվ 26 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախնական տեղեկատվության համաձայն՝ Մուրադյանը դաշնակցական մրցակցի՝ Վովա Սահակյանի նկատմամբ առավելության է հասել 76 ձայնով։ Արթուր Մուրադյանը ստացել է 1317 ձայն, Վովա Սահակյանը` 1241, անկուսակցական Ալեքսան Ալեքսանյանը՝ 178։

Գրանցված 3991 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 2799-ը։

Վովա Սահակյանը վայելում էր ապրիլի 2-ին սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի ընտանիքի աջակցությունը։ Սահակյանի շտաբը խիստ վրդովված է ընտրության արդյունքներից։ Թեկնածուն «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ իր բնորոշմամբ` ճնշումներով ու ընտրակաշառքով ուղեկցված այս ընտրության արդյունքները բողոքարկելու է բոլոր ատյաններում։

«Պռոշյանի ընտրությունները առաջիկա 5-10 տարիների մեր հանրապետության ընտրությունների լակմուսի թուղթն է լինելու։ Կա սպանված գյուղապետ, չբացահայտված գործ և իշխանական մեքենայի, այդ «կատոկ» կոչված մեքենայի ամբողջական հզորությամբ ճնշում»,- ասաց Սահակյանը,- «Որքան որ հորդորեցինք, որ ընտրությունները գնան բնականոն հունով, որովհետև վերջիվերջո շարքային սովորական ընտրություն չէր, դավադրաբար սպանվել էր գյուղապետը, բայց ոչ, բոլորը ականջալուր եղան, և իշխանական թևից փորձեցին ամեն գնով ապահովել հանրապետականացումը մեր երկրում, որ բոլորը՝ շարքայինից մինչև վերադաս պարտադիր պիտի Հանրապետականի նշանով լինեն: Մեր ունեցած տեղեկություններով ձայնը՝ 10 հազար դրամ, հիմնականում բաժանվել է կանանց եւ անչափահաս երեխաների միջոցով»։

Սահակյանը պնդում է, որ նույնիսկ պաշտպանության նախարարության համակարգի պռոշյանցի աշխատակիցներին ու զինծառայողներին հրահանգված է եղել ընտրել հանրապետական թեկնածուին։

«Հանրապետական կուսակցության ներկայացուցչի շտաբում ոմն փոխգնդապետ Մուրադյան Սերգոն, գնդապետ Իսրայելյան Գեւորգ եւ գնդապետ Վարդան Գաբրիելյանի կողմից ամբողջ պաշտպանության նախարարության համակարգի թվով 192 աշխատակցի հատ առ հատ կանչվեց, հանձնարարվեց` «պարտավոր եք և պարտադիր պետք է ընտրեք Հանրապետական կուսակցության թեկնածուին, պետք է ներկայանաք ձեր ընտանիքներով շտաբ, հետո գնաք ընտրեք, հետո հեռախոսով նկարեք, բերեք փաստաթուղթը, որ կատարել եք հանձնարարականը, նոր գնաք տուն»։ Շատ ամոթալի է»,- ասաց Վովա Սահակյանը։

ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանի շտաբը հերքում է այս հայտարարությունները՝ մրցակցի պնդումները համարելով «պարտությունը արդարացնելու փորձ»:

«Մարդ պետք է պատրաստ լինի նաեւ արդար պարտության, ոչ թե մեղադրի այս կամ այն կառույցներին, որ արդարացնի իր պարտությունը։ Այստեղ զինվորական տեսա՞ք Դուք»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Մուրադյանի շտաբի պետ Աշոտ Միքայելյանը»,- «Մենք էլ հակառակ ինֆորմացիան ունենք, որ մարդկանց զանգում են, կանչում են իրենց կողմից, բնական է, թե ինչի համար, բայց մենք որ փաստեր չունենք, նման անպատասխանատու հայտարարություններ չենք անում»։

Մինչ մրցակիցները փոխադարձ մեղադրանքներ են հասցեագրում, մեր զրուցակից պռոշյանցիները մտավախություն ունեին, որ Հրաչ Մուրադյանի սպանությանը հաջորդած լարվածությունն ու սպանության քաղաքական դրդապատճառների վերաբերյալ իրենց կասկածներն ավելի խորացան. հակառակ դեպքում իշխող կուսակցությունը ամեն գնով հաղթանակի չէր ձգտի, ասում էին նրանք:

Արթուր Մուրադյանը 2012-ի սեպտեմբերի 23-ի ընտրություններում Հրաչ Մուրադյանի մրցակիցն էր և նրան պարտվել էր 302 ձայնով։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG