Մատչելիության հղումներ

«Հարի Փոթերի» հեղինակը նոր գիրք է գրել


Ջոան Ռուուլինգը 2010 թվականին Դանիայում ստանում է Հանս Քրիստիան Անդերսենի մրցանակը։

Ջոան Ռուուլինգը 2010 թվականին Դանիայում ստանում է Հանս Քրիստիան Անդերսենի մրցանակը։

Աշխարհահռչակ բրիտանուհու նոր վեպը դետեկտիվի ժանրից է։

Բրիտանուհի Ջոան Ռոուլինգը, ով հայտնի է աննախադեխ հաջողություն արձանագրած «Հարրի Փոթեր» բազմահատոր մանկական-ֆանտաստիկ վեպով, հրատարակել է նոր գիրք։

Կախարդ պատանու մասին բեսթսելերը հրատարակվել են 400 միլիոն օրինակով եւ թարգմանվել 65 լեզուներով։

Հիմա Ռոլլինգն իր ուժերը փորձում է միանգամայն նոր ժանրում. «Կկվի կանչը» դետեկտիվ է։ Գրքի հերոս Քորմորան Սթրայքը պատերազմի վետերան է, ով որպես քննիչ` հետաքննում է հայտնի մոդելուհու առեղծվածային մահվան հանգամանքները։

Գիրքը լույս է տեսել այս տարվա ապրիլին, բայց միայն երեկ է հայտնի դարձել, որ հեղինակը` Ռոբերտ Գելբրայթը, նույն ինքը Ջոան Ռոուլինգն է։ Գրողն ասել է, որ այս վեպը ծածկանվան տակ է գրել, ինչը իրեն «ազատության զգացում է հաղորդել»։ Նա ասել է, թե չէր ցանկանում հայտնել իր անունը, քանի որ ուզում էր վեպը հրատարակել առանց «անհարկի գովքազդային աղմուկի»։ Նա խոստովանել է նաեւ, թե ուզում էր որքան հնարավոր է երկար չբացահայտել այդ գաղտնիքը, որից մեծ բավականություն էր ստանում։

«Հարրի Փոթերից» հետո Ռոուլինգը հրատարակել է «Դատարկ տեղ» վեպը, որը քննադատներն ընդհանուր առմամբ բավական դրական են գնահատել։

«Կկվի կանչի» հերոսը 2003 թվականին է հեռացել բանակից եւ սկսել է աշխատել անվտանգության մասնավոր ընկերությունում։

Այն, որ գրքի հեղինակը աշխարհահռչակ Ռոուլինգն է, պարզել է «Սանդի Թայմսի» թղթակիցը, ով ասել է, թե Ռոբերտ Գելբրայթը ծածկանուն է, քանի որ այդ անվամբ հայտնի գրող Բրիտանիայում պարզապես չկա։ Ապա լրագրողը պարզել է, որ Գելբրայթն աշխատել է այն նույն խմբագրի, հրատարակչի եւ մենեջերի հետ, ովքեր համագործակցում են Ռոուլինգի հետ։ Համեմատելով այդ փաստերը, թղթակիցը հանգել է այն եզրակացության, որ «Կկվի կանչի» իրական հեղինակը Ջոան Ռոուլինգն է։

«Գաղտնիքը բացահայտվել է, բայց կա դրա նաեւ լավ կողմը, ես վերջապես կարող եմ հրապարակավ շնորհակալություն հայտնել իմ հարգելի խմբագիր Դեյվիդ Շելլիին»,- ասել է Ռոուլինգը եւ խոստացել, որ անպայման կգրի «Կկվի կանչի» շարունակությունը։

Հաղորդվում է, որ գաղտնիքի բացահայտումից հետո «Կկվի կանչի» վաճառքը տառացիորեն մեկ օրում աննախադեպ աճել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG