Մատչելիության հղումներ

Կենսաթոշակները կրկին կբերի փոստատարը


«Հայփոստ»-ը անսաց Արագածոտնի մարզի թոշակառուների բողոքներին:

Արագածոտնի մարզի թոշակառուները կենսաթոշակները կստանան նախկինի պես՝ շրջիկ մեքենայի փոխարեն նրանց կենսաթոշակը բնակության վայր կհասցնի փոստատարը։

«Հայփոստ»-ը որոշել էր նորամուծություն իրականացնել՝ Արագածոտնի մարզի 6 գյուղեր գումարները հասցնել շրջիկ մեքենայի միջոցով։

Փաստորեն, «Հայփոստ»-ը, որը ծրագրի մասին պետական որեւէ գերատեսչության տեղյակ չէր պահել, անսաց թոշակառուների բողոքներին։

Նման որոշում կայացվեց այսօր Արագածոտնի մարզկենտրոնում կայացած խորհրդակցության արդյունքում։ Թոշակառուները հասել էին Աշտարակ, որպեսզի հայտնեն իրենց պահանջը։ «Հայփոստ»-ի նորամուծությունից բողոքող թոշակառուներն ու գյուղապետերը մարզպետ Սարգիս Սահակյանի, «Հայփոստ»-ի ղեկավարության ու սոցիալական ապահովության պետական ծառայության ներկայացուցչի հետ քննարկելով խնդիրը՝ պնդեցին իրենցը։

Թոշակառուներն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասում էին, որ մեկ շաբաթից ավելի է հրաժարվում են գումարները ստանալ նոր տարբերակով։ Նրանց հավաստիացրեցին, որ երկուշաբթի արդեն կստանան թոշակները նախկինի պես։ «Եթե շրջիկ մեքենան երեւա գյուղում, մենք այն կջարդենք», - ասում էին բորբոքված թոշակառուները:

«Հայփոստ»-ի նորամուծությունից վրդովված թոշակառուներն անցած օրերին իրենց բողոքը փորձել էին հայտնել Երեւան - Ապարան միջպետական ճանապարհը փակելով։ Թոշակառուների մտավախությունն այն էր, որ մեքենան չի հասցնի բոլորին գումար հատկացնել՝ մեքենայի ժամանելու պահին հնարավոր է ոմանք գյուղում չլինեն ու զրկվեն գումարներից։

Նրանց բողոքի ձայնը հասել էր Սոցիալական ապահովության պետական ծառայություն: Այն նամակ էր հղել «Հայփոստ»-ին՝ խնդրելով բացատրել, թե ինչու է ծրագիրն իրագործվում առանց իրենց գիտության։ Ծառայության պետի տեղակալ Արայիկ Պարոնյանը մի քանի օր առաջ լրագրողներին հայտնել էր, թե համաձայն կնքված պայմանագրի՝ «Հայփոստ»-ի մասնաճյուղերը պետք է կենսաթոշակառուների կենսաթոշակները վճարեն ըստ կենսաթոշակառուի բնակության հասցեի, եթե կենսաթոշակառուն չի դիմել «Հայփոստ»-ի մասնաճյուղ և ցանկություն չի հայտնել կենսաթոշակը ստանալ նրանց գրասենյակում:

Այսօր «Ազատություն» ռադիոկայանին Պարոնյանը հայտնեց, որ «Հայփոստ»-ը իրականում չի խախտել պայմանագիրը, պարզապես իրենց տեղյակ չի պահել ծրագրի մասին։

«Ես ասել եմ, որ պայմանագրի համաձայն՝ կենսաթոշակառուի կանխիկ վճարումը իրականացվում է կենսաթոշակառուի բնակության հասցեով, եթե կենսաթոշակառուն չի ցանկանում, որ սպասարկվի գրասենյակից, եւ փոստատարը պարտավոր է, համաձայն պայմանագրի, առնվազն երկու անգամ այցելել բնակության վայրի հասցեով, եթե առաջին անգամ այցելելով՝ կենսաթոշակառուն տեղում չի լինում: Պիլոտային ծրագրով պայմանագրի որեւէ կետ չի խախտվել», - ասաց Արայիկ Պարոնյանը:

«Հայփոստ»-ի տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ իրականում իրենց մոտեցումները ինչ-որ մարդիկ աղավաղել են։ Իրենք չեն խախտել իրենց պարտավորությունները, պարզապես փոփոխել են կենսաթոշակի վճարման մեխանիզմը՝ փոստատարի փոխարեն ընտրել էին շրջիկ մեքենան, նշեց նա՝ հավելելով, որ այժմ արդեն կփորձեն վերանայել պիլոտային ծրագիրը:

«Մենք հասկացանք՝ մարդկանց բորբոքումը ինչից է, ու հույսով եմ՝ մենք կվերլուծենք ու լուծումները կտանք, կգտնենք, մարդիկ իրենց թոշակը կստանան», - նշեց Ավագյանը:

«Ինչ-որ մարդիկ ուղղակի, իմ կարծիքով, դեզինֆորմացիա են տարածել», - ընդգծեց «Հայփոստ»-ի տնօրենի պաշտոնակատարը՝ պարզաբանելով, որ ըստ իրենց ծրագրի՝ մեքենան այդ գյուղեր պետք է այցելեր օրումեջ:
XS
SM
MD
LG