Մատչելիության հղումներ

Նախագահը այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն, ուղերձ է հղել Օլանդին


Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ շնորհավորում է դեսպան Անրի Ռենոյին, լուսանկարը՝ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի
Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ շնորհավորում է դեսպան Անրի Ռենոյին, լուսանկարը՝ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի
Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն և երկրի ազգային տոնի` Հուլիսի 14-ի առթիվ շնորհավորել է դեսպան Անրի Ռենոյին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Ֆրանսիայի ամբողջ ժողովրդին:

Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը տոնի առթիվ նաև շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին:

«Համոզված եմ, որ հայ - ֆրանսիական ավանդական բարեկամության վրա հիմնված՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ եվրոպական և միջազգային կառույցների շրջանակներում ձևավորված սերտ համագործակցությունը, տարբեր ոլորտներում հաստատված դինամիկ կապերը, միջխորհրդարանական և ապակենտրոնացված ամուր փոխգործակցությունը մեր համատեղ ջանքերի շնորհիվ առավել կամրապնդվեն», - ասված է, մասնավորապես, ուղերձում:

«Վերստին շնորհակալություն եմ հայտնում այն հետևողական ջանքերի համար, որ Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ, գործադրում է ի նպաստ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման և մեր տարածաշրջանում անվտանգության, կայունության ամրապնդման, համագործակցության զարգացման: Սույն թվականի հունիսի 18-ին Էնիսկիլենում Ձեր, Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների նախագահների կողմից արված համատեղ հայտարարությունն այդ կարևոր ջանքերի ևս մեկ արտահայտությունն է», - Օլանդին գրել է Սարգսյանը:

«Առանձնահատուկ ջերմությամբ եմ հիշում անցյալ տարվա նոյեմբերին մեր հանդիպումը Փարիզում և սիրով սպասում եմ Ձեզ պետական այցով հյուրընկալելու Հայաստանում` համոզված լինելով, որ այն նոր լիցք կհաղորդի Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ամրապնդմանը և մեր ժողովուրդների բարեկամության խորացմանը», - գրում է Հայաստանի նախագահը՝ ֆրանսիացի գործընկերոջը մաղթելով հաջողություններ, իսկ ֆրանսիացի ժողովրդին` բարօրություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG