Մատչելիության հղումներ

logo-print
Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի ղեկավար Բորիս Նավասարդյանի համոզմամբ՝ Վիլնյուսում Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման դեպքում Հայաստանի իշխանությունները պետք է լուրջ պարտավորություններ ստանձնեն:

Ըստ Նավասարդյանի՝ ստորագրվելու դեպքում Հայաստանին կառաջարկվի բարեփոխումների հստակ օրակարգ բոլոր ոլորտներում, որոնց իրականացման պարագայում, օրինակ, գործարարները կարող են ազատ կերպով իրենց արտադրանքը արտահանել եվրոպական շուկաներ: Համապատասխան բարեփոխումների դեպքում կազատականցվի նաև վիզային ռեժիմը Եվրամիության երկրների հետ: Ասոցացման պայմանագրի ստորագրումը նախատեսում է նաև ֆինանսական օգնություն Հայաստանին:

Այս ամենը, նրա փոխանցմամբ, ենթադրում է, որ Հայաստանի իշխանությունները պետք է լուրջ պարտավորություններ ստանձնեն: Մասնավորապես, եվրոպական տնտեսական ընդհանուր գոտի մտնելու համար պետք է ապահովել տնտեսական մրցակցային դաշտ, իսկ դա վախեցնում է Հայաստանի բիզնես և քաղաքական էլիտային, քանի որ գիտակցում են, որ այս անգամ ստանձնելու են այլ որակի պարտավորություններ:

«Եթե «Հազարամյակի մարտահրավեր» ծրագիրը ենթադրում էր, որ կարելի է գումարները ստանալ, բայց իմիտացիոն բնույթ տալ բարեփոխումներին, այստեղ դա չի ստացվելու: Որովհետև Եվրամիությունը հասկանում է, որ փակելով աչքերը կեղծ բարեփոխումների վրա, նրանք վնասում են իրենց: Եվ պարզ է, որ այս իրավիճակում, երբ Եվրամիության հնարավորությունները սուղ են, շատ ավելի լուրջ, շատ ավելի հետևողական և խիստ վերաբերմունք է լինելու», - հավելեց նա:

Նա դժվարացավ ասել՝ կգնա՞ն արդյոք Հայաստանի իշխանությունները տնտեսության ազատականացմանը, մենաշնորհների վերացմանը․ - «Որովհետեւ շատ առումներով մեր քաղաքական համակարգը կապված է հենց մենաշնորհային դիրք ունեցող անձանց հետ, նրանք են այսօր մեր քաղաքական վերնախավը, նրանք են որոշումներ կայացնողները»:

Նավասարդյանը հավելեց, որ Եվրամիությունը բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը բանակցային գործընթացում․ խոսքը վերաբերում է Ասոցացման համաձայնագրի փաստաթղթերի վրա կատարված աշխատանքին, սակայնաԱյլ հարց է, թե ինչպիսի կիրառում կստանա այդ ամենը գործնականում․ - «Իրենք ոչ մի բան չեն կորցնում, իրենք կարող են ցանկացած պահի Ասոցացման պայմանագրի իրականացումը կասեցնել, քանի որ այդ փաստաթուղթը ոչ թե անդամություն է որևէ միավորմանը, այլ կոնտրակտ է՝ բիզնես կոնտրակտ: Կատարում ես քո պարտավորությունները՝ ստանում ես պարտավորությունների կատարում մյուս կողմից, չես կատարում՝ չես ստանում կամ ընդհանրապես պայմանագիրը խզվում է»:

Հարցին, թե ինչը կարող է ստիպել Հայաստանի իշխանություններին դեմ գնալ սեփական շահերին, Բորիս Նավասարդյանն արձագանքեց․ - «Դա առաջին հերթին գիտակցությունն է այսօրվա շահի եւ ապագայի շահի: Կարելի է կենտրոնանալ այսօրվա վրա՝ չմտածելով վաղվա մասին, և վաղը կանգնել կրախի առաջ»:
XS
SM
MD
LG