Մատչելիության հղումներ

Էդվարդ Սնոուդենը ապաստան է հայցում Մոսկվայում


Էդվարդ Սնոուդենը Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում:

Էդվարդ Սնոուդենը Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում:

Ամերիկյան գաղտնի ծառայությունների նախկին պայմանագրային աշխատակիցը «Շերեմետևո» օդակայանում հանդիպել է իրավապաշտպաններին։

Ամերիկայի հետախուզական ծառայությունների նախկին պայմանագրային աշխատող Էդվարդ Սնոուդենը, ով Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից մեղադրվում է պետական գաղտնիքներ հրապարակելու մեջ, քաղաքական ապաստան է հայցում Ռուսաստանում։

Վերջին ժամանակաշրջանում Մոսկվայի «Շերեմետևո» միջազգային օդակայանի տրանզիտային բաժնում գտնվող Սնոուդենը չեզոք գոտի համարվող այդ տարածքում այսօր հանդիպել է իրավապաշտպանների հետ։

Օդակայանի պաշտոնական ներկայացուցիչը հաստատել է, որ Սնոուդենը հանդիպում է նշանակել «Թրանսփերենսի Ինթերնեյշնլ», «Ամնեսթի Ինթերնեյշնլ», «Հյուման Ռայթս Ուոթչ» կազմակերպությունների, ինչպես նաև ռուսաստանցի փաստաբաններ Հենրիխ Պադվայի և Հենրի Ռեզնիկի հետ։

Սնոուդենը «Ռոյթր»-ին հայտնել է, որ հանդիպումը փակ կլինի մամուլի համար, սակայն ինքը մտադիր է ավելի ուշ զրուցել նաև լրագրողների հետ։

Սնոուդենը հունիսի 23-ին Հոնքոնգից է «Աէրոֆլոտ» ընկերության օդանավով ժամանել Ռուսաստանի մայրաքաղաք։

Մինչ այդ նա`գործելով ընդհատակյա պայմաններում, միջազգային մամուլին և իրավապաշտպան կազմակերպություններին փոխանցել է տեղեկություններ, որոնց համաձայն, Ամերիկայի հետախուզական կառույցները տևական ժամանակ գաղտնալսել և գաղտնընթերցել են Եվրոպական միության, եվրոպական առանձին պետությունների և դաշնակից համարվող մի շարք այլ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հեռախոսազանգներն ու էլեկտրոնային նամակագրությունը։

Սնոուդենը մի քանի տասնյակ երկրների է դիմել ապաստանի խնդրանքով։ Դրական են արձագանքել Վենեսուելան, Բոլիվիան և Նիկարագուան։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սնոուդենին հորդորել է դադարեցնել գաղտնի տեղեկությունների հրապարակումը, քանի որ բուն այդ փաստը վնաս է հասցնում «Ռուսաստանի գործընկեր պետություններին»։ Պուտինն ասել է, թե առավել նպատակահարմար տարբերակն այն կլիներ, որ Սնոուդենն ի վերջո ընտրեր որևէ երկրի և մեկներ Ռուսաստանից։ Պուտինը նաև ասել է, որ Սնոուդենը երբևէ չի համագործակցել ռուսական գաղտնի ծառայությունների հետ։

Ռուսական կողմը մերժել է Սնոուդենին ամերիկացիներին հանձնելու՝ Վաշինգթոնի դիմումը, նշելով, որ երկու երկրների միջև չկա արտահանձնման համաձայնագիր և որ փոխանակման հատուկենտ դեպքերում կարգավորվել են բացահայտված ու ձերբակալված ռուսաստանցի և ամերիկացի հետախույզների հարցերը։

«Վեչերնյայա Մոսկվա» պարբերականը հրապարակել է Սնոուդենի նամակն իրավապաշտպաններին։

«Ես շնորհակալություն եմ հայտնում աշխարհի բոլոր խիզախ մարդկանց, բոլոր երկրներին, որոնք ինձ ապաստան տալու համաձայնություն են տվել։ Դժբախտաբար, այս օրերին մենք դարձանք Ամերիկայի պաշտոնական ներկայացուցիչների օրինազանցության ականատեսը։ Կառավարությունը մերժում է ապաստան հայցելու իմ իրավունքը, որն ամրագրված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 14-րդ հոդվածով։ Թշնամական վերաբերմունքը գագաթնակետին է հասել, դեռ երբևէ պատմության ընթացքում չի եղել դեպք, որ քաղաքական փախստականին գտնելու համար վայրէջք պարտադրեն ինքնիշխան պետության նախագահի օդանավին։ Դա սպառնում է ոչ միայն Հարավային Ամերիկայի ինքնիշխանությանը կամ իմ անձնական ավնտանգությանը, այլև վտանգում է առանց հետապնդման ապրելու մարդու իրավունքը։ Օդակայանում կարճ զրույցի ընթացքում մենք կքննարկենք իմ հետագա քայլերը, որոնց ես պետք է դիմեմ ստեղծված իրավիճակում», - ասվում է իրավապաշտպաններին հասցեագրված Էդվարդ Սնոուդենի նամակում։

«Վեչերնյայա Մոսկվայի» փոխանցմամբ՝ այս հանդիպմանը մասնակցելու հրավեր է ստացել նաև ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի մոսկովյան գրասենյակը։

«Ամնեսթի Ինթերնեյշնլ»-ի մոսկովյան գրասենյակի տնօրեն Սերգեյ Նիկիտինն ասել է, որ Սնոուդենի խնդիրը լավ դաս է մեծ թվով երկրների, այդ թվում Ռուսաստանի համար։

«Մարդն ունի իրավունքների ոտնահարման, գաղտնալսումների և գաղտնընթերցումների մասին պատմելու իրավունք։ Հետևաբար, մենք կարող ենք փաստել, որ ԱՄՆ-ի իշխանությունները խախտում են ազատ տեղաշարժի և արտասահմանում ապաստան հայցելու Սնոուդենի իրավունքը»,- ասել է Նիկիտինը։

Սնոուդենի բացահայտումները լուրջ վնաս են հասցրել Ամերիկայի հարաբերություններին Եվրամիության և մի շարք այլ երկրների հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG