Մատչելիության հղումներ

Եվս մեկ քրեական գործ՝ դիզվառելիքի հատկացումների առնչությամբ


Քաղաքացուց ստացված հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ` մատչելի դիզվառելիքի և պարարտանյութերի հատկացումների առնչությամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ:

Համաձայն գլխավոր դատախազության տարածած տեղեկատվության, Արմավիրի մարզի Շենավան գյուղի բնակիչ Հ.Սիմոնյանը հաղորդում է ներկայացրել, որ նշված գյուղի գյուղապետ Ա.Մկրտչյանը գյուղացիներից հավաքել է ՀՀ կառավարության կողմից ինքնարժեքով բաժանվող պարարտանյութի և դիզելային վառելիքի գումարները, սակայն դրանք լիարժեք չի հատկացրել:

«Հ.Սիմոնյանը նաև նշել է, որ Ա.Մկրտչյանը գյուղապետարանի բյուջեից անապահով ընտանիքների համար դուրս է գրել գումարներ, սակայն դրանք բաժանել ապահովված ընտանիքներին` նախկինում նրանցից վերցրած իր պարտքի դիմաց»,- հայտնում է դատախազությունը:

Քաղաքացու հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին): Քրեական գործի նախաքննությունն իրականացնում է ոստիկանության Արմավիրի բաժինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG