Մատչելիության հղումներ

logo-print

Գյուղապետի սպանության մասին տեղեկություն ունեցողները գերադասում են լռել


Աղվան Վարդանյան, Մելանյա Առուստամյան

Աղվան Վարդանյան, Մելանյա Առուստամյան

Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության մասին տեղեկություններ ունեցողներն ու ականատեսները խուսափում են ներկայանալ ոստիկանություն և վկայություն տալ նախաքննության մարմնին։

Չնայած ոստիկանությունը 5000 դոլարին համարժեք դրամական պարգև է խոստացել վկայություններ տալու համար, սակայն ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը համոզմունք հայտնեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մելանյա Առուստամյանը, սպանությանը հաջորդած վախի մթնոլորտը գյուղում կաշկանդում է տեղեկություններ ունեցողներին և նրանք գերադասում են լռել։

«Եթե այդ մարդիկ ականատես են եղել, և չեն հայտնում, որ տեսան, դա պայմանավորված է վախով։ Բա օրը ցերեկով մարդուն սպանում են գյուղի կենտրոնում»,- ասաց Առուստամյանը։

Եվ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը, և Դաշնակցության Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը հայտարարեցին, որ իրենց նպատակն է, որպեսզի սպանության «իրական հեղինակները բացահայտվեն և դատապարտվեն»։

«Մեզ պետք չէ անմեղ մարդկանց դատապարտում»,- ասաց Վարդանյանը`
հիշեցնելով, որ ինքն ու Դաշնակցության ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը այս գործով հանդիպել են Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, և նա վստահեցրել է ամեն ինչ անել հանցագործության լիարժեք բացահայտման համար։

Չնայած ոստիկանապետը խոստացել է երաշխավորել վկայություն տվողների անվտանգությունը, սակայն ինչպես այլ դեպքերում, այս դեպքում էլ քաղաքացիները, ըստ Վարդանյանի, չեն ցանկանում «համագործակցել իրավապահների հետ, վկայություն տալ»։

Դաշնակցական գյուղապետ Հրաչ Մուրադյանը սպանվեց այս տարվա ապրիլի 2-ին հենց գյուղապետարանի շենքի դիմաց, առավոտյան աշխատանքի գալու պահին, հրազենային վիրավորումից: Այս գործով ձերբակալվեցին նույն գյուղի բնակիչներ, եղբայրներ Արայիկ և Արտակ Պետրոսյանները, այնուհետև Արայիկ Պետրոսյանին մեղադրանք առաջադրվեց և նա կալանավորվեց։

Մեր հարցին, թե ի վերջո ո՞րն է եղել սպանության դրդապատճառը, Մելանյա Առուստամյանը պատասխանեց, որ դատելով այն հոդվածից, որով առաջադրված է մեղադրանքը, սպանությունը թերևս կապված է եղել նրա ծառայողական գործունեության հետ, այլ ոչ թե անձնական դրդապատճառներ կան այստեղ։ Մեղադրանք առաջադրված է անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ կապված սպանության հատկանիշներով։

Հարցին, թե արդյոք կասկածներ ունե՞ն, որ կալանավորված երիտասարդն է կրակողը, այլ ոչ թե այլ անձ, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը պատասխանեց, որ ինքը այս պահին կարող է միայն ներկայացնել փորձագետի հետևյալ եզրակացությունը. -«Այն է, որ անտիմոնի հետքեր կան հագուստի թևքերի վրա, որը կարող է կրակոցի դեպքում լինել։ Եվ տղայի վրա կա, և «Նիվա» մեքենայի։ Այսինքն այս տղայի մասնակցությամբ, կամ ներկայությամբ այս տղայի մեքենայից կատարվել է կրակոց»։

Սպանության պատվիրված լինելու մասին հարցին ի պատասխան, փաստաբանը հայտարարեց, որ այս սպանությունը Մուրադյանի դեմ նախկինում կատարված մի շարք դիտավորյալ հանցագործությունների չբացահայտված շղթայի «վերջին օղակն էր»։

«2010 թվականին հրդեհել են Հրաչ Մուրադյանի ֆերմայում գտնվող խոտի դեզը, հրշեջներն անմիջապես կարծիք են հայտնել, որ սա կատարվել է դիտավորությամբ, սակայն այդ նյութերը մնացել են անհետևանք։ Դրան հաջորդել է նույն 2010-ին խուլիգանության և Մուրադյանենց բակից Հրաչ Մուրադյանի եղբոր տղային առևանգելու փորձը, որը վերածվել է ծեծկռտուքի։ Երբ Հրաչ Մուրադյանը գնացել է պարզելու, թե ինչի համար են եկել համապատասխան մարդիկ փորձել առևանգել եղբորորդուն, կրակել են նրա մեքենային ու եղբորորդու վրա։ Բայց մեղադրանք առաջադրել են Հրաչ Մուրադյանի դեմ։ Նույնիսկ այնպիսի վարկած է առաջ քաշվել, որ Մուրադյանն ինքն է սեփական մեքենայի վրա կրակել՝ հանցագործության պատրանք ստեղծելու համար»,- ասաց Առուստամյանը՝ ընդգծելով, որ այս գործն էլ է մնացել առանց բացահայտման։

Փաստաբանի վկայակոչած երրորդ դեպքը 2012 թվականի սեպտեմբերին գյուղապետի ընտրություններին հաջորդած ծեծկռտուքն էր։ Փաստաբանն անուններ չտվեց, բայց, ըստ մամուլի հրապարակումների, ծեծկռտուքը տեղի է ունեցել ընտրված գյուղապետ Մուրադյանի և իշխող Հանրապետական կուսակցության թեկնածու Արթուր Մուրադյանի թիմակիցների միջև։ Արթուր Մուրադյանը հերքում է իր առնչությունը այդ միջադեպին։

Ինչպես հայտնի է նա Պռոշյանի գյուղապետի այս կիրակի կայանալիք ընտրություններում էլ է առաջադրված և մրցում է Հրաչ Մուրադյանի ընտանիքի աջակցությունը վայելող դաշնակցական Վովա Սահակյանի հետ։ Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ Դաշնակցությունն ամեն ինչ անում է գյուղում լարվածությունը չխորացնելու համար, մնացածը կախված է մրցակիցներից։

«Գյուղը վստահ լինի, որ արդար, նորմալ ընտրություններով երեք թեկնածուներից մեկն ընտրվել է գյուղապետ, որովհետեւ հակառակ պարագայում այս լարվածությունը մնալու է,այս լարվածությունը վեց ամիս հետո, հինգ տարի հետո, բացառված չէ, մի այլ ողբերգությամբ է ավարտվելու։ Սա մենք բոլորս պիտի հրաշալի հասկանանք»,- ասաց Վարդանյանը։

Հանրապետական թեկնածու Արթուր Մուրադյանի թիմն էլ իր հերթին է հայտարարում, որ հակված են խաղաղ ընտրապայքարի։

Ի դեպ, հանցագործության լիարժեք բացահայտմանը հետամուտ լինելու համար ստեղծվել է «Հրաչ Մուրադյան- արդարության պահանջ» հասարակական նախաձեռնություն։
XS
SM
MD
LG