Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրները թերահավատ են հակակոռուպցիոն պայքարի նկատմամբ


«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյան
«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյան
Ընդդիմադիրները չեն հավատում կոռուպցիայի դեմ պայքարում իշխանության անկեղծությանը։

«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կարծում է՝ Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության նախկին պետ Տիգրան Վիրաբյանի ձերբակալությունը «Վերահսկիչ պալատի հաշվետվության ներկայացմամբ դեռևս Ազգային ժողովում սկսած թատրոնի շարունակությունն է»։

Վիրաբյանը այժմ ձերբակալված է հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման 2012-2013 թվականների ծրագրերի իրականացման գործընթացում պաշտոնական դիրքն օգտագործելու և մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների յուրացում կատարելու կասկածանքով։

Փոստանջյանը կարծում է, որ հնարավոր կոռուպցիոն դրսևորումները գուցե բացահայտվել են ներիշխանական խժդժությունների պատճառով, քանի որ Վիրաբյանը մատչելի դիզվառելիք էր տրամադրել նաև Ազգային ժողովի նախագահի բարեկամներին։ Պատգամավորը պատահական չի համարում, որ այդ փաստը կառավարության ստուգող մարմինն էր հայտնաբերել։

«Հաշվի ենք առնում ժամանակաշրջանը, ապա մենք հասկանում ենք, որ սա ուղղակի ոչ անկեղծ, այլ ընտրովի գործընթացներ են, որոնք տեղի են ունենում մեկը մյուսի հետ հարաբերվելիս, այլ ոչ թե պետություն և քաղաքացի համատեքստում և այս տրամաբանության մեջ»,- ասաց Փոստանջյանը։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ՀՅ Դաշնակցության ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանն ասաց՝ իշխանությունը որերորդ տարին է խոսքից գործի չի անցնում։ Պատգամավորը իշխանությունների մատուցած «հակակոռուպցիոն փաթեթավորմանը» թերահավատությամբ է նայում։

«Մեզ մոտ գերիշխում է կլանային, օլիգարխիկ շահը, միամտություն է կարծել, թե օլիգարխիան կպայքարի ինքն իր դեմ»,- ասաց Մինասյանը. - «Այն մարդիկ, ովքեր թաթախված են կոռուպցիայի մեջ, չեն կարող արդյունավետորեն պայքարել նույն կոռուպցիայի դեմ»։

Ընդդիմությունը պետք է մասնակցի հակակոռուպցիոն պայքարին, լծակներ ունենա, կարծում է Մինասյանը, սակայն, նրա խոսքով, իշխանության ներկայացուցիչները կոռուպցիայի դեմ պայքարում ընդդիմադիրների ներգրավումը համարում են «իշխանության հանձնում»։

Մինասյանը կարծում է, որ հակակոռուպցիոն պայքարը կարող է կանգնեցնել արտագաղթը, քանի որ մարդիկ նաև անարդարությունից են լքում երկիրը։ Պատգամավորը ելքեր է առաջարկում՝ պետական ծառայողի վարձատրությունը պետք է խելքին մոտ լինի, պատժի պարտադիր կիրառում պետք է լինի կոռուպցիոն դրսևորումների մեջ ներքաշված ցանկացած պաշտոնյայի նկատմամբ։

Կառավարությունում ձեռնպահ մնացին մեկնաբանություններ ներկայացնել հակակոռուպցիոն քայլերի արդյունավետության վերաբերյալ։ Կառավարության հաստատած 2009-2013 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության համաձայն՝ օրենսդիրն ակնկալում էր դեռ 2012-ին քաղաքական կոռուպցիայի մակարդակի կրճատման արդյունքում մեծացնել քաղաքական կայունությունը, բարձրացնել քաղաքական իրավունքների, քաղաքացիական ազատությունների աստիճանը, հզորացնել քաղաքացիական հասարակությանը։ Իբրև թիրախ՝ սահմանվել էր նաև ընտրական գործընթացների կատարելագործումը։

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի՝ շաբաթվա սկզբին հրապարակած հարցումների համաձայն, սակայն, հայաստանցիների գրեթե կեսը կարծում է, որ վերջին երկու տարիներին կոռուպցիոն Հայաստանում աճել է, և մարդիկ չեն ցանկանում ներգրավվել ընտրական կոռուպցիայի դեմ պայքարին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG