Մատչելիության հղումներ

«Չկա Հայաստանի և Ռուսաստանի միջև նախկին փոխադարձ վստահությունը»


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Նովո-Օգարյովոյի իր նստավայրում ողջունում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, 12-ը մարտի, 2013թ․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Նովո-Օգարյովոյի իր նստավայրում ողջունում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, 12-ը մարտի, 2013թ․

Ռուսաստանցի հայտնի քաղաքագետ, «Ռեգնում» գործակալության նախագահ Մոդեստ Կոլերովը համոզված է, որ Հայաստանը միանշանակ արդեն կատարել է իր ընտրությունը և ընտրել է եվրոպական ինտեգրման ճանապարհը:

Ըստ Կոլերովի, սա սոսկ քաղաքական որոշում է և տնտեսական առումով չի կարող օգտակար լինել Հայաստանի համար, քանի որ եվրոպական շուկան բարդ վիճակում է, հայկականն էլ շատ փոքր է: Բացի այդ, ինչպես և Մաքսային միության անդամ երկրների հետ՝ Եվրամիության անդամ երկրների հետ ևս Հայաստանը չունի ընդհանուր սահման:

Այն կարծիքը, թե Հայաստանը երկընտրանքի առաջ է՝ Եվրամիություն, թե Եվրասիական միություն, սխալ կարծիք է, նշում է Կոլերովը՝ մանրամասնելով, որ Եվրասիական միությունն այսօր դեռ գոյություն չունի, և Հայաստանին էլ ոչ այդ գոյություն չունեցող Եվրասիական միություն, ոչ էլ Մաքսային միություն ոչ ոք դեռ չի հրավիրել:

Նույնիսկ եթե, Կոլերովի ասելով, չեն էլ հրավիրել, Հայաստանի բանակցությունները Եվրամիության հետ, դատելով ռուսաստանցի փորձագետի մեկնաբանություններից, Մոսկվայում հանգիստ չեն ընդունել:

Կոլերովը խոսում է այն մասին, որ ասոցացված անդամակցության շուրջ բանակցությունները միայն սկիզբն է մեծ գործընթացի:

Լինելով, ըստ էության, Եվրասիական միության մաս կազմող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ և սկսելով բանակցությունները Եվրամիության հետ՝ Երևանը, ըստ ռուսաստանցի փորձագետի, ցույց է տալիս, որ «բավարարված չէ անվտանգության այն ծավալով, որ նրան տալիս է ՀԱՊԿ-ը», և անվտանգության նոր երաշխիքներ է ակնկալում ոչ միայն Եվրամիությունից, այլև ՆԱՏՕ-ից:

Մոդեստ Կոլերովը համոզված է, որ չի կարելի լինել Եվրամիության ասոցացված անդամ և չանդամակցել ՆԱՏՕ-ին, ու նույնիսկ ասում է, որ չի զարմանա, «եթե մոտակա տարիներին Հայաստանում դրվի ռուսական ռազմակայանի վաղաժամ դուրսբերման հարցը»:

ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության մասին խոսելիս էլ ռուսաստանցի փորձագետը օգտագործում է «դեռ անդամակցում է» արտահայտությունը:

Չկա Հայաստանի և Ռուսաստանի միջև նախկին փոխադարձ վստահությունը, և հենց այդ վստահության կորստի արդյունք է համարում Կոլերովը Ռուսաստանի կողմից Ադրբեջանին հսկայական քանակով զենքի վաճառքը:

«Այս պայմանագրով Ռուսաստանը խախտում է ուժերի հավասարակշռությունը և բացի այդ զենք է վաճառում մի երկրի, որն անընդհատ հանդես է գալիս ռազմաենչ հայտարարություններով», - ընդգծում է ռուսաստանցի քաղաքագետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG