Մատչելիության հղումներ

Հրապարակի վերակառուցման նախագծի մրցույթին կմասնակցեն նաև արտերկրից


Երեւանի Հանրապետության հրապարակը երեկոյան
Երեւանի Հանրապետության հրապարակը երեկոյան
Երևանի քաղաքապետարանը մայիսի վերջին հայտարարված՝ Հանրապետության հրապարակի վերակառուցման նախագծի ճարտարապետական մրցույթի պայմաններում մի շարք փոփոխություններ է մտցրել:

Գլխավոր փոփոխությունը, թերևս, այն է, որ այժմ մրցույթի համար հայտարարված պայմաններից հանվել է մասնակիցների քաղաքացիությանը վերաբերող կետը, ինչը նշանակում է, որ հայտեր կարող են ընդունվել նաև այլազգի ճարտարապետներից:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց մրցութային հանձնաժողովի նախագահ, Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի մամլո խոսնակ Անահիտ Եսայանը, պայմաններում փոփոխության պատճառը այն է, որ մրցույթով շատ են հետաքրքրվում նաև արտասահմանյան երկրներից:

«Երևանի քաղաքապետարան են դիմել արտերկրյա մի շարք ճարտարապետներ՝ խնդրելով քաղաքապետարանի կողմից Հանրապետության հրապարակի ճարտարապետական բաց նախագծային մրցույթի համար հայտարարված պայմաններից հանել մասնակիցների քաղաքացիությանը վերաբերող տաբուները, որպեսզի նրանք նույնպես հնարավորություն ունենան մասնակցել հայտարարված մրցույթին: Եվ հաշվի առնելով այդ հանգամանքը՝ քաղաքապետարանը կատարել է անհրաժեշտ փոփոխություն, հնարավորություն կունենան մասնակցելու Հայաստանից և այլ երկրներից մասնակիցներ, ճարտարապետներ, և ժամկետների մեջ են փոփոխություններ տեղի ունեցել», - փոխանցեց Եսայանը:

Նախկին պայմաններով նախատեսվում էր, որ հայտեր պետք է ներկայացվեին մինչև օգոստոսի 29-ը, մինչդեռ հիմա հայտեր կարելի է ներկայացնել մինչև հոկտեմբերի 15-ը: Իսկ թե ինչ փոփոխությունների կենթարկվի Հանրապետության հրապարակը՝ պարզ կլինի նոյեմբերի 5-ին:

«Ցանկություն հայտնողներ բավականին կային, դեռ երևի մի երկու-երեք շաբաթ առաջ մեկ տասնյակից ավելի կային: Կային, ուրեմն, հետաքրքրված մարդիկ, այսինքն՝ պոտենցիալ հայտատուներ», - ասաց Անահիտ Եսայանը:

Մայիսի վերջին Երևանի Հանրապետության հրապարակի վերակառուցման համար հայտարարված բաց մրցույթը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ավելի վաղ ասել էր մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, պետք է լուծում տա հրապարակի տակ ստորգետնյա կայանատեղիներ կառուցելու, հրապարակի կենտրոնում կառուցված գորգային հատվածը շահագործելու, ինչպես նաև Լենինի արձանի տեղում որևէ բան կառուցելու կամ չկառուցելու խնդիրներին:

Ի դեպ, Երևանի գլխավոր ճարտարապետը մրցույթին չի մասնակցի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG