Մատչելիության հղումներ

logo-print

Հուլիսի 12-ի մամուլ


Գնահատելով նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությունը, թե Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո չի կարող լիարժեքորեն գործել, եթե Հայաստան - Թուրքիա սահմանը մնա փակ՝ «Ժամանակ» թերթը նկատում է․ - «Մի կողմից Սերժ Սարգսյանն, ըստ ամենայնի, փորձում է իր համար նահանջի տեղ ապահովել, և եթե լուրջ սպառնալիքներ լինեն Ռուսաստանի կողմից, որոնք, ի դեպ, արդեն իսկ բավական կոնկրետ են հնչում, հայ-թուրքական սահմանի փակ լինելու պատճառաբանությամբ առկախի Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը, և մյուս կողմից էլ` Սերժ Սարգսյանը, հայ-թուրքական սահմանի բացման հարցը բարձրացնելով, միգուցե եվրոպացիներին ակնարկում է, որ եթե սահմանը հաջողվի բացել, դա կօգնի Հայաստանի վրա ռուսական տնտեսական և քաղաքական ճնշումը էապես թուլացնելուն: Եվրամիության համար էլ նման հեռանկարը հասկանալի է, սակայն ամբողջ խնդիրն այն է, թե ինչքանով է հնարավոր Թուրքիային պարտադրել սահմանի բացում, և ընդհանրապես` ինչքանով է այդ խնդիրը օրակարգային հենց Եվրամիության համար, որը հայ-թուրքական սահմանը դիտարկում է որպես Թուրքիայի վրա ազդեցության լծակներից մեկը, որից հրաժարվելու մտադրություն միգուցե և առայժմ չունի»:

Թեման շարունակում է lragir.am-ը․ - «Եվրոպացի պաշտոնյաներն արդեն բազմիցս ակնարկել են, որ չեն կարող ստիպել Թուրքիային առանց նախապայմանների բացել Հայաստանի հետ սահմանը: Ղարաբաղյան շրջանների զիջման տեսքով նախապայմաններին էլ համաձայն չեն Սերժ Սարգսյանն ու Արևմուտքը: Իսկ դա նշանակում է, որ հայ-թուրքական սահմանի բացումը Սերժ Սարգսյանի կողմից ի սկզբանե անիրականանալի պայման է»:

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագիրը գրում է․ - «Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստանի իշխանությունները տեսանելիորեն կարծրացրել են պաշտոնական դիրքորոշումը՝ միանգամայն իրավացի փաստարկներ ներկայացնելով թե՛ ԵՄ-ին, թե՛ Ռուսաստանին: Վերջինիս դեպքում, հիշեցնենք, Լեռնային Ղարաբաղի հարցն է․ արդյոք Մաքսային միությանն անդամակցելու դեպքում Ղարաբաղը ևս կներառվի միասնական մաքսային գոտում՝ դրանից բխող բոլոր տնտեսական և հատկապես քաղաքական հետևանքներով, թե ոչ: Բնականաբար, այս հարցում առկա են բազմաթիվ խոչընդոտներ, և Եվրասիական միության պոտենցիալ անդամներից հատկապես Ղազախստանն ամեն կերպ խոչընդոտում է այս հեռանկարը: Իսկ Հայաստանը ստեղծված իրավիճակում փորձում է մանևրելով երկու ուղղությունների միջև` իր համար քաղել առավելագույն օգուտները: Թե որքանով դա կստացվի, պարզ կդառնա արդեն ամենակարճ առաջիկայում: Մինչև նոյեմբեր քիչ ժամանակ մնաց»:

«Հրապարակ»-ի մեկնաբանը հարցեր է բարձրացնում․ - «Ինչո՞ւ ՀՀ արտգործնախարարությունը որևէ հայտարարություն չի անում կամ նոտա չի հղում Ռուսաստանին՝ մեր թշնամի երկրին (այդ երկիրն է մեզ թշնամի հռչակել) զենք մատակարարելու կապակցությամբ: Ինչո՞ւ է Էդվարդ Նալբանդյանն այդ պատիվը թողել ԶԼՄ-ներին: Արտգործնախարարի խոսնակին թողնես՝ թերթերին նոտա հղի, թե հերյուրանք են տպում: Բարի եղեք խոսել, ուրեմն, երբ մեկ միլիարդ դոլարի զանգվածային ոչնչացման զենք են բերում Ադրբեջան, ու ոչ ոք էլ չի երաշխավորում, որ այդ զենքը չի գործադրվի մեր դեմ: Դարձյալ մամուլն է ընկել ոտքի տակ՝ կա, չկա, այդ ճանապարհով Ռուսաստանը զենք է տեղափոխում ադրբեջանաիրանական սահման, կրնա պատահել, որ այդ ժեստով Պուտինը ցույց կուտա իր աջակցությունն Ալիևին՝ ընտրություններից առաջ, արա, ախպեր, զենքը տվել են, բայց կրակելու ձևը թուրքերին չեն սովորեցրել…»:

«Հայաստանի տնտեսական կառավարման համակարգը գործում է հստակ սկզբունքներով», - գրում է «Չորրորդ իշխանություն»-ը՝ մանրամասնելով․ - «Որքան էլ իշխանական քարոզչամիջոցները փորձեն հասարակության գիտակցության մեջ արմատավորել այն միտքը, թե իբր Սերժ Սարգսյանն ուզում է «ծյունինգ անել» այդ համակարգը, միևնույն է՝ ակնհայտ է, որ խոսքն ընդամենը հանցավոր մոդելի արդիականացման մասին է: Հիմա մի տեսակ մոդայիկ է դարձել՝ բոլորն իրար նույն հռետորական հարցն են տալիս․ «Իսկ ի՞նչ է մտածում հպարտ սյունեցին»: Հպարտ լիներ՝ քսան տարի այդ ստրկական վիճակը չէր հանդուրժի: Նույնն էլ կարելի ասել ամբողջ Հայաստանի մասին․ հպարտ լիներ՝ վաղուց քշած կլիներ այս իշխանություններին: Բայց ֆեոդալական այս համակարգում հպարտությունը հետին պլան է մղված․ «վասալներն» էլ ոչ մի կերպ չեն ուզում հասկանալ, որ բարի կամ չար, «ընդդիմադիր» կամ «այլընտրանքային» ֆեոդալներ չեն լինում, ֆեոդալը մնում է ֆեոդալ: Դրա համար էլ Սերժ Սարգսյանը հանգիստ շարունակում է համակարգի «ծյունինգը»: Ո՞ւմից պիտի զգուշանա»:

Նույն թեմայով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG