Մատչելիության հղումներ

logo-print

Ընտրողին վիրավորած Վիրաբյանը ձերբակալվել է պետական միջոցների յուրացման կասկածանքով


Արարատի մարզպետարանում զգուշանում են խոսել նախկին գործընկերոջ՝ գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության նախկին պետ Տիգրան Վիրաբյանի ձերբակալության շուրջ։

Ֆինանսների նախարարությունը ուսումնասիրություններ է անցկացրել Արարատի մարզում ու չարաշահումներ հայտնաբերել, ինչի հիման վրա էլ Վիրաբյանը ձերբակալվել է: Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, նա կասկածվում է առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների յուրացման մեջ։ Խոսքը վերաբերում է գյուղատնտեսներին մատչելի գներով վառելանյութի հատկացման պետական ծրագրին:

Հանրապետական Վիրաբյանի անունը հանրության ուշադրության կենտրոնում հայտնվել էր ավելի վաղ՝ ընտրություններին նա Արտաշատում տեղակայված 17/4 ընտրատեղամասի տեղամասային հանձնաժողովի նախագահն էր եւ ընտրատեղամասում վեճի էր բռնվել ընտրողներից մեկի ու դիտորդի հետ, նրանց հասցեին վիրավորական խոսքեր հնչեցրել։ Վերջիններս Վիրաբյանին դատի էին տվել, բայց առաջին ատյանի դատարան ներկայացված բողոքը վերջերս մերժվեց։ Այդ թոհուբոհի մեջ էլ նա մայիսի 24-ին աշխատանքից ազատման դիմում էր գրել։ Մարզպետ Բարսեղյանը ընտրություններից հետո «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, որ շատ լուրջ խոսակցություն է ունեցել Վիրաբյանի հետ: Վիրաբյանն այն ժամանակ աշխատանքից ազատվելու մտադրություն չէր հայտնել:

Արարատի փոխմարզպետ, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Կարլեն Հակոբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ իրենք չգիտեն, թե ֆինանսների նախարարության վերահսկողական տեսչությունը մարզի որ գյուղերում է չարաշահումներ հայտնաբերել։ Փոխմարզպետը հավելեց, որ տասներկու տարվա իրենց գործընկերը բարեխիղճ աշխատող էր։

Հիշեցնենք՝ վառելանյութի բաշխման շրջանում մամուլում մեծ աղմուկ հանեցին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի ծննդավայրում՝ Մխչյան գյուղում կատարված հատկացումները։ Նրա հարազատներին էր հատկացվել 48 հազար լիտր վառելանյութ։ Կառավարության կողմից հատկացված վառելանյութի մեկ լիտրը վաճառվել է 350 դրամով, ինչը ավելի քան 100 դրամով ցածր է շուկայական գներից։ Մխչյանի գյուղապետ Խաչիկ Պողոսյանն «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ իրենց գյուղում ֆինանսների նախարարությունը ստուգումներ չի իրականացրել, ու իրականում այդ հարցում որեւէ չարաշահում չկա։ Նա նշեց, որ վառելանյութը հատկացվել է այնքան, որքան պահանջել են գյուղացիները։

Համեմատության համար նշենք, որ նույն մարզի Դվին գյուղում տասը տոննա վառելանյութ են հատկացրել շուրջ 27 տնտեսության։ Դվինի գյուղապետարանում ֆինանսների նախարարությունը ստուգումներ է իրականացրել եւ որեւէ չարաշահում չի հայտնաբերել, ասում են գյուղապետարանում։

Վիրաբյանի տան դուռը փակ էր, եւ ոչ ոք չպատասխանեց մեր զանգերին։ Նրա ավտոմեքենան կայանած էր բակում։ Հարեւաններն ասացին, որ լսել են դեպքի մասին, բայց որեւէ հստակ տեղեկություն չունեն։
XS
SM
MD
LG