Մատչելիության հղումներ

«Հայփոստ»-ը մասնակիորեն խախտել է նախարարության հետ կնքած պայմանագիրը


Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն այսօր գրավոր դիմել է «Հայփոստ»-ին՝ պահանջելով պարզաբանել, թե ինչու իրենց նախապես տեղյակ չեն պահել, որ Արագածոտնի մարզի 6 գյուղերում պիլոտային ծրագիր է իրականացվելու:

Հիշեցնենք երեկ այդ գյուղերի թոշակառուները փակել էին Ապարան - Երևան մայրուղին՝ բողոքելով այդ նորամուծությունից ու պահանջելով, որ թոշակները նախկինի պես բաժանեն գյուղերի փոստատարները:

Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի տեղակալ Արայիկ Պարոնյանն այսօր հրավիրած ասուլիսում նշեց, որ «Հայփոստ»-ը մասնակիորեն խախտել է իրենց հետ կնքած պայմանագիրը․ - «Համաձայն կնքված պայմանագրի, «Հայփոստ» ՓԲԸ-ի մասնաճյուղերը պետք է կենսաթոշակառուների կենսաթոշակները վճարեն ըստ կենսաթոշակառուի բնակության հասցեի՝ եթե կենսաթոշակառուն չի դիմել «Հայփոստ»-ի մասնաճյուղ և ցանկություն չի հայտնել կենսաթոշակը ստանալ նրանց գրասենյակում»:

Ընդ որում՝ ըստ պայմանագրի, թոշակառուն պետք է նախապես տեղեկացված լինի «Հայփոստ»-ի աշխատակցի այցելության օրերի և ժամերի մասին:

Ուստի պայմանագրի այս կետերը մասնակիորեն խախտվել են․ - «Նախկին փոստային մասնաճյուղի աշխատողը չի կենսաթոշակը վճարել, վճարել է իրենց աշխատակիցը: Մեքենայով գնում է, գյուղի կենտրոնում կանգնում է և սպասարկում է կենսաթոշակառուներին: Մեկը հասցնում է այդ ընթացքում ստանալ, մյուսը չի հասցնում, մեկը տանը չի»:

Պարոնյանը նշեց, որ իրենք պատրաստ են առաջացած բոլոր հարցերը քննարկել «Հայփոստ»-ի ներկայացուցիչների հետ:

«Հայփոստ»-ի մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ վաղը և մյուս օրը շրջիկ մեքենան կրկին կլինի նշված գյուղերում ու կսպասի կենսաթոշակառուներին, իսկ հաջորդ շաբաթվանից իրենց աշխատակիցը գյուղի փոստատարի օգնությամբ կայցելի կենսաթոշակառուների տները՝ հանձնելու այն մարդկանց կենսաթոշակները, ովքեր չեն հասցրել կամ չեն ցանկացել այն ստանալ շրջիկ մեքենայից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG