Մատչելիության հղումներ

Միջազգային հանրության համար կարևոր է Հայաստանում «լավ գործընկերներ ունենալը»


Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերն
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերն
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի ներկայացմամբ՝ ԱՄՆ-ի և ընդհանրապես միջազգային հանրության համար կարևոր է լավ գործընկերների առկայությունը Հայաստանում, որոնց միջոցով հնարավոր կլինի բարեփոխումներ իրականացնել և բարելավել հայաստանյան գործարար միջավայրը։

Հինգշաբթի արդարադատության նախարարությունում նախարար Հրայր Թովմասյանը և դեսպան Ջոն Հեֆերնը «Հայաստանում գործարար միջավայրի խթանման ուղղված բարեփոխումների և վեճերի այլընտրանքային կարգավորման համակարգի վերաբերյալ» հուշագիր ստորագրեցին։ Հուշագրի շրջանակներում ամերիկյան կողմը աջակցություն է ցուցաբերելու Հայաստանին նշված համակարգը բարելավելու ուղղությամբ, ինչը պետք է օգնի գործարարներին ավելի արագ կարգավորել իրենց միջև առաջացած վեճերը։

ԱՄՆ-ի դեսպանը խոսել է Հայաստանում գործարար միջավայրի մասին, մասնավորապես, շեշտելով ազատ մրցակցության դերը տնտեսության զարգացման գործում։

Հիշեցնենք, մոտ երկու ամիս առաջ գործարար միջավայրի վերաբերյալ ուշագրավ հրապարակմամբ հանդես էին եկել Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը և Հայաստանում հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Գիյերմո Տոլոսան՝ կոչ անելով Տիգրան Սարգսյանի կառավարությանը արագացնել բարեփոխումների տեմպերը։ «Դեռևս համատարած են այն իրավիճակները, երբ արտոնյալ շուկայական պայմաններ են ապահովվում լավ կապեր ունեցող մասնակիցների համար, կամ տնտեսվարող սուբյեկտները ունենում են շահույթների անարդարացի կորուստներ»,- նշել էին հրապարակման հեղինակները։

Այսօր ներկայացնելով իր գնահատականը այն մասին, թե որքանով են իրականում կառավարության ջանքերը բարելավում Հայաստանում գործարար միջավայրը, դեսպանը Հեֆերնը ասաց. -«Հարցը Հայաստանի տնտեսության խնդիրների կամ մարտահրավերների մասին չէ։ Հարցն այն է, թե արդյոք միջազգային հանրությունն ունի լավ գործընկերներ Հայաստանում, որոնց հետ կարող է աշխատել գործարար միջավայրի, դատաիրավական համակարգի բարելավման ուղղությամբ։ Այդ պատճառով մենք այսօր այստեղ ենք, արդարադատության նախարարության հետ աշխատում ենք դատաիրավական բարեփոխումների իրականացման ոլորտում, և դատական համակարգը կարևոր, առանցքային ոլորտ է գործարար միջավայրի բարելավման համար»։

Հարցին անդրադարձավ նաև արդարադատության նախարարը՝ ասելով, թե վերջին տարիներին կառավարության գործադրած ջանքերի արդյունքում Հայաստանն էականորեն բարելավել է իր դիրքերը Doing Bussiness-ում։

«Ընդամենը մեկ տարի առաջ Հայաստանում իրավաբանական անձ գրանցելու համար դուք ստիպված էիք 7-8 օր ժամանակ ծախսել, անցնել 5-6 պետական մարմին՝ կոռուպցիոն ռիսկերով, առանձին վճարներով և այլն։ Ես, առանց այս աշխատասենյակից դուրս գալու, 15 րոպեի ընթացքում կարող եմ իմ անվամբ իրավաբանական անձ գրանցել Հայաստանում»,- ասաց նախարարը։

Մինչդեռ Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընդգծեց, որ օրենքների առումով կառավարությունը բարենպաստ պայմաններ ստեղծել է, սակայն իրականում իշխող քաղաքական ուժի, կլանների հետ կապեր չունեցող գործարարի համար դժվար կլինի բիզնես վարել Հայաստանում։

«Կառավարությունը հետևողական չէ, իր կառուցվածքները արդյունավետ չեն, բյուրոկրատիան շատ է, ախպերություն-ընկերությունը, քաղաքական կուսակցությունների շահը այնքան է մխրճվել տնտեսության մեջ, որ տարանջատելը շատ է բարդ է», - ասաց Մակարյանը։

Սիրիահայ գործարար Նժդեհ Թուֆենկչյանը վերջերս է առնչվել Հայաստանում բիզնես սկսելու դժվարություններին։ Նա արդեն մեկ տարի ու կես Երևանում է, այստեղ ունի փոքր բիզնես, սակայն երբ ցանկացել է զբաղվել ներկրումներով, պարզել է, որ դա փաստորեն անհնար է։

«Ես օգտագործված ապրանք էի տեղափոխում Ճապոնիայից Սիրիա, և այդ գործը դյուրացված չէ Հայաստանում։ Օգտագործած ապրանքի մասին հասկացողություն կա, որը ավելի քիչ մաքսային տուրքի պետք է ենթարկվի միջազգային օրենքով։ Բայց Հայաստանի պարագայում այդ դրույթը հստակեցված չէ, դրա համար շատ դժվարացա, հարցրեցի նման ապրանքների մաքսային արժեքը, ահավոր թիվ դուրս եկավ, չկարողացա բերել»,- ասաց Թուֆենկչյանը։
XS
SM
MD
LG