Մատչելիության հղումներ

logo-print

Հենրիկ Իգիթյանի անվան մրցանակը շնորհվեց Արսինե Խանջյանին


«Ոսկե Ծիրան»-ի հիմնադիր Հարություն Խաչատրյանն Արսինե Խանջյանին է հանձնում Մինասի գծանկարը:

«Ոսկե Ծիրան»-ի հիմնադիր Հարություն Խաչատրյանն Արսինե Խանջյանին է հանձնում Մինասի գծանկարը:

Այսօր կանադահայ անվանի դերասանուհի Արսինե Խանջյանը համաշխարհային կինոարվեստում ունեցած իր ներդրման համար Հայաստանի ժամանակակից արվեստի թանգարանում ստացավ թանգարանի հիմնադրի՝ Հենրիկ Իգիթյանի անվան առաջին մրցանակը:

Մրցանակը սահմանել է «Բարձր արվեստ» կենտրոնը: Կենտրոնի ղեկավար Սարգիս Գրիգորյանը Արսինե Խանջյանին նվիրեց Մինաս Ավետիսյանի «Մերկ կինը» գծանկարը, որը ձեռք էր բերել Մինասի ընտանիքի հավաքածուից:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Սարգիս Գրիգորյանն ասաց, որ անչափ տպավորված է «Արարատ» ֆիլմում Արսինե Խանջյանի կերտած կերպարից․ - «Հայկական գեղարվեստի տարածման համար այս առաջին մրցանակը, որ մեր վաստակաշատ արվեստաբան Հենրիկ Իգիթյանի անունն է կրում, որոշեցինք իրեն տալ»:

Արսինե Խանջյանն անակնկալի գալով, որովհետև չգիտեր, որ այդպիսի պարգև է ստանալու՝ հուզմունքից արտասվեց․ - «Իսկապես անակնկալ է: Շատ հուզիչ պահեր են: «Ոսկե Ծիրան»-ը հոյակապ առիթ է թե՛ Ատոմի, թե՛ ինձ համար, որ ամեն տարի մեր այցելությունը կատարենք դեպի Հայաստան»:

«Ոսկե Ծիրան» կինոփառատոնի պաշտոնական ծրագրի շրջանակներում այսօր «Բարձր արվեստ» կենտրոնի նախաձեռնությամբ Ժամանակակից արվեստի թանգարանում շատ հետաքրքիր ցուցահանդես է բացվել: Այն կրում է «Արևելքից՝ Արևմուտք, Մոդեռնից՝ Պոստ-Մոդեռն» խորագիրը եւ ներկայացնում է անձնական հավաքածուներում պահվող ժամանակակից հայ կերպարվեստի յոթ տասնյակից ավելի ստեղծագործություններ:
XS
SM
MD
LG