Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ժամանեց Քիշնև


Նախագահներ Սերժ Սարգսյանի և Նիկոլաե Տիմոֆտիի հանդիպումը, լուսանկարը՝ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի
Նախագահներ Սերժ Սարգսյանի և Նիկոլաե Տիմոֆտիի հանդիպումը, լուսանկարը՝ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի
Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր աշխատանքային այցով ժամանել է Մոլդովա:

Մինչ մայրաքաղաք Քիշնևում Եվրոպական ժողովրդական կուսակցության Արևելյան գործընկերության առաջնորդների գագաթնաժողովի մեկնարկը, Հայաստանի նախագահը հանդիպում է ունեցել Մոլդովայի նախագահ Նիկոլաե Տիմոֆտիի հետ:

Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ - մոլդովական քաղաքական երկխոսությունն ակտիվացնելու և առևտրատնտեսական ոլորտում համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ հարցերի լայն շրջանակ: Սերժ Սարգսյանը նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո երկկողմ հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում առկա ներուժը լիարժեքորեն չի օգտագործվել, և այժմ անհրաժեշտ է երկկողմ ակտիվ աշխատանքով, հաճախակի փոխայցելություններով ու տարբեր մակարդակի հանդիպումներով լրացնել բաց թողնվածը, ինչը բխում է երկու բարեկամ ժողովուրդների շահերից: Նա կարևորել է նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում սերտ գործակցությունը:

Երկու երկրների նախագահների երկկողմ, ապա ընդլայնված ձևաչափով բանակցություններից հետո տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն: Մասնավորապես, ստորագրվել են Հայաստանի և Նոլդովայի մշակույթի նախարարությունների միջև համագործակցության մասին համաձայնագիր և Հայաստանի գյուղատնտեսության նախարարության և Մոլդովայի գյուղատնտեսության և սննդարդյունաբերության նախարարության միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր:

Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև Մոլդովայի վարչապետ Յուրի Լյանկեի հետ, քննարկել փոխշահավետ տարբեր ոլորտներում Հայաստանի և Մոլդովայի միջև տնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները: Զրուցակիցները այդ առումով կարևորել են երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի դերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG