Մատչելիության հղումներ

Հակոբ Պարոնյանի անվան պուրակում նախատեսվող շինարարությունը ապօրինի ճանաչելու գործով դատական նիստը այսօր եւս հետաձգվեց 10 օրով:

Պատճառը քաղաքապետարանի ներկայացուցչի միջնորդությունն էր, որպեսզի դատական գործում ներկայացվի նաև քաղաքապետի որոշումը, որը Տարոն Մարգարյանը պետք է ստորագրի առաջիկա մի քանի օրերի ընթացքում: Իսկ որոշումը վերաբերելու է Պարոնյանի անվան պուրակում նախատեսվող կառուցապատումը մեկ այլ վայր տեղափոխելուն:

«Դատաքննության ընթացքում քաղաքապետի կողմից տրվել էր հանձնարարական, որպեսզի գործը լուծվի հաշտությամբ, այսինքն՝ հողամասի փոխանակում կատարվի: Կառուցապատողին Սուրենյանց 4/2 հասցեից կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասի փոխարեն համարժեք մեկ այլ հողամաս տրամադրվի, որպեսզի հարցը լուծվի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության իրավաբան Վահագն Պետրոսյանը:

Այսինքն՝ Պարոնյանի անվան պուրակի փոխարեն ընկերությունը իր շինությունը կկառուցի այլ վայրում:

2009 թվականին «Մեծ Մհակ» ընկերությանը կառուցապատման իրավունքով հողամաս էր տրամադրվել Հակոբ Պարոնյանի անվան պուրակում: Սակայն որևէ հանրային լսումներ չէին իրականացվել՝ պուրակի՝ հանրային համարվող տարածքի կարգավիճակը փոխելիս: Որպես արդյունք՝ կառուցապատողը ցանկապատել էր տարածքը և պատրաստվում էր շինարարություն սկսել:

«Դա 2011-ի ձմռանն էր, երբ պարզեցինք, որ շենքին հարակից պուրակում պատրաստվում էին շինարարություն սկսել: Բնակիչները ոտքի կանգնեցին և շինարարությունը կանխելու լավագույն մեթոդը արգելանք դնելն էր, քանի որ ամեն անգամ կառուցապատողը սպառնում էր, որ պետք է շինարարական տեխնիկան բերի»,- նշեց բնակիչներից Գոհար Հայրապետյանը:

Դատարան են դիմել 6 բնակիչներ՝ կառուցապատող ընկերությանը ապօրինի ցանկապատը քանդել հարկադրելու, ծառահատումներն արգելելու և շինարարությունը անվավեր ճանաչելու հայցով:

«Շրջանառվող լուրերի համաձայն այդտեղ մոթել պետք է կառուցվեր: Բազմաբնակարան շենքերի բակում, որոնք բակ չունեն, և դա միակ տեղն էր որտեղ խաղում էին մեր երեխաները, պետք է մոթել լիներ», - փոխանցեց Գոհար Հայրապետյանը:

Մոթելը կամ նախապես նշված գրասենյակային տարածքը «Մեծ Մհակը» արդեն կկառուցի քաղաքապետարանի առաջարկած Եղվարդի խճուղուն հարակից տարածքում: Իսկ հարցին, թե ինչպես է այգու տարածքում կառուցապատման թույլտվություն տրամադրվել, քաղաքապետարանի ներկայացուցիչը արձագանքեց, որ ամեն դեպքում սխալն արդեն ուղղվել է:

Բնապահպան ակտիվիստ Արթուր Ավթանդիլյանը բնակիչների կողքին է եղել պայքարի հենց առաջին օրերից: Նրա խոսքով՝ մինչև չտեսնեն քաղաքապետի որոշումը կառուցապատումը այլ վայրում իրականացնելու մասին, հայցը ետ չեն վերցնի:
XS
SM
MD
LG