Մատչելիության հղումներ

«Արմավիա» ավիաընկերության 67 նախկին աշխատակիցներ դիմել էին աշխատանքի պետական տեսչությանը, որպեսզի այն զբաղվի իրենց չվճարված աշխատավարձերի խնդրով։

Բացի այդ կառավարության դիմաց վերջերս անցկացված բողոքի ակցիայի ժամանակ գործադիրը ևս աշխատավարձերի հետ կապված «Արմավիայի» աշխատակիցների դիմումը հասցեագրել էր Աշխատանքի պետական տեսչությանը։

Դիմումները հիմք են հանդիսացել, որպեսզի Աշխատանքի պետական տեսչությունը մայիսի վերջին վարչական վարույթ հարուցի, այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց տեսչության իրավական վերահսկողության բաժնի պետ Վարազդատ Դանիելյանը։ Դիմումներում առկա որոշ հարցերի պատասխաններ ստանալու համար անհրաժեշտություն էր առաջացել անցկացնել վարչական լսումներ։ Հունիսի 11-ին հրավիրված լսումների համար տեսչությունը «Արմավիա»-ից որոշ փաստաթղթեր էր պահանջել։ Ընկերության ներկայացուցիչը մասնակցել էր լսումներին, սակայն չէր ներկայացրել պահանջվող փաստաթղթերը։ Դանիելյանը ասում է՝ երկրորդ լսումների ժամանակ «Արմավիա»-ի ներկայացուցիչը չի մասնակցել և ներկայացրել համապատասխան փաստաթղթերը։

«Վարչական լսումների ժամանակ նաև լրացուցիչ հարցեր առաջացան՝ իրենց գիշերային աշխատանքի հետ կապված, արտաժամյա աշխատանքի համար պակաս աշխատավարձեր էին հաշվարկել, նաև մի քանի աշխատողների տրված հաշվարկային թերթիկների ուսումնասիրությունը ակնհայտորեն ցույց է տալիս, որ ընկերությունը պակաս հավելումներ է հաշվարկել», - ասում է պաշտոնյան։

Այդ ամենից հետո տեսչությունը որոշել է ստուգում իրականացնել «Արմավիա»-ում. տեսչության աշխատակիցները չորս անգամ այցելել են «Արմավիա» և պահանջել փաստաթղթերը, սակայն ընկերությունում ամեն անգամ տարբեր պատճառաբանություններով չեն տրամադրել դրանք։

«Եթե մինչև վաղը այդ փաստաթղթերը ընկերության տնօրենի կողմից չներկայացվեցին, հաջորդ քայլը լինելու է ստուգման ընթացքը խոչընդոտելու վերաբերյալ վարչական իրավախախտման արձանագրություն կազմելը և այդ հիմքով վարչական վարույթ սկսելը», - ասաց պաշտոնյան։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքով տեսչության աշխատանքները խոչընդոտելու համար նախատեսվում է վարչական պատասխանատվություն պաշտոնատար անձի դեպքում նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով։ Աշխատանքի պետական տեսչության պաշտոնյայից ավելի ուշ տեղեկացանք, որ «Արմավիա»-ի տնօրենը խոստացել է հնարավորություն տալ, որ տեսչության աշխատակիցները ստուգումներ իրականացնեն։

«Արմավիա»-ի տնօրեն Նորայր Բելոյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում ասաց, որ վաղվանից կփորձեն անել ամեն ինչ, որպեսզի վերացնեն տեխնիկական խոչընդոտները և ստուգման հնարավորություն ընձեռեն տեսչությանը։

Վարազդատ Դանիելյանը կարծում է, որ աշխատավարձերի պարտքերի պատկերը պարզ կլինի «Արմավիա»-ի կողմից փաստաթղթերը տրամադրելուց 3-4 օր հետո։

«Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով` «Արմավիա»-ի նախկին աշխատակիցներից մի քանիսը չվճարված աշխատավարձերի հարցով դիմել են դատարան։

Աշխատանքի տեսչության գնահատականներով՝ «Արմավիա»-ի պարտքը դիմումատու նախկին աշխատակիցներին մոտավոր հաշվարկներով գերազանցում է 100 միլիոն դրամը։ «Արմավիա»-ի նախկին օդաչուներից մի քանիսն արդեն մեկնել են արտագնա աշխատանքի։
XS
SM
MD
LG