Մատչելիության հղումներ

«Մագնիտսկին մեղավոր է». հետմահու դատավճիռ Մոսկվայում


Ռուսաստան - Ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը Մոսկվայում ՆԳՆ-ի շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ պարզել է Սերգեյ Մագնիտսկու մեծադիր լուսանկարը, արխիվ

Ռուսաստան - Ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը Մոսկվայում ՆԳՆ-ի շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ պարզել է Սերգեյ Մագնիտսկու մեծադիր լուսանկարը, արխիվ

Առաջին անգամ ռուսաստանյան դատական համակարգի գոյության ընթացքում մարդը մեղավոր է ճանաչվում մահվանից գրեթե չորս տարի անց: Քիչ առաջ Մոսկվայի Տվերսկոյ շրջանի դատարանը հրապարակեց Hermitage Capital ներդումային հիմնադրամի գործով դատավճիռը` հարկերից խուսափելու մեջ մեղավոր ճանաչելով 2009-ի նոյեմբերին «Մատրոսսկայա տիշինա» բանտում մահացած իրավաբան Սերգեյ Մագնիտսկուն:

Լրատվամիջոցների պնդմամբ՝ նույնիսկ վերջին շրջանում Ռուսաստանում ընթացող բազմաթիվ աղմկահարույց դատավարությունների ֆոնին այս մեկն առանձնանում էր:

Հիշեցնենք, որ իրավաբան Սերգեյ Մագնիտսկուն ձերբակալել էին 2008 թվականի աշնանը: Նախաքքնության մարմինը 11 ամիս շարունակ 37-ամյա իրավաբանին պահեց քննչական մեկուսարանում `առանց պաշտոնական մեղադրանք առաջադրելու: Մեղադրանքը Մագնիտսկուն առաջադրվեց նրա մահվանից մեկ շաբաթ առաջ, երբ նա արդեն մահամերձ վիճակում գտնվում էր բանտային հիվանդանոցում: Ամիսներ շարունակ Մագնիտսկուն մերժում էին բժշկական օգնություն ցուցաբերել, ինչն էլ, հետագայում կատարված հետաքննության արդյունքների համաձայն, դարձել էր նրա մահվան հիմնական պատճառը:

Մագնիտսկին դատախազության ուշադրության կենտրոնում հայտնվեց, երբ 2008-ին պաշտոնական բողոքով դիմեց իրավապահներին` մատնացույց անելով կոռուպցիան մի հնարք, որի միջոցով ներքին գործերի նախարարության և Դաշնային հարկային ծառայության աշխատակիցները ունեզրկում էին արտասահմանյան ներդրողներին, իսկ հաշփտակված գումարները փոխանցում անձնական հաշվեհամարներին:

Հետագայում Մագնիտսկու բացահայտած սխեմայի հետքերով «Նովայա գազետա»-ն իր սեփական հետաքննությունն անցկացրեց` պարզելով, որ այս կոռուպցիոն մեխանիզմում, ըստ ամենայնի, ներգրավված են եղել նաև պաշտպանության արդեն նախկին նախարար Անատոլի Սերդյուկովն ու Հարկային ծառայության Մոսկվայի քաղաքային վարչության ղեկավարը:

Այս ամենից ելնելով` ոուսաստանցի իրավապաշտպանները համոզված են, որ իրականում՝ գործը վարող քննիչները Մագնիտսկուն դիտավորյալ էին զրկում բժշկական օգնության հնարավորությունից` պատժելով նրան կոռուպցիոն բացահայտումների համար, ինչպես նաև հույս ունենալով այդպիսով ցուցմունքներ կորզել նաև Hermitage Capital-ի ղեկավար Ուիլյամ Բրաուդերի դեմ:

Բրաուդերը, ի դեպ, այսօր ավարտված դատավարության երկրորդ գործող անձն էր․ դատարանը գործարարին հեռակա կարգով դատապարտեց 9 տարվա ազատազրկման:

Ի տարբերություն Մագնիտսկու` Բրաուդերը ողջ է, սակայն նա ևս դատավարությանը ներկա չէր:
Նա բնակվում է Լոնդոնում, իսկ Մեծ Բրիտանիայի իշխանությունները կտրականապես հրաժարվեցին 2011 թվականին վերաբացված քրեական այս գործի շրջանակներում որևէ կերպ համագործակցել պաշտոնական Մոսկվայի հետ: Սա էր պատճառը, որ մահացած և բացակա ամբաստանյալներին դատավարության ողջ ընթացքում ներկայացնում էին հենց դատարանի կողմից նշանակված և հանրությանը քիչ հայտնի փաստաբաններ․ որևէ լուրջ մոսկվացի փաստաբան այդպես էլ չհամաձայնեց մասնակցել դատավարությանը:

2008-2009 թվականներին Մագնիտսկու շահերը ներկայացրած փաստաբան Դմիտրի Խարիտոնովը «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությանը փոխանցել է․ - «Ես որպես փաստաբան այս խեղկատակությանը մասնակցելու որևէ ցանկություն չունեմ: Ես դեմ եմ այս ամենին, քանի որ գործի նոր քննություն սկսելու, ապա այն դատարան փոխանցելու պահանջով դիմել է ոչ թե Մագնիտսկու իրավահաջորդը հանդիսացող նրա այրին, այլ՝ գլխավոր դատախազությունը: Սա այն նույն դատախազությունն է, որ ժամանակին դադարեցրել էր գործի քննությունը` Մագնիտսկու մահվան պատճառով»:

Խարիտոնովի պնդմամբ՝ այս ողջ վիճահարույց դատավարության իմաստը մեկն է․ - «Ես հասկանում եմ, այս ամենն արվում է` ողջ աշխարհին ապացույց ներկայացնելու նպատակով, թե Մագնիտսկին դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել, և նրա դեմ գործը դադարեցվել է մահվան պատճառով»:

Հիշեցնենք, որ Մագնիտսկու մահը բավական լայն միջազգային արձագանքի արժանացավ: 2012-ի դեկտեմբերին Միացյալ Նահանգներում հատուկ օրենք ընդունվեց, որի համաձայն՝ Մագնիտսկու մահվանը այս կամ այն կերպ առնչվող 60 ռուսաստանցի պաշտոնյաների մուտքը ԱՄՆ-ի տարածք արգելվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG