Մատչելիության հղումներ

Արմավիրի մարզի Դաշտ գյուղի տնօրենը համոզված է, որ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամայնանն իրեն աշխատանքից ազատել է ընտրությունների ժամանակ «ՀՀԿ-ի օգտին չաշխատելու համար»:

Արմավիրի մարզի Դաշտ գյուղի դպրոցի երկարամյա տնօրեն Գնել Ռոստոմյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամայնանն իրեն աշխատանքից ազատել է ընտրությունների ժամանակ «ՀՀԿ-ի օգտին չաշխատելու համար»:

Ռոստոմյանը չհերքեց, որ ինքն ընտրությունների ժամանակ աշխատել է հանրապետական կուսակցության օգտին՝ քարոզչական աշխատանքներ է տարել դասաժամերից հետո եւ դպրոցից դուրս․ - «Ես Հանրապետական կուսակցության հնաբնակներից եմ: Ինչպես եք պատկերացնում, կարո՞ղ էի չաշխատել իմ կուսակցության համար»:

Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ Գնել Ռոստոմյանն աշխատանքից չի հեռացվել, որ նա ժամանակավոր պաշտոնակատար է եղել եւ 2-3 անգամ ձախողել է տնօրենների հավաստագրման քննությունները, հանձնել է միայն երրորդ փորձից:

Դպրոցի տնօրենը վիրավորված է մարզպետից, գյուղապետից եւ հարազատ կուսակցությունից, որ տարիների իր աշխատանքն այդպես են գնահատում:

«Ողջ կյանքում աշխատել եմ ու այսօր ապրում եմ խրճիթում, սա է իմ կյանքը», - ասաց տնօրենն ու դեսպանատներից հերթական անգամ բանավոր ապաստան խնդրեց:

Գնել Ռոստոմյանն ասաց, որ եթե ամեն ինչ այսպես շարունակվի՝ ապաստան խնդրելու իր նամակը կփոխանցի Հայաստանում գործող բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններին: Իր եւ իր ընտանիքի անվտանգության համար այսօր նա վախենում է:

Տեղեկացնեմ, որ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մեր հեռախոսազրույցն ընդհատեց՝ նշելով, որ խորհրդակցության է եւ հետո այդպես էլ չպատասխանեց մեր զանգերին:
XS
SM
MD
LG