Մատչելիության հղումներ

Նախագահականը 80 միլիոն դրամ է հատկացրել կարկտահարությունից տուժածներին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը 80 միլիոն դրամ է փոխանցել մայիսին կարկտահարությունից վնասված Արմավիրի մարզի տնտեսություններին օգնելու նպատակով ձևավորված հիմնադրամին։

Արդյունքում Արմավիրի մարզից ընտրված հանրապետական պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի ղեկավարած Բնական աղետից տուժածների հիմնադրամին փոխանցված գումարն այսօրվա դրությամբ կազմում է 228 միլիոն դրամ։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց պատգամավորը։ Նա նշեց, որ օգոստոսի 1-ից կսկսեն գումարների բաշխումը, առայժմ, սակայն, հստակեցված չեն դրանց բաշխման մեխանիզմները։

Ինչ վերաբերում է Հայաստանի նախագահի կողմից փոխանցված գումարին, ապա դա ոչ թե նախագահի գրպանից է, այլ՝ նախագահականից ֆինանսավորվող հասարակական կազմակերպություններին հատկացված դրամաշնորհների գումարներից։

Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն օրեր առաջ լրատվամիջոցներից մեկին հայտնել էր, որ նախագահի աշխատակազմից դրամաշնորհներ ստացած հասարակական կազմակերպությունները նախաձեռնություն էին ցուցաբերել իրենց հատկացված դրամաշնորհների մեծ մասը փոխանցել այդ հիմնադրամին։ Նախագահը ողջունել է այն, ու արդեն այդ գումարը նախագահի հիմնադրամից փոխանցվել է գյուղացիների աջակցության հիմնադրամ։ Ուշագրավ է, որ այս կազմակերպությունների գործունեությունը հասարակական դաշտում այդքան էլ հայտնի չէ։ Ինչպես ավելի վաղ պարզել էր «Ազատություն» ռադիոկայանը, դրանց մի մասի հասցեները գոյություն չունեն, մյուսներն էլ նշված հասցեում չեն գործում։

Արմավիրի մարզի կարտահարված 46 գյուղական համայնքներում, թեև ընդհանուր դժգոհությանը, սպասում են հատկացվելիք գումարներին։ Գյուղացիներն ասում են, որ դրանք քիչ թե շատ կթեթևացնեն իրենց հոգսը, բայց կարկուտի պատճառած վնասների հետևանքները վերացնել չեն կարող։

Կարկուտից տուժած Արմավիր գյուղի բնակիչ Գուրգեն Մուսոյանն ասում է, որ իրենց այլ օգնություն է հարկավոր։ Անհրաժեշտ է իրեն ու իր պես տուժածներին այնքան գումար հատկացնել, որ մինչև հաջորդ բերքահավաքը կարողանան պահել ընտանիքը։

«Գումարի կեսը գոնե տան, ես իմ յոթը շնչից բաղկացած ընտանիքը մինչև հաջորդ բերք ունենալս հասցնեմ։ Մենակ ցամաք հաց ուտելու համար ամիսը 20 հազար դրամ [է պետք], չհաշված կոմունալ ծախսերը»,- ասում է Մուսոյանը։

Մուսոյանը և նրա այն համագյուղացիները, ովքեր ներառվել են կառավարության կողմից հատկացվելիք 50 հազար դրամ օգնության ցանկում, այսօր ստացան այդ գումարը։ Մուսոյանը որոշել է այդ գումարով բուժման գնալ։

Հայաստանի կառավարության որոշմամբ կարկտահարությունից 100 տոկոսով վնասներ կրած 23 գյուղերի սոցիալապես անապահով 1606 ընտանիքներից յուրաքանչյուրին 50 հազար դրամ կհատկացվի: Արմավիրի մարզում մոտ 13 հազար գյուղացիական տնտեսություններին կարկտահարության հասցրած վնասը գնահատվել է շուրջ 25 միլիարդ դրամ:

Այսօր Արմավիրի փոստատուն էին շտապել ոչ միայն օգնություն ստացողներն, այլև կարկուտից տուժած, բայց այդ ցանկում չհայտնված գյուղացիները։ Նրանք բողոքում են կառավարության վերաբերմունքից։ Կառավարությունը որոշել է դրամական օգնություն հատկացնել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահով ընտանիքներին, վերջիններիս ընտրել է գյուղի ղեկավարն ու ավագանին:

«Բերեցին բաժանեցին, էն մարդուն տվեցին, որ ամեն ինչ տնից ելել, թափում է»,- բողոքում էր գյուղացիներից մեկը։

Բացի կառավարության հատկացրած դրամական օգնությունից, որ արդեն բաշխվում է, կարկտահարված գյուղացիական տնտեսություններին աջակցել է նաև Հայկական կարմիր խաչը. Կազմակերպությունը հիգիենիկ պարագաներ ու սնունդ է հատկացրել։
XS
SM
MD
LG