Մատչելիության հղումներ

Ասոցացման համաձայնագիրը չի սահմանափակի Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները


Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում Եվրամիության հետ ստորագրվելիք Ասոցացման համաձայնագիրը Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները խոչընդոտելու նպատակ չունի և չի սահմանափակի Հայաստանի հնարավորությունները: Այսօր հասարակական կազմակերպությունների և լրագրողների հետ հանդիպմանը այս մասին հայտարարեց Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին։

Ֆյուլեն լիահույս է, որ նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին կնախաստորագրվեն Ասոցացման համաձայանգիրն ու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը։

Հիշեցնենք, վերջին շրջանում հաճախ են կարծիքներ հնչում, որ Ռուսաստանը, Ադրբեջանին զենք վաճառելով, նպատակ ունի անուղղակի ճնշում գործադրել Հայաստանի վրա, որպեսզի վերջինս հրաժարվի Ասոցացման համաձայնագրից և միանա Մաքսային միությանը: Ուստի «Ազատություն» ռադիոկայանը փորձեց Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատարից ճշտել, արդյոք նա և՞ս կարծում է, որ նման ճնշում գոյություն ունի, և եթե գոյություն ունի, ինչպե՞ս է Եվրամիությունը օգնում Հայաստանին դուրս գալ այս վիճակից. - «Ես չեմ կարող մեկնաբանել արդյոք ես տեսնում եմ Ռուսաստանի կողմից ճնշում, թե՝ ոչ։ Կարող եմ ասել, որ գործընկերների հետ մեր հարաբերություններում ճնշում հասկացությունը տեղ չունի։ Մեր հարաբերությունները կառուցելով մենք փորձում ենք դրական լուծումներ գտնել բոլորի համար։ Արդյոք Ասոցացման համաձայնագիրը սահմանափակելո՞ւ է Հայաստանի հնարավորությունները այլ գործընկերների հետ ուղղակի կամ անուղղակի հարաբերությունների մեջ մտնելու․ ոչ, ընդհակառակը, մենք մոտեցումներ ենք մշակում, որպեսզի գործընկերների հետ հարաբերությունների դաշտը լինի ներդաշնակ»,- ասաց Շտեֆան Ֆյուլեն, ընդգծելով, որ օրինակ առեւտրի ազատականացման շրջանակներում գործընկերների հետ օրենսդրության համապատասխանեցումը նպատակ ունի քանդել երկու տարբեր ինտեգրացիոն համակարգերի միջեւ առկա պատը:

«Մենք վստահ ենք, որ Եվրամիությունը, մասնավորապես Արեւելյան գործընկերությունը, ոչ թե մեր գործընկերների առջեւ դնում է քաղաքակրթությունների միջեւ ընտրություն կատարելու հարց (ոչ մեր գործընկերներին մենք երկընտրանքի առջեւ չենք կանգնեցնում), հակառակը, մենք չենք ուզում, որպեսզի Արեւելյան գործընկերության մեջ մտնելով, ձեր ստանձնած որեւէ պարտավորություն բացասական հարաբերություն ունենա Ռուսաստանի հետ ձեր հարաբերությունների վրա։ Նույն բանը մենք ասում ենք նաեւ Մոսկվայում», - մեկնաբանեց նա:

Հանդիպմանը ներկա Եվրոպացի պաշտոնյաներից մեկը, ով չցանկացավ հրապարակել իր անունը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ Ռուսաստանի հետ համագործակցությունը, ընդհուպ մինչեւ Մաքսային միությունում դիտորդի կարգավիճակը, չեն խոչընդոտի Եվրամիության հետ Հայաստանի հարաբերություններին։ Ըստ պաշտոնյայի, Հայաստանը այլընտրանք չունի և չի կարող չստորագրել Ասոցացման համաձայնագիրը, քանի որ մեկուսացած երկիր է և ներդրումների կարիք ունի։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքին, ապա եվրոպացի պաշտոնյան չէր կարծում, որ դա կարող է հանգեցնել պատերազմի։ Նրա կարծիքով դրանով Ադրբեջանը զուտ ներքաղաքական խնդիրներ է լուծում։

Անդրադառնալով Հայաստանում բարեփոխումների իրականացման գործընթացին, պաշտոնյան համոզմունք հայտնեց, որ իշխանությունները այլընտրանք չունեն, ստիպված են իրականացնել բարեփոխումներ և Եվրամիությունը լավատես է այդ հարցում:

Շտեֆան Ֆյուլեն Երեւան իր այցի շրջանակներում այսօր հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին։ Բոլոր հանդիպումներում անդրադարձ է եղել ոչ միայն նախաստորագրվելիք համաձայնագրերին այլեւ Եվրամիություն-Հայաստան մուտքի արտոնագրի ռեժիմի դյուրացման եւ ռեադմիսիայի համաձայնագրերի շուտափույթ վավերացման անհրաժեշտությանը։ Ռեադմիսիան, հիշեցնենք, ենթադրում է տվյալ պետության քաղաքացիություն չունեցող և վտարման ենթակա անձանց անվտանգ վերադարձ սեփական երկրներ։

Այս այցը, որի նպատակն է նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին ընդառաջ գնահատել Հայաստանի իրավիճակն ու գրանցած հաջողությունները, Շտեֆան Ֆյուլեն որակել է «ծայրահեղ կարևոր»։

Հայաստանյան հանդիպումներից հետո եվրահանձնակատարը մեկնելու է Բաթումի, որտեղ հուլիսի 11-12-ը մասնակցելու է «Վրաստանը եվրոպական ճանապարհին» համաժողովին:

Բաթումիում Ֆյուլեն հանդիպելու է նաև Վրաստանի քաղաքացիական հասարակության ակտիվիստների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG