Մատչելիության հղումներ

Մոսկվան սիրիական ընդդիմությանն է մեղադրում քիմիական զենք կիրառելու մեջ


ԱՄՆ - ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վիտալի Չուրկինը հանդիպում է լրագրողների հետ, Նյու Յորք, 9-ը հուլիսի, 2013թ․
ԱՄՆ - ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վիտալի Չուրկինը հանդիպում է լրագրողների հետ, Նյու Յորք, 9-ը հուլիսի, 2013թ․

Ռուսաստանի դեսպանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին է փոխանցել իրենց փորձագետների հավաքած փաստերը:

Պաշտոնական Մոսկվան սիրիական ընդդիմությանը մեղադրում է զանգվածային ոչնչացման զենքի կիրառման մեջ: Խոսքը մասնավորաբար քիմիական զենքի մասին է, որը, ըստ ռուս դիվանագետների, սիրիացի ապստամբները կիրառել են առնվազն մեկ անգամ` այս տարվա գարնանը Հալեպի մերձակա քաղաքներից մեկում:

Մոսկվայի կողմից ներկայացվող պաշտոնական մեղադրանքների մասին առաջինը հայտարարեց ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վիտալի Չուրկինը հուլիսի 9-ին՝ կազմակերպության Նյու Յորքի կենտրոնակայանում:

«Ես հենց նոր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին փոխանցեցի տեղում վերցված նմուշների վերլուծության արդյունքները: Դրանք հավաքագրվել են ռուս մասնագետների կողմից Խան ալ-Ասալ քաղաքում: Հատուկ ցանկանում եմ ընդգծել, որ ի տարբերություն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ներկայացված նախորդ բոլոր նմուշների` այս դեպքում ռուսաստանցի փորձագետները իրենք են հավաքել, այլ ոչ թե ստացել երրորդ կողմից», - հայտարարել է Չուրկինը:

Ռուսական կողմի պատրաստած 80-էջանոց զեկույցը վերաբերում է այս տարվա մարտի 19-ին Հալեպի մերձակայքում տեղի ունեցած կատաղի մարտերին, որոնց ընթացքում 26 մարդ է զոհվել, այդ թվում՝ կառավարական զորքերի 16 զինծառայող:

Չուրկինի խոսքով՝ մարտական գործողությունների ընթացքում սիրիացի ապստամբներն օգտագործել են զարին տեսակի գազով լիցքավորված ինքնաշեն ականներ: Դա, ըստ ռուս դիվանագետի, տեղի է ունեցել մի տարածքում, որն այդ պահին վերահսկվում էր Սիրիական ազատ բանակի ստորաբաժանումների կողմից:

«Հետևաբար, մենք բոլոր հիմքերն ունենք հավատալու, որ քիմիական զենքը Խան ալ-Ասալում կիրառվել է հենց ընդդիմադիր զինյալների կողմից: Մեր տրամադրության տակ եղած տեղեկատվության համաձայն՝ «Բաշար 3» տեսակի արկերի արտադրությունը սկիզբ է առել 2013 թվականի փետրվարին` Սիրիական ազատ բանակի հետ կապեր ուեցող «Բաշար ալ-Նասերի բրիգադ» խմբավորման կողմից», - ասել է Չուրկինը:

Սիրիական ընդդիմությունը արդեն հերքել է ռուս փորձագետների կազմած զեկույցում տեղ գտած եզրակացությունները, իսկ արևմտյան բարձրաստիճան դիվանագետներից մեկը, որը չի ցանկացել հրապարակել իր անունը, France-Presse լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է, թե չի հավատում ռուսական կողմից իրականացված հետաքննության արդյունքներին:

«Մեր ունեցած տեղեկություններով՝ զարինը կիրառվել է հենց Ասադի աջակիցների կողմից: Ճիշտ է, զոհերի մեծ մասը կառավարական բանակի զինվորներ են, սակայն մեր ունեցած տեղեկություններով՝ դրա պատճառը զուտ տեխնիկական է: Ասադի զորքերի կողմից արձակված այդ արկը փոխել է նախապես ծրագրված ընթացքը` պայթելով կառավարական զորքերի տեղակայման հատվածում», - պնդել է դիվանագետը:

Մոսկվայում, սակայն, Արևմուտքից հնչող այս կասկածները կտրականապես մերժում են: Երեկ երեկոյան իր բելառուսցի պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսի ընթացքում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել է․ - «Մենք 100 տոկոսով վստահ ենք ռուսաստանցի մասնագետների եզրակացությունների ճշմարտացիության մեջ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG