Մատչելիության հղումներ

Արագածոտնում թոշակառուները փակել էին Երևան-Ապարան մայրուղին


Արագածոտնի մարզի Արագած, Արայի, Ծաղկաշեն, Շենավան եւ Վարդենուտ գյուղերի թոշակառուներն այսօր առավոտյան որոշ ժամանակով փակել էին Երևան - Ապարան մայրուղին:

Բողոքավոր թոշակառուները մեկ շաբաթ ի վեր հրաժարվում են ստանալ իրենց կենսաթոշակը՝ պահանջելով, որ այն նախկինի պես բաժանեն փոստատարները, այլ ոչ թէ «Հայփոստ»-ի շրջիկ մեքենան:

«Մեզ սարքել են քուչի մարդ: Ասում են՝ թոշակը կբերենք, կանգնեք քուչեն օրվա մեջ մի ժամ, թոշակ ստացեք: Մեր գյուղում կա 480 թոշակառու: Եթե ամեն մեկը 5 րոպե ծախսի, մեր թոշակը կբաժանվի առնվազն ամիսուկես, որովհետեւ ասում է՝ մի ժամ կկանգնեմ, ինչքան կարողացա, այդքան կսպասարկեմ, կթողնեմ-կգնամ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց թոշակառուներից մեկը՝ հավելելով, որ գյուղի փոստարարն ամբողջ գյուղի կենսաթոշակները բաժանում էր 2 օրում:

«Հայփոստ»-ի մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան պարզաբանեց, թե իրականացվում է նոր՝ «փոստ մոբիլ» ծրագիր, եւ այն սկսել են իրականացնել այս գյուղերից, հետագայում մտադիր են տարածել բոլոր փոքր գյուղերի վրա:

«Փոստ մոբիլը «Հայփոստ»-ի շարժական բաժանմունք է: Ինքը օրվա որոշակի ժամերի տվյալ գյուղի հատվածում է լինում որոշակի ժամանակով: Սա սերվիսի ավելացում է: Ասենք, նույն կենսաթոշակները, նույն կոմունալ գանձումները․․․ Կոմերցիոն ծառայությունների հսկայական փաթեթ կա, որից տվյալ գյուղերը մինչեւ այժմ չեն կարողացել օգտվել: Հիմա նրանք օգտվելու են», - ասաց Աբրահամյանը՝ համոզմունք հայտնելով, որ երբ գյուղացիները հասկանան, թե ինչ են իրենց առաջարկում, շատ գոհ կլինեն:

Գյուղացիները, սակայն, պահանջում են, որ կենսաթոշակները բաժանվեն նախկին ձեւով:

Գևորգ Աբրահամյանի խոսքով, սակայն, ծրագիրն ամեն դեպքում իրականացվելու է, իսկ գյուղացիների դժգոհությունը կփորձեն մեղմել ծառայությունների բարելավման միջոցով:

«Քանի որ այդ ծրագիրը պիլոտային է, անհրաժեշտության դեպքում այդ մեկ ժամը կարող է դառնալ մեկուկես ժամ, կարող է դառնալ երկու ժամ: Խնդիրն այսօր դա չէ։ Մարդիկ կարող են գալ եւ ստանալ իրենց թոշակը, կամ սպասել իրենց տանը, մեքենան կբերի թոշակը կհասցնի իրենց տուն»:

Թոշակառուները մայրուղին բացել էին՝ անսալով տեղի ոստիկանապետի հորդորին, սակայն հայտարարում են, որ իրենց պահանջները չկատարվելու դեպքում կրկին կփակեն մայրուղին:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG