Մատչելիության հղումներ

Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չորեքշաբթի օրը վստահություն հայտնեց, որ նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք համաժողովում Հայաստան - ԵՄ ասոցացման համաձայնագիրը կնախաստորագրվի:

Երկօրյա այցով Հայաստան ժամանած Ֆյուլեն այսօր արդեն հանդիպումներ է ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ՝ Վիլնյուսում նախատեսված համաժողովի հետ կապված նախապատրաստական խնդիրներ քննարկելու համար:

«Վստահ եմ, որ երկու կողմերն էլ՝ թե՛ հայկական կողմը, թե՛ ԵՄ-ն, կարող են ամառվա ընթացքում հաղթահարել վերջին մեկ-երկու խնդիրները, որոնց շուրջ դեռ համաձայնություն չկա: Այն բանից հետո, երբ դա արվի, և ես դրանում կասկած չունեմ, մենք հնարավոր ամեն ինչ կանենք, որպեսզի Ասոցացման համաձայնագիրը պատրաստ լինի Վիլնյուսի համաժողովում նախաստորագրման համար», - նշեց ԵՄ ընդարձակման հարցերով հանձնակատարը՝ պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե վստա՞հ է, որ Ասոցացման համաձայնագիրը Վիլնյուսում կնախաստորագրվի:

«Դրանից հետո մի քանի ամիս անհրաժեշտ կլինի տեխնիկական բնույթի մի շարք գործընթացներ իրականացնելու համար՝ նկատի ունեմ իրավական բնույթի ձեւակերպումների համապատասխանեցումը, թարգմանությունները եւ այլն, բայց ես հույս ունեմ եւ մենք մեզանից կախվածը կանենք, որպեսզի այն ստորագրվի», - հավելեց Ֆյուլեն:

ԵՄ Արևելյան գործընկերության ծրագիրը, հիշեցնենք, մի շարք առավելություններ է խոստանում նախկին ԽՍՀՄ անդամ վեց պետություններին, այդ թվում Հայաստանին՝ եթե այդ երկրներում իրականացվում են բարեփոխումներ եւ կնքվում են Եվրամիության հետ համագործակցության համապատասխան պայմանագրեր: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանեց ԵՄ ընդարձակման հարցերով հանձնակատարը՝ նպատակը «Հայաստանում Եվրամիություն կառուցելն է»:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե ինչպես է գնահատում Հայաստանի առաջընթացը այս ուղղությամբ, Ֆյուլեն, մասնավորապես, ասաց․ - «Առաջընթաց անկասկած կա: Միեւնույն ժամանակ, թեեւ ես տեսնում եմ բարեփոխումների ուղղությամբ շարժվելու մտադրություն, իհարկե, վերջին ընտրությունների պատճառով մի շարք կարեւոր քայլերի իրականացումը հետաձգվել էր, և այսօր ես իշխանությունների հետ զրույցում նշեցի, որ այժմ, երբ ընտրական այս շրջանն ավարտվել է և առաջիկայում շատ շուտով սպասվում է Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացի ավարտը, ժամանակն է, որ Հայաստանը մեզ կոնկրետ քայլերով ցույց տա իր մտադրությունների լրջությունը»:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Եվրամիության մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա, ով գերադասեց չհրապարակել իր անունը, նշեց, որ այսօր ԵՄ ընդարձակման հարցերով հանձնակատարի հետ հանդիպումներում հայաստանյան բարձրաստիճան պաշտոնյաները հերթական անգամ վերահաստատել են համապատասխան բարեփոխումներն իրականացնելու իրենց պատրաստակամությունը, և նշեց, որ Բրյուսելը «լավատես է», որ դրանք կյանքի կկոչվեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG