Մատչելիության հղումներ

logo-print

15 կազմակերպություն ուղեվարձը վերանայելու հայտ է ներկայացրել


Տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը պատասխանում է լրագրողների հարցերին, 10-ը հուլիսի, 2013

Տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը պատասխանում է լրագրողների հարցերին, 10-ը հուլիսի, 2013

Երևանում հասարակական տրանսպորտի ուղեվարձերի վերանայման նպատակով մոտ15 հայտ է ներկայացվել քաղաքապետարանի տրանսպորտի վարչությանը, «Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում ասաց վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը:

«Տարբեր կազմակերպություններ տարբեր գին են առաջարկում, բնականաբար, այդպես էլ պետք է լիներ, որովհետև մի երթուղի շահութաբեր, մյուսը՝ ավելի քիչ շահութաբեր է, բայց քանի որ Երևան քաղաքը ունի սպասարկման ոլորտում այնպիսի կարգավիճակ, որ հնարավոր չէ մի գիծը ավելի էժան դնել, մյուսը՝ ավելի բարձր, բնականաբար, կսահմանվի մեկ ուղեվարձի», - ասաց Նավասարդյանը։

Ուղեվարձի հնարավոր փոփոխությունը վերաբերում է միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներին. - «Տրոլեյբուսը, մետրոն իրենց ուղեվարձը կունենան։ Մետրոն, կարծում եմ, որ չի թանկանա, որովհետև տարի ու կես առաջ եղավ ուղեվարձի փոփոխությունը։ Էլեկտրատրանսպորտի հարցը քննարկման փուլում է, հնարավոր է, որ բարձրանա»։

Հենրիկ Նավասարդյանի խոսքով՝ տնտեսվարողներն իրենց դիմել են ուղեվարձերը 140-ից մինչև 200 դրամ թանկացնելու նպատակով: Ըստ պաշտոնյայի՝ ուղեվարձերի հնարավոր փոփոխություններին առնչվող քննարկումները կավարտվեն առաջիկա օրերին:

Ինչ վերաբերում է մարզային տրանսպորտի ուղեվարձերին, ապա տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ասում է՝ դրանց բարձրացումն անխուսափելի է: Ըստ Բեգլարյանի, սակայն, դեռ ոչ մի կազմակերպություն իրենց այդ հարցով չի դիմել:

Նախարարությանը ուղեվարձի բարձրացման հարցով չի դիմել նաև Աբովյան-Երևան երթուղին սպասարկող «Քինգ դե լյուքս» ընկերությունը: Հիշեցնենք, որ այդ ընկերությունը մտահոգություն էր հայտնել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից Աբովյան-Երևան երթուղին սպասարկող բարեգործական երթուղու առնչությամբ՝ հայտարարելով, որ բարեգործական ավտոբուսները խոչընդոտում են իրենց երթուղիների աշխատանքներին: Այսօր «Քինգ դե լյուքս»-ի տնօրեն Արթուր Դալլաքյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այդ հարցը դեռևս լուծված չէ. - «Կարելի է ասել, փորձում է խոչընդոտել մեր աշխատանքներին»։

«Քինգ դե լյուքս»-ը թարմացրել է իր ավտոբուսային պարկը նոր ներկրված ավտոբուսներով, որոնք սպասարկելու են ոչ միայն Աբովյան-Երևան երթուղին, այլև ուղևորափոխադրումներ են իրականացնելու դեպի Ռուսաստան: Ներդրումներն, ըստ ընկերության, տնօրենի մի քանի միլիոն դոլարի են հասնում:

Անդրադառնալով «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի բարեգործական ավտոբուսներին, տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը իր դժգոհությունը հայտնեց դրանց հնամաշ լինելու առնչությամբ. - «Եթե անում ենք բարեգործություն, ուրեմն մեքենաները պետք է լավը լինեն։ Բարեգործություն ենք անում շատ հնամաշ, վատ մեքենաներով, անունը դրել ենք բարեգործություն, բայց Աստված չանի, մի բան լինի բարեգործությունից օգտված ժողովրդի հետ։ Հիմա պետք է բարեգործներին էլ ասենք, որ եթե կլինեն այս կարգի [«Քինգ դե լյուքսի» ներկրածների նման] մեքենաներ, կարող եք բարեգործություն անել, եթե ոչ, ուրեմն վճարեք այդ ուղիները սպասարկող մարդկանց, թող իրենք բարեգործություն անեն»։

Քաղաքապետարանը ևս չի ողջունում «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի բարեգործական երթուղին. - «Դա բարեգործություն չէ, բարեգործության համար ինքը պետք է ունենա իր շահառուները, մարդկանց ցանկը և միայն տեղափոխի նրանց»,- ասաց Հենրիկ Նավասարդյանը։

«Քինգ դե լյուքս» ընկերության տնօրենի հայտարարությանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հետևյալ կերպ արձագանքեց. - «Ես չգիտեմ, թե պարոն Դալլաքյանը խոչընդոտել ասելով ինչ է նկատի ունեցել, կարող եմ միայն փաստել, որ երթուղին իր գործունեությունը ծավալում է բացառապես օրենքի շրջանակներում և հօգուտ ժողովրդի»։

Տոնոյանը հավաստեց, որ բարեգործական երթուղու բոլոր ավտոբուսները գտնվում են սարքին վիճակում, ժամանակին անցնում են բոլոր տեխնիկական զննումները. -«Եթե ավտոբուսները փոխելու կարիք լինի, ապա որևէ մեկը թող չկասկածի, որ դրանք անմիջապես կփոխվեն»։

«Բարեգործության մեջ ենթատեքստեր փնտրելն ու փորձել հանրության աչքին դրա դերակատարումը նսեմացնելը պարզապես անշնորհակալ նախաձեռնություն է», - ասաց Տոնոյանը և հավելեց, որ բարեգործական երթուղին կգործի այնքան ժամանակ, «քանի դեռ քաղաքացիներն ունեն դրա կարիքն ու անհրաժեշտությունը»:
XS
SM
MD
LG