Մատչելիության հղումներ

Վրաստանի վարչապետը ազատ, արդար ընտրություններ է խոստանում


Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Թբիլիսիում ասուլիսի ժամանակ, հուլիս, 2013թ․
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Թբիլիսիում ասուլիսի ժամանակ, հուլիս, 2013թ․
«Վրաստանում պետք է վերջ տրվի այն խայտառակ գործելաոճին, երբ իշխող թիմը պետական բոլոր ռեսուրսները ուղղում էր քաղաքական հակառակորդների դեմ և խանգարում էր քաղաքացիների ազատ կամարտահայտությանը», - չորեքշաբթի օրը հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին՝ նախագահական ընտրություններին ընդառաջ հանդես գալով գրավոր հատուկ ուղերձով:

«Մեր կառավարությունը բոլոր քաղաքացիների ու նախագահական բոլոր թեկնածուների կառավարությունն է, ուստի կառավարությունը և վարչական ամբողջ համակարգը՝ լինի դա բյուջետային միջոցներ, ոստիկանություն, թե հանրային այլ կառույցներ, ողւղվելու է արդար և ազատ ընտրական միջավայրի ապահովմանը, այլ ոչ թե որևէ մի թեկնածուի հաղթանակի ապահովմանը»,- հայտարարել է Իվանիշվիլին՝ նշելով, որ առաջիկա նախագահական ընտրությունները պետք է լինեն երկրում արմատական փոփոխությունների հստակ արտացոլումը:

«Մեր քաղաքական թիմը այդ ընտրություններում համոզիչ հաղթանակի հասնելու հավակնություն և ցանկություն ունի, բայց մենք շատ ավելի կարևոր հավակնություն և ցանկություն ունենք՝ Վրաստանում անցկացնել մաքուր, ազատ և արդար օրինակելի ընտրություններ, այնպիսի ընտրություններ, որոնք արժանի են Եվրոպա ձգտող երկրին: Հենց դա կլինի մեր ընդահուր հաղթանակն ու երկրում ժողովրդավարական քաղաքական կարգի ամրապնդումը», - ընդգծել է Վրաստանի վարչապետը:

Նա իր հատուկ ուղերձով դիմում է և՛ իր հիմնադրած քաղաքական ուծին՝ «Վրացական երազանք» դաշինքին, և՛ երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը:

«Դիմում եմ «Վրացական երազանք» դաշինքում միավորված ու նաև այն քաղաքական ուժերին, որոնք պետական մակարդակի հասցված անարդարությունների ու բռնությունների զոհեր են եղել: Այս նախընտրական քարոզարշավում պետք է ապացուցենք, որ վրեժխնդրությունը մեր սկզբունքը չէ: Մեր սկզբունքը ազատությունն է, օրենքի գերակայությունը և հարգանքը հակառակորդի նկատմամբ: Հակառակ դեպքում, եթե մենք նախկին իշխանությունների ներկայացուցիչներին վերաբերվենք այնպես, ինչպես նրանք էին մեզ վերաբերվում, ապա մենք կշարժվենք նույն փակ շղթայով, որից մի տասնամյակ է չենք կարողանում դուրս գալ, որի պատճառով երկիրը այդպես էլ չի կարողացել ոտքի կանգնել», - հայտարարել է Իվանիշվիլին:

Վրաստանի վարչապետը նախկին իշող կուսակցությանը խոստանում է, որ կառավարությունը ամեն ինչ կանի, որպեսզի Միացյալ ազգային շարժումը լիարժեք քարոզարշավ իրականացնի:

Դիմելով իրավապահ մարմիններին՝ դատախազությանը, ոստիկանությանը, Իվանիշվիլին նշում է, որ նախագահական ընտրություններում նրանց գործունեության առաջնահերթությունը հանդիսանում է քաղաքական ազատության ապահովումը:

Մամուլին նա կոչ է անում անաչառ կերպով հանրությանը ներկայացնել ամբողջական ու հավասարակշռված տեղեկատվություն նախագահի թեկնածուների քարոզարշավից, իսկ միջազգային կազմակերպություններին, դիվանագիտական առաքելություններին, միջազգային ու տեղական դիտորդներին Վրաստանի վարչապետը կոչ է անում այսօրվանից սկսած մոնիթորինգային գործընթացում ներգրավել որքան հնարավոր է շատ դիտորդների ու ժամանակին ներկայացնել իրենց դիտողություններն ու առաջարկները:

Բիձինա Իվանիշվիլին համոզմունք է հայտնել, որ նախագահական ապագա ընտրություններում հաղթանակի կհասնեն արժանի թեկնածուները, իսկ պարտվածները համոզմունք կունենան, որ ազնիվ պայքարում պարտությամբ անգամ իրենց ներդրումն ունեցան երկրի ժողովրդավարական զարգացման գործում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG