Մատչելիության հղումներ

Սյունիքի նոր մարզպետը նախագահ դառնալու նկրտումներ չունի


Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանը երկրի նախագահ դառնալու նկրտումներ չունի:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հակոբյանը, ասելով, թե կատակը՝ կատակ, շարունակեց, որ այժմ լրջորեն պատրաստվում է մարզպետի պարտականությունների կատարմանը:

Որդու՝ երկրի նախագահ դառնալու իր ցանկության մասին, հիշեցնենք, խոսել էր Վահե Հակոբյանի հայրը՝ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը: «Մարզպետը դեռ քիչ ա, մեր տղան ավելի բարձր պաշտոնների ա գնալու: Սա դեռ փոքր ա», - հայտարարել էր նա:

Վահե Հակոբյանը 36 տարեկան է, ծննունդով քաջարանցի է, բայց պատգամավոր դառնալուց հետո բնակվում է Երեւանում: Իբրեւ Սյունիքից ընտրված պատգամավոր, լավ ծանոթ է մարզի խնդիրներին:

Նա գտնում է, որ հարկավոր է զարգացել փոքր ու միջին ձեռնարկատիրությունը, աջակցել մասնավոր հատվածի ծրագրերին:

Հարցին, թե վտանգավոր չէ արդյոք, որ մարզպետ է նշանակվել մեկը, որ հավատարմագրային կառավարման հանձնած բիզնեսներ ունի, ում հայրը շատ հաջողակ ձեռնարկատեր է, Հակոբյանն արձագանքեց․ - «Լավ աչքով միայն մեր բիզնեսին չեմ կարող նայել»:

Հարցին, թե արդյոք նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի պաշտոնավարման օրոք Սյունիքում արդարության պակաս, վախի մթնոլորտ կար, նորանշանակ մարզպետն արձագանքեց․ - «Սյունեցին վախեցած չէ»:

«Ցանկացած խնդիր իրանացնելիս կարող են լինել նաև սխալներ, թերացումներ, նաև արդարության հետ կապված խնդիրներ, բայց համատարած այդպիսի գնահատական տալը ես ճիշտ չեմ համարում», - հավելեց նա:

Զրույցի ընթացքում նա շատ զգուշավոր էր նախկին մարզպետին առչվող հարցերում:

Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած մահացու ելքով փոխհրաձգության մասին Վահե Հակոբյանն ասաց․ - «Նման ցավալի դեպքեր մեր հասարակությունում չպետք է տեղի ունենան»:

Նա ձեռնպահ մնաց հետագա մեկնաբանություններից՝ պատճառաբանելով, թե գործը քննության ընթացքում է:

Խաչատրյանների տան մոտ տեղի ունեցած արյունալի իրադարձություններին նախորդած խնջույքից հետո, որին, ի դեպ, ներկա էր եղել նաեւ Մաքսիմ Հակոբյանը, Բուդաղյանների հոր պնդմամբ՝ Սուրեն Խաչատրյանն ու նրա վարորդը ծեծել էին Ավետիք Բուդաղյանին՝ ցանկանալով խլել նրա ունեցվածքը:

Հարցին, թե կարող է հայտարարել, որ իր պաշտոնավարման օրոք նման դեպքեր՝ ունեցվածի վերաբաժանման, խլելու խնդիրներ չեն առաջանա մարզում, Վահե Հակոբյանը (ով, ըստ ներկայացրած հայտարարագրի, միլիարդատեր է) պատասխանեց․ - «Դա տարիների աշխատանքի արդյունք է եղել, նաեւ՝ իմ հոր: Աշխատել ենք, վաստակել ենք, դա մերն է: Ուրիշի ունեցվածքի վրա աչք չունենք: Ընդհակառակը, մենք պետք է մարդկայնորեն միջավայր ապահովենք, որպեսզի բոլորը հնարավորություն ունենան, ցանկություն ունենան, օպտիմիզմով տրամադրվեն, որպեսզի գան Սյունիքում ներդրում անեն»:

Վահե Հակոբյանը բացառեց, որ նշանակումը խնդիրներ առաջացնի նախկին մարզպետի հետ․ - «Կառավարության որոշմամբ նշանակել են ինձ որպես Սյունիքի մարզպետ, և ես պետք է իրականացնեմ կառավարության բոլոր գործառույթները տարածաշրջանում: Այդտեղ ես որեւէ խնդիր չեմ տեսնում»:
XS
SM
MD
LG