Մատչելիության հղումներ

Հուլիսի 10-ի մամուլ


Գնահատելով քննչական մարմնի որոշումը՝ մեղադրանք առաջադրել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի վիրավորներին մեկին՝ Արտակ Բուդաղյանին՝ «Ժամանակ» օրաթերթը գրում է․ - «Սա պարզապես հերթական ցինիզմն է հասարակության հանդեպ, որով իշխանական համակարգը ցույց է տալիս, որ կարող է մեղադրել ցանկացածին, և որ իր համար զոհն ու դահիճը որոշվում են բոլորովին այլ կատեգորիաներով: Այս ամենի պատասխանատուն անկասկած Սերժ Սարգսյանն է, որովհետև պատահական չէ, որ Լիսկայի գործով նա այդպես էլ որևէ բան չասաց, ինչպես որևէ բան չասաց «Հարսնաքարի» գործով: Այսինքն` եթե Սերժ Սարգսյանը հրապարակավ չի փորձում որևէ սկանդալային առիթով հայտարարություն անել և միավորներ հավաքել, ուրեմն նա մտադիր է պահել յուրայիններին մինչև վերջ` պարզապես մի փոքր դադար վերցնելով և ժամանակավոր «զիջումների» գնալով: Եվ ուրեմն` Սերժ Սարգսյանն, ըստ ամենայնի, որոշել է, որ զիջումների լիմիտն ու ժամանակը անցել է, և եկել է Լիսկայի որդուն ու թիկնապահին արդարացնելու ժամանակը: Սա հիրավի եվրաքաղաքակրթական պահվածք է, և Լիսկան կարող է դառնալ Սերժ Սարգսյանի եվրաինտեգրացիայի քայլող խորհրդանիշն ու թալիսմանը»:

Թեման շարունակում է «Առավոտ»-ի խմբագիրը․ - «Ի՞նչ օգուտ է ունենալու, օրինակ, որ Լիսկայի և նրա ընտանիքի վերաբերյալ որևէ երկիր և որևէ միջազգային ատյան դատապարտող որոշում կամ հայտարարություն ընդունի: Մեր կյանքը լավանալո՞ւ է նրանից, որ նրան ու Զարզանդին, ենթադրենք, արգելեն մուտք գործել Մեծ Բրիտանիայի լորդերի պալատ: Բացարձակապես: Կարևորն այն է, որ նրանց հաջողվել է «ջրել» նախորդ գործերը, իսկ հիմա Սուրիկ Խաչատրյանը կարողացել է վարձել ամենալավ փաստաբանին: Բայց դա դեռ ոչինչ. շատ ավելի կարևոր է, որ մեկ այլ փաստաբան ունի՝ ի դեմս զինդատախազ Գևորգ Կոստանյանի, որն արդեն հասցրել է անել մի շարք «լիսկայամետ» հայտարարություններ (չնայած դա, որքան հասկանում եմ, դատախազի գործը չէ): Իսկ առավել կարևորն այն է, որ նախկին մարզպետի երրորդ փաստաբանն է լինելու դատավորը, որը, ըստ ամենայնի, որոշում կընդունի, թե Լիսկայի ընտանիքը զբաղված էր անհրաժեշտ ինքնապաշտպանությամբ: Հիմա ի՞նչն է ավելի կարևոր՝ որ Հայաստանում նորմալ նախաքննություն և արդար դատավարությո՞ւն իրականացվի, թե՞ որ, ասենք, Պետդեպարտամենտը իր տարեկան զեկույցում նշի, որ մեր քննչական և դատական մարմինները անկախ չեն գործում»:

«Այս գործը հատկանշական է նրանով, որ երկու կողմերը մոտ են իշխանությանը և հավասար «քաշային կարգում» են: Հույս կար, որ այս պարագայում զուտ իրավական որոշում կկայացվեր: Սակայն, ըստ ամենայնի, որոշվել է այնպես անել, որ կողմերը «նվազագույն կորուստներ» ունենան: Դրանից ելնելով էլ չի բացառվում, որ Բուդաղյանին շանտաժ են անում, «համոզելով» մեղադրանք չներկայացնել անձամբ Սուրիկ Խաչատրյանին, հակառակ պարագայում սպառնալով մեղադրել զինված հարձակման և թիկնապահին վիրավորելու մեջ», - գրում է lragir.am-ը:

«Ժողովուրդ» օրաթերթն անդրադառնում է «Թրանսպերենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի՝ երեկ հրապարակած զեկույցին, ըստ որի Հայաստանում կոռուպցիոն վիճակը վատթարացել է․ - «Ստացվում է, որ հանրությունը մազաչափ անգամ չի վստահում կոռուպցիայի դեմ պայքարի, «ատկատների», մեծ ձկներին գլխից բռնելու Սերժ Սարգսյանի հրապարակային ելույթներին, քանի որ տեսնում է, որ դրանց կոնկրետ քայլեր չեն հետևում: Եթե փոձենք վերհիշել անցած սեպտեմբերին Սերժ Սարգսյանի՝ Կառավարությունում անցկացրած հայտնի խորհրդակցությանը հաջորդած ամիսներին իրականացված հակակոռուպցիոն քայլերը, ապա, բացի մի քանի մանր֊մունր բացահայտումներից, որևէ «մեծ ձկան գլխից բռնելու» դեպք այդպես էլ չենք գտնի: Ու եթե անգամ նախընտրական տարում իշխանությունը բավարարվեց ընդամենը դատարկ հայտարարություններով, ապա հետընտրական ժամանակահատվածում սպասելի է, որ կոռուպցիայի դեմ պայքարի թեկուզ փիառ դրսևորումներն էլ կվերանան: Եվ ամենևին պատահական չէր, որ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի ներկայացրած հաշվետվությունը, որն ըստ էության պետական ողջ ապարատի համատարած ու համակարգային կոռուպցիայի արձանագրում էր, արժանացավ Սերժ Սարգսյանի աննախադեպ կոշտ պարսավանքին: Այսինքն՝ երկրի ղեկավարը հրապարակավ մեղադրեց ՎՊ-ի նախագահին կոռուպցիան բացահայտելու մեջ՝ այդ ընթացքում անհասկանալի մեկնաբանություններ անելով պալատի գործառույթների մասին: Ի դեպ, նշենք, որ ի տարբերություն «ատկատների» կամ նմանատիպ հաթաթայաշատ խորհրդակցությունների, այս դեպքում նկատելի էր Սերժ Սարգսյանի վրդովմունքի անկեղծությունը»:

«Չորրորդ իշխանության» մեկնաբանը նկատում է․ - «Տիգրան Սարգսյանը ձևացնում է, թե ինքը կապ չունի օֆշորային սկանդալի հետ, իշխանությունները ձևացնում են, թե հավատում են նրան, հասարակությունը ձևացնում է, թե այդ ամենն իրեն առանձնապես չի հետաքրքրում և այլն: Մի խոսքով՝ իսկական թատրոն: Բայց կյանքը ժամ առ ժամ թանկանում է, ընդ որում՝ ոչ թե բեմի վրա, այլ իրական կյանքում: Հետաքրքիր է՝ ո՞ւմ նյարդերը տեղի կտան առաջինը»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG