Մատչելիության հղումներ

«Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի «Երևանյան պրեմիերաներ» արտամրցութային ծրագիրը, որը հնարավորություն է տալիս կինոարվեստի սիրահարներին դիտել անվանի կինոռեժիսորների բոլորովին վերջերս նկարահանած և Հայաստանում առաջին անգամ ցուցադրվող ֆիլմերը, այս տարի բացում է գերմանացի անվանի կինոռեժիսոր Մարգարետե Ֆոն Թրոթայի «Հաննա Արդենտ» գեղարվեստական ֆիլմով (2012թ․):

Ֆիլմի ցուցադրությանը նախորդած ասուլիսում «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը, ներկայացնելով Մարգարետե Ֆոն Թրոթային շեշտեց, որ նա դեռ անցյալ դարի 70-ականներից գերմանական կինոյի խոշորագույն դեմքերից մեկն է, ում նկարահանած ավելի քան 2 տասնյակ ֆիլմերը ոչ միայն լուրջ մտորումների, այլև հաճախ շոտ լուրջ և բուռն քննարկումների տեղիք են տվել:

Ֆոն Թրոթան այսօր ասաց, որ կինո մուտք է գործել իբրև դերասանուհի, կինոյի որևէ դպրոց չի անցել»․ - «Շատ աղքատ էինք ապրում, ես չէի կարող անգամ երազել կրթության մասին: Բայց այդ տարիներին Փարիզում կինոթատրոնի մեկ տոմս գնելով, կարող էիր դուրս չգալով կինոթատրոնից տարբեր ժամերի տարբեր ֆիլմեր դիտել: Ահա հենց այդ ժամանակահատվածն էլ ինձ համար կինոյի դպրոց դարձավ»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչու վճռեց ոչ թե շարունակել դերասանական կարիերան, այլ կինոռեժիսոր դառնալ, Մարգարետե Ֆոն Թրոթան պատասխանեց, որ այդ տարիներին հատկապես Գերմանիայում անհնար էր պատկերացնել, որ որևէ կին կարող է ռեժիսոր դառնալ»․ - «Երբ առաջին ֆիլմս նկարահանեցի, այլևս երբեք ինքս չնկարահանվեցի, որովհետև հասկացա, որ միայն նկարահանելով և ոչ թե նկարահանվելով կկարողանամ ողջ հույզերս, մտորումներս, հոգեկան ողջ ապրումներս նվիրվել կինոարվեստին: Կինոդերասանուհի լինելը միջոց էր կինոռեժիսոր դառնալու համար»:

Ինչ վերաբերում է «Հաննա Արդենտ»-ին, նա ասաց, որ շատ հուզիչ ֆիլմ է, պատմում է հրեական ծագումով գերմանացի փիլիսոփա Հաննա Արդենտի մասին: Նա ի դեպ մեծ փիլիսոփա Մարտին Հայդեգերի մեծ սերն է եղել․ ուսանել է նրա մոտ, ապա աշխատել որպես քարտուղարուհի:

1961 թվականին Նյու Յորքից մեկնելով Երուսաղեմ Հաննա Արդենտը «Նյույորքեր» հանդեսի համար լուսաբանում էր Ադոլֆ Այխմանի դատավարությունը: Նրա հոդվածները զայրույթ են հարուցում աշխարհում: Նա Այխմանին համարում էր ոչ թե հրեշ, այլ գրագետ մարդասպան, որը ձգտել է հնարավորինս լավ կատարել իր առաջադրանքը:

Արդենտի այս ընկալումն արժանանում է արհամարհանքի, զրպարտության, կորցնում է վաղեմի բարեկամներին:

Մարգարետե Ֆոն Թրոթան նշեց, որ ինքն էլ սուր քննադատության է արժանացել այս ֆիլմի համար, որը բուռն քննարկումներ է հարուցել՝ հատուկ ընդգծելով, որ ինքը որևէ կերպ չի արդարացնում նացիստներին:
XS
SM
MD
LG